Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մասուդ Փեզեշքիանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցի հետ կապված բավականին պարզ և հանրամատչելի ամեն ինչ բացատրել է ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: Հայաստանի տարածքով միջանցքի անցկացումը նրանց համար շարունակում է մնալ կարմիր գիծ, և նրանք հստակ արդեն քննարկում են այդպիսի ճանապարհի անցկացումն Իրանի տարածքով, որը կարող է կապել Ադրբեջանը Նախիջևանի հետ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Թե ինչու է միջանցքի հարցն Իրանի համար շարունակում կարմիր գիծ մնալ՝ Ստեփանյանը նշեց. «Իրանում շատ լավ հասկանում են, որ եթե կորցնում են Հայաստանի հետ ընդհանուր սահմանը, այն փոքր պատուհանը, որով նրանք կարողանում են շփվել աշխարհի հետ՝ ևս կորցնում են: Եթե մենք հաշվի առնենք այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Իրանի բոլոր սահմանների երկայնքով վերջին տարիներին, մենք հասկանում ենք, որ Իրանը հետևողականորեն շրջապատվում է իր թշնամիների կողմից, որոնց հետևում առաջին հերթին կանգնած են Իսրայելն ու Թուրքիան, և Իրանը, այս ամենը լավ հասկանալով, շատ մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ սահմանի անխախտելիությանը»:
Մեր այն հարցին, թե Բաքվի համար, որքանով է կարևոր Իրանի տարածքով կառուցվող ճանապարհը՝ քաղաքագետն ընդգծեց. «Եթե Ադրբեջանը հույսը կորցնում է, որ կարող է ստանալ Հայաստանի տարածքով ճանապարհ այն պայմաններով, որով նա ուզում է, իսկ այդ պայմանները Հայաստանի պետականության հետագա պահպանման հետ անհամատեղելի են, այսինքն՝ մեզ համար չեն կարող ընդունելի լինել, Իրանի տարածքով ճանապարհն իրենց համար միակ այլընտրանքն է: Ես չեմ կարծում, որ Ալիևը հրաժարվելու է այդ մտքից՝ ստանալ այդ ճանապարհը Հայաստանի տարածքով, բայց այս պահին գործող աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում դա անհնար է»:
Անդրադառնալով Փեզեշքիանի այն հայտարարությանը, որ կողմերը պետք է տարածքային պահանջներ չունենան միմյանցից՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Իրանը որևէ փոփոխություն իր դիրքորոշումներում չի արձանագրում և դա նորություն չէ: Չեմ կարծում, որ այս հարցում որևէ ընկալում կարող է լինել Ադրբեջանի կողմից, որովհետև Ադրբեջանն ակնհայտ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ: Հայաստանը նույնիսկ այն տարիներին, երբ ԼՂ-ն դե ֆակտո անկախ պետություն էր, նույնիսկ այդ ժամանակ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ չուներ և դա բոլորը գիտեն: Որևէ մեկն աշխարհում չի մտածում, որ Հայաստանն այս պահին կարող է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալ, երբ տեղի է ունենում լրիվ հակառակ պրոցեսը»:
Խոսելով նաև Ալիև-Փեզեշքիան հանդիպումից հետո տարածված հայտարարության մասին՝ ըստ որի, տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և նաև 3+3 ձևաչափի մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Իրանը հետևողականորեն հանդես է գալիս այդ դիրքորոշմամբ, որ արտատարածաշրջանային ուժեր չպետք է լինեն Հարավային Կովկասում: Այդ ուժերը վաղուց գտնվում են մեր տարածաշրջանում, օրինակ՝ Չինաստանի տեսքով՝ և՛ Ադրբեջանում, և՛ Վրաստանում, եթե համարենք արտատարածաշրջանային ուժ ԵՄ դիտորդական առաքելությունը, ապա նրանք էլ են գտնվում այստեղ: Ինչ վերաբերում է 3+3-ին, ես ի սկզբանե պնդել եմ, որ սա մեռյալ նախաձեռնություն է: Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մեր տարածաշրջանում ունեն շահերի ավելի շատ հակասություններ, քան նույնականացումներ, այնպես որ 3+3-ը չի կարող ունենալ հաջող զարգացում և իհարկե, այդ հարթակում չի կարող լինել խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սա ուղղակի հարթակ է, որը հորինվել է, որպեսզի ցույց տրվի, որ այս հարցում միասնականություն է եղել Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումներում: Իրենք երեքն էլ ուզում են տարածաշրջանում հարցեր լուծել՝ առանց ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի, բայց սա իրականությանը չի համապատասխանում»:
Մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Բաքուն իր ծրագրերի իրականացման գործում փորձի ներքաշել նաև Իրանին՝ Ստեփանյանը նշեց. «Բաքուն շատ կուզեր այդպիսի սցենար մշակել և ոչ միայն Բաքուն, առաջին հերթին դրան կձգտեր ՌԴ-ն ու Թուրքիան, բայց սա անհնար է: Սակայն սա չի նշանակում, որ Իրանը չի ձգտելու Ադրբեջանի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, բայց նորից եմ ասում այդ հարաբերություններում հակասություններն ավելի շատ են, քան նույնական դիրքորոշումները»:
Այս ամենի համատեքստում քաղաքագետն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական ներկայիս բանակցություններին՝ նշելով, որ դրանք վերջին 1-2 ամսվա ընթացքում մտել են փակուղի. «Այս պահին չկա ուժ, որն Ադրբեջանին կստիպի գնալ այդ բանակցություններին, եթե այդպիսի ուժ եղել է ԱՄՆ-ի տեսքով Ջո Բայդենի ժամանակ, հիմա այդպիսի ուժ չկա: Բանակցությունները մտել են փակուղի, որովհետև Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, որոնք հնարավոր չէ իրականացնել և դա հատուկ է արվում, որպեսզի բանակցային գործընթացը մտնի փակուղի և ժամանակ են ձգում: Մինչև Ադրբեջանի վրա չլինի արտաքին ճնշում, նա տեղից չի շարժվելու»:


