Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հույսի և չհույսի մասին չէ խոսքը, դա մեր աշխատանքն է և այն մտադիր ենք հետևողականորեն անել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդչրադառնալով հարցին, թե հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի այս տարվա ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ անգամ երկրի ներքին կյանքում ծրագրերը, որոնք դրվում են սեղանին, այնպես չէ, որ միանգամից ստացվում են.«Սկսած պարեկային ոստիկանությունից, մինչև 500 դպրոց, 300 մանկապարտեզ ծրագիր, ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն, դա մեր աշխատանք է, մեր օրակարգն է»:
Հարցին, արդյոք Ադրբեջանի պահանջներին հետևելով ՀՀ-ն կարող է մեղմացնել մեր երկրի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցնելու պայմանները, նա արձագանքեց. «Ոչ մի մեղմացման մասին խոսք լինել չի կարող, մենք մեր դիրքորոշումը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ շատ վաղուց ներկայացրել ենք, այդ թվում այն նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն: Այդ նախագծի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»:
Վարչապետը նշեց, որ այս մասին Ադրբեջանին ուղարկվել է գրավոր առաջարկ. «Գրավոր առաջարկին գրավոր պատասխան չենք ստացել, կան այլևայլ մեկնաբանություններ, բայց կարծում եմ այդ պրոցեսը պետք է ճիշտ հասկանանք, նախագիծն իրականացման ընթացքում ունի նրբություններ և այդ նրբությունների շուրջ պետք է աշխատել: Հենց «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում մենք պատրաստ ենք պարզեցումների, 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն»:
Վարչապետը նշեց, որ առաջարկել են բացել երկաթուղային հաղորդացությունը Հորադիզ-Երասխ գծի վրա և իրականացնել բեռանփոխադրումներ Ադրբեջանից-Ադրբեջան ՀՀ տարածքով. «Հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումներին»:
Նշեց՝ պատրաստ են նույն պայմաններով ինչ Իրանն է պատրաստ՝ ճանապարհ տալ Ադրբեջանին.«Որպեսզի ի ցույց դնենք թե այն ընկալումը, որ Ադրբեջանին կարող են ընդունելի չլինել, իրականությունը չեն համապատասխանում»: