Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Վերջ ի վերջո, առաջին անգամ հայերենով երկխոսություններով լի ֆիլմը մտավ պատմության մեջ: Չափազանց ուրախալի է տեսնել «Օսկար» մրցանակաբաշխության բեմին հայ դերասանների, եթե նրանցից Կարեն Կարագուլյանը ԱՄՆ-ից է և էթնիկ հայի պատկանելիություն ունի, ապա Վաչե Թովմասյանը հենց ՀՀ -ից է գնացել ԱՄՆ, և իրենք հենց հայ կերպարների էլ խաղում են, հայերեն են խոսում», - Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը՝ անդրադառնալով «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչված ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» կատակերգական դրամային, որում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Վաչեն Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում կայացած «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը լավագույն ֆիլմ ճանաչված «Անորա»-ն հաղթել է նաև «Լավագույն գլխավոր դերասանուհի», «Լավագույն սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։
«Ֆիլմի անցած ճանապարհը, մասնավորապես Կաննի կինոփառատոնում ստացած «Ոսկե արմավենու ճյուղը» և հետագայում էլ «Ոսկե գլոբուս»-ում ներկայացված լինելն էլ որոշակի կանխազգացողություն էր ստեղծում, որ ֆիլմն «Օսկարին» նույնպես առնվազն ձեռնունայն չի մնա: Թե քանի «Օսկար» կստանա և կոնկրետ որ անվանակարգերում, այստեղ միշտ կա որոշակի անկանխատեսելիության գործոն»,- նշեց Կարեն Ավետիսյանը:

Նկատեց՝ ֆիլմի նմանօրինակ հաջողությունը մի կողմից ոչ շատ սպասելի էր, մյուս կողմից էլ ոչ խիստ անկանխատեսելի.«Միևնույն ժամանակ «Օսկարն» ավելի կանխատեսելի է, քան կինո փառատոնները, որովհետև ամեն դեպքում «Օսկար»-ին հազարավոր մարդիկ են քվեարկում, ավելի լայն շերտ է ընդգրկված և հնարավոր է միջինացված ինչ-որ կարծիք փորձել դուրս բերել»:
Ըստ մեր զրուցակցի, «Անորայի» հանդեպ հայ հանրության հատուկ ուշադրությունն էլ շատ սպասելի էր.«Մենք հատկապես կենտրոնացած ենք ֆիլմի վրա՝ ելնելով հայկականության համատեքստից, ինչը նույնպես օրինաչափ է: Սա մեդալի մի կողմն է, բայց մյուս կողմից էլ պետք չէ այս փաստը գերագնահատել ու շատ ֆիքսվել հենց հայկական շերտի վրա: Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ դա ամերիկյան կինո է, հայկական շերտի կողքին կա ռուսական, պոստսովետական շերտ, քանի որ գլխավոր հերոսուհու նախնիները Ուզբեկստանից էին, և ընդհանրապես ԱՄՆ-ն էմիգրանտական երկիր է, և Շոն Բեյքերն էլ այն ռեժիսորն է, որն ուսումնասիրում է ընդհատակյա ԱՄՆ-ն, որը լի է բազմազանությամբ»,- նշեց նա:

«Միայն հայերը չեն, որ ասում են՝ հայազգի դերասանները համուհոտ են տվել ֆիլմին, դա այն առաջադրանք էր, որը դրված էր ռեժիսորի կողմից՝ և՛ սցենարում, և՛ արդեն նկարահանման հրապարակում: Ֆունկցիոնալ առումով Կարեն-Վաչե տանդեմը բացի սցենարական զարգացումներին օգնելուց նաև ունեին հենց այդ կոլորիտը փոխանցելու առաքելություն, կար հումորի մասն ապահովելու խնդիր, որը պետք է կոնտրաստի մեջ մտներ դրամայի հետ: Պետք է լինի հումոր, հետո լինի դառնություն և այդ դառնությունը ու հումորը երկբևեռ լինեն ֆիլմում, մի բևեռի պատասխանատուները մեր հայրենակից դերասաններից են»:
Ինչ վերաբերում է ֆիլմում Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի ներկայացրած հայերի կերպարների շուրջ քննադատություններին, Ավետիսյանը նշեց՝ միանշանակ պետք չէ ֆիքսվել, թե ինչպես է ներկայացված հայերի կերպարը. «Հանուն արդարության, այդ կերպարները որքան էլ մեզ դուր չգան, նույնպես մեր մի մասն են, ոչ մեկը չի ասել, որ մենք միշտ պետք է ներկայացված լինենք որպես կիրթ, լուսավորյալ ու վեհանձն: Չկա նման արտահայտություն՝ ազգին ճիշտ կամ սխալ լույսի ներքո ներկայացնել, ճիշտ լույսի ներքո ասվածը այս կամ այն ազգերի ցանկություն է՝ աշխարհին ներկայանելու հարցում: Կողմնակի հայացքով նայելիս ԱՄՆ-ում շատերը կմտաբերեն հարյուրավոր նմանատիպ մեր հայրենակիցների: Այստեղ արվեստագետը միտում չունի ներկայացնել կերպարը հաճոյանալու համար, այլ խնդիր ունի ներկայացնել այնպես, ինչպես ինքը դա պատկերացնում է»:

Ըստ Կարեն Ավետիսյանի, ֆիլմը փոքր բյուջեով էր նկարահանված՝ առնվազն հոլիվուդյան մասշտաբներով.«Ամերիկյան անկախ կինոյի համայնքը ներկայացնող ֆիլմ է, իսկ Շոն Բեյքերը հենց այդ հեղինակային կինոյի ներկայացուցիչն է, ինչպես ժամանակին Տարանտինոն էր: Սա Բեյքերի պրիզմայով և իր տիրույթում հերթական ֆիլմն է՝ ընդհատակյա Ամերիկայի, սեքս աշխատողների մասին»:
Նա նշեց, որ ֆիլմում կարող ենք ականատես լինել Մոխրոտիկի պատմությանը. սա թեմա է, որը դրամատուրգիայում պարբերաբար շրջանառվում է՝ հանդես գալով տարբեր միջավայրերում:
Կարեն Ավետիսյանի խոսքով, դեռ Կաննի կինոփառատոնի ժամանակ էլ ուվագծվում էր, թե որն է ֆիլմի, այսպես ասած, գլխավոր արժանիքը.«Շատերը հոգնել էին ծանր, էքզիստենցիալ հեղինակային կինոյից, այստեղ տեսան որոշակի թեթևություն, կյանքին մոտ, ճանաչելի իրողություն և հոսք, որին տրվում ես ֆիլմը դիտելիս: Առանց հավակնությունների բարձրացնելու շատ մեծ ու տիեզերական հարցեր՝ ֆիլմը ցույց է տալիս տարբեր վայրիվերումներ կյանքի ավելի փոքր մոդելում»:



