Ինքնասպանության մտքից մինչև ունեցվածքի կորուստ. խաղամոլության դեպքերն աճել են, արդյո՞ք ոլորտը կսահմանափակվի. դիտարկումներ Zarkerak - Ինքնասպանության մտքից մինչև ունեցվածքի կորուստ. խաղամոլության դեպքերն աճել են, արդյո՞ք ոլորտը կսահմանափակվի. դիտարկումներ
Zarkerak Zarkerak - Ինքնասպանության մտքից մինչև ունեցվածքի կորուստ. խաղամոլության դեպքերն աճել են, արդյո՞ք ոլորտը կսահմանափակվի. դիտարկումներ
Ինքնասպանության մտքից մինչև ունեցվածքի կորուստ. խաղամոլության դեպքերն աճել են, արդյո՞ք ոլորտը կսահմանափակվի. դիտարկումներ

Ինքնասպանության մտքից մինչև ունեցվածքի կորուստ. խաղամոլության դեպքերն աճել են, արդյո՞ք ոլորտը կսահմանափակվի. դիտարկումներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Խաղամոլության դեպքերը վերջին շրջանում գնալով աճել են, 2024 թվականին մեզ դիմողների թիվը հասել է 100-ի»,-Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեց Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբույժ Աղասի Դավթյանը:

Դավթյանի խոսքով՝ այս ամենի պատճառն ավելի շատ հասանելիությունն է. «Եթե առաջ մարդիկ պետք է ժամանակ տրամադրեին, գնային ինչ-որ իքս վայր՝ խաղադրույք կատարելու, ապա հիմա հեռախոսի կամ համակարգչի միջոցով այդ ամենը բավականին հեշտացված է: Մոտ 3 տարի է, որ զբաղվում ենք խաղամոլությամբ, տարեցտարի ցուցանիշներն ավելացել են, այս տարիներին դիմելիությունն էլ է բարձրացել, որը գովելի է, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ հաճախ ներկայացնում ենք, որ նմանատիպ խնդրիների դեպքում կարող եք դիմել և ձեր խնդրին լուծում տալ»:

Աղասի Դավթյան

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի  հոգեբույժը նշեց, որ ՀՀ-ում խնդիրը մտահոգիչ է, թե որքանով են մարդիկ գիտակցում իրենց կախվածության մասին և դիմում՝ նա նշեց. «Կախվածություն ունեցող մարդկանց  մեծամասնությունն ինքն իրեն չի գիտակցում, որ ունի կախվածություն, մինչև չի հասնում այն պահը, որ կա՛մ հարազատի հետ կապված խնդիրներ է ունենում, կա՛մ անձնականի, սակայն որոշակի առումով հնարավոր է լինում այդ մարդկանց ուղղորդել ու բերել բժշկի մոտ: Այժմ մոտ 10 անձ բուժվել է, նրանց հետ կապը պահում ենք, մնացածի դեպքում տարբեր է, լինում է՝ լավ են լինում ու կապ չեն հաստատում, քիչ են եղել դեպքերը, երբ տեղեկացել ենք, որ նորից խաղալը վերսկսել են»:

Նշենք, որ ըստ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝  ՀՀ-ում խաղադրույքների ծավալը 2023-ին 2018-ի համեմատ աճել է 20 անգամ: Պատգամավորն առաջարկել է նախագիծ, որով պետք է բարձրացվի շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը:

«Առաջարկվում է առկա հարկերից ու տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ»,- ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Հայկ Սարգսյանը:

 

Հայկ Սարգսյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշել է, որ շրջանառության հարկը ոլորտի կազմակերպությունների համար պետք է լինի առնվազն 20 տոկոս. «Զարմանալի թիվ է, որ հարկերը կազմում են շրջանառության 0.5 տոկոսը, սա ողբերգություն է»: Հայկ Սարգսյանն էլ հավելել է, որ եթե քննարկումների ընթացքում հասկանան, որ կարող են բեռը դարձնել 20 տոկոս, ապա պատրաստ է ընդունել այդ առաջարկը:

Հայկ Սարգսյանը կառավարությանը սկզբում 3 տարբերակ է առաջարկել. «Առաջին տարբերակ՝ օրենքով արգելել բոլոր տեսակի շահումով խաղերը, մոլախաղերը և բուքմեյքերական գործունեությունը՝ ինչպես օրինակ ԱՄԷ-ում, Կատարում, Իրանում, ԱՄՆ որոշ նահանգներում: Գործունեության արգելքը կբերի նրան, որ այս ուղղությամբ մեր քաղաքացիների կողմից ծախսվող գումարները կուղղվեն տնտեսության այլ ճյուղեր: Երկրորդ տարբերակը՝ աշխարհում կա նման փորձ, որ նման գործունեությամբ զբաղվող ընկերությունները բացառապես պետական ընկերություններն են: Այդ երկրներն են Սինգապուրը, Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և այլն»:

Ըստ պատգամավորի՝ ընկերությունների համար ամենաթույլ տարբերակն է եղել 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելը. «Առայժմ գնում ենք երրորդ տարբերակով»: Սարգսյանը նաև ընդգծել է, որ միգուցե նաև քննարկեն և առաջիկայում գնան ընկերությունները փակելու ճանապարհով:

Ի դեպ, նշենք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ նշեց.  «Հազարավոր մարդիկ են ոլորտներում աշխատում, հարկեր են վճարվում, դա է պատճառը, որ մենք ոչ թե կողմնակից ենք դրանք փակելուն, այլ ՀՀ քաղաքացիների խաղալու հնարավորությունը սահմանափակելուն»:

Առաջարկվող փոփոխությունները՝ ըստ Աղասի Դավթյանի բավականին ցուցանիշը կնվազեցնեն, բայց բացի այդ ամենը՝ ըստ նրա, շատ կարևոր է մարդկանց կրթական մակարդակը բարձրացնել. «Ոչ միշտ է սահմանափակումը տալիս այն արդյունքը, որը մենք ակնակալում ենք, դրա համար ավելի թիրախային պետք է լինի մարդկանց կրթական մակարդակը բարձրացնելը, որ մարդիկ գիտակցեն ու չգնան այդ քայլին, դա այնքան էլ արգելված պտուղ չէ, դրա հետևանքները քաղցր չեն լինում, մարդիկ պետք է ինքնուրույն որոշում կայացնեն, որ չեն խաղում ու երբեք չփորձեն: Մի մարդ, ով խնդրի ունի և՛ ինտելեկտի հետ, և՛ կրթության հետ, իր հետ մի քիչ դժվար է լինում հասնել այն կետին, որ ինքը գիտակցի, որ ունի կախվածություն: Ամեն ինչ սկսվում է զվարճանքից, ժամանակի ընթացում վերահսկողությունը կորցնում են, արտաքին հակումն է ձևավորվում ու արդեն կախվածություն է առաջանում ազարտային խաղերից»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ խաղամոլությունը երբեմն հանգեցնում է նաև ինքնասպանության մտքի. «Մի բան պարզ է՝ հաճախ է լինում, որ խաղամոլությամբ տառապող մարդկանց մոտ ինքնասպանության մտքեր են լինում, երբ պարտքեր են կուտակում, կամ իրենց ապրելակերպի պատճառով հարազատ են կորցնում: Օրինակ, երբ խաղամոլությունը բերում է նրան, որ իրենք կորցնում են տունը, էլ ապրելու մեջ իմաստ չեն տեսնում և սխալ որոշումներ են կայացնում, իսկ այդ ժամանակ, երբ նրանց կողքին լինում է հարզատ մարդ, հասկանում է խնդիրը, ժամանակին փորձում է ինչ-որ կերպ ազդել հարազատի վրա ու տանել բժշկի, արդեն հնարավոր է լինում նրանց կյանքը փրկել»:

Մեր այն հարցին, թե որքան ժամանակում են մարդիկ կարողանում ազատվել այդ կախվածությունից՝ Դավթյանը նշեց. «Մենք իրականացնում ենք դեղորայքային բուժում, նաև ունենք հոգեթերապևտ, ով աշխատում է հիվանդների հետ: Կախվածությունից ազատվելն էլ անհատական է, որոշների մոտ կստացվի դա ամիսների ընթացքում, որոշների մոտ կարող է տևել տարիներ, դա էլ և՛ ապրելակերպից է կախված, և՛ կրթական մակարդակից, և՛ մենթալիտետից: Ամենակարևորն այն է, որ ընդունեն, որ խնդիր ունեն ու ունենան կամք այդ ամենի միջով անցնելու»:

Աղասի Դավթյանը հավելեց, որ կախվածությունների ցանկում դիմելիության առումով խաղամոլութունը երրորդ տեղում  է:

 

Աննա Բզնունի

07 Փետրվար, 2025 13:24
Վեր