Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2024-ի ընթացքում արձանագրվել է անչափահասների նկատմամբ բռնության 529 դեպք, որից ընտանեկան բռնության՝ 88, այդ թվում՝ 7-ը առողջությանը թեթև վնաս պատճառել, 1՝ հղիության արհեստական ընդհատման հարկադրել, 2՝ թրաֆիքինգ, 10՝ հոգեկան ներգործություն, 53՝ ֆիզիկական ներգործություն, 2՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություն, 9՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 1՝ պոռնկագրական նյութեր պատրաստել, 1՝ առողջությանը ծանր վնաս պատճառել, 1՝ ազատությունից ապօրինի զրկել, 1՝ առևանգման դեպք:
2023-ին արձանագրվել է անչափահասների նկատմամբ բռնության 538 դեպք, որոնցից ընտանեկան բռնության՝ 16»,-Zarkerak.am-ի հետ զրույցում այս ցուցանիշները ներկայացրեց ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը:

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ 2022-ից հետո էականորեն աճել է անչափահասների նկատմամբ կատարվող բռնության դեպքերի արձանագրումը՝ պատճառը օրենսդրական փոփոխություններն են.«Եթե նախկինում նյութեր էին նախապատրաստում քրեական գործ հարուցելու համար, որի արդյունքում հնարավոր է նաև քրեական վարույթ չնախաձեռնվեր և ինֆորմացիան կենտրոնում վիճակագրության մի զգալի մասը չարտացոլվեր, փոփոխություններից հետո արդեն բոլոր դեպքերով պարտադիր քրեական վարույթ է նախաձեռնվում և բոլոր հաշվառումները տեղի են ունենում»:
Անչափահասների նկատմամբ 2023-ի համեմատ 2024-ին բռնություն գործադրելու վիճակագրությունը նվազել է, սակայն ընտանեկան միջավայրում ունենք արձանագրված դեպքերի աճ.«Երեխաների նկատմամբ հանցագործություններից կարող ենք առանձնացնել նաև գույքի հափշտակությունները, գողությունները: Սպանությունների վիճակագրությունը անցնող երկու տարիներին նույնն է՝ 2: Ընտանեկան միջավայրից դուրս մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը 2024-ին կազմել են 168, 2023-ին՝ 176, հոգեկան ներգործության դեպքերը 2024-ին՝ 36, 2023-ին՝ 44: 2024-ին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու 9 դեպք է արձանագրվել, 2023-ին՝ 12 դեպք: 2024-ին արձանագրվել է ծանր մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպք, 2023-ին՝ 10»:
Այն միջավայրը, որտեղ երեխան ավելի հաճախ է գտնվում, ըստ Էդգար Պետրոսյանի, հենց դառնում է ամենառիսկայինը.«Առաջին հերթին ընտանիքն է, նաև դպրոցը՝ ռիսկայնությամբ կարելի է ասել հավասար են: Հիմա դպրոցներում տարածված է նաև բուլին-գը, որը եղել է և լինելու է: Սակայն շատ ծնողներ բուլինգը դեռ չեն նույնականացնում, եթե դիմում են ոստիկանություն բուլինգի դեպքերը ներկայացնում են ֆիզիկական կամ հոգեկան ներգործության դեպքեր: Ծնողներն այս խնդրով սկսել են ավելի հաճախ դիմել», - ասաց ՆԳՆ ներկայացուցիչը:
Նաև ընդգծեց, որ Գեղարքունիքի մարզում տարածված է երեխաների նկատմամբ ֆիզիկական, նաև սեռական բռնությունն ընտանեկան միջավայրում, իսկ ընտանեկան միջավայրից դուրս ռիսկերն ավելի շատ են Արարատի մարզում.«Որքան երեխայի տարիքը փոքր է, այնքան ռիսկերն ավելի մեծ են: Հատկապես մինչև 12-13 տարեկանը երեխաներն ավելի անօգնական վիճակում են՝ իրենց հետ կատարվածը բացատրել չկարողանալու առումով»:

Էդգար Պետրոսյանը նաև նշեց, որ ընտանեկան բռնության դեպքերը շատ ավելի են, ու արվող բացահայտումները խնդրի դեմ պայքարելու հարցում բավարար չենք կարող համարել.«Անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները լատենտային են, մենք պայքարում ենք դրա վերացման դեմ: Պետությունը ստանձնել է պարտավորություն պահպանել երեխայի լավագույն շահը, հետևաբար կարող է միջամտել ընտանեկան կյանքին բավարար հիմքերի առկայության դեպքում: Այդպիսի հիմքը առաջին հերթին հենց բռնությունն է, նաև այլ իրավունքների ոտնահարումը՝ կրթության, առողջության և այլն: Անհրաժեշտ հիմքեր ձեռք են բերվում որոշակի տեղեկատվական աղբյուրներից, այդ թվում՝ անչափահասներից, հասարակության մյուս անդամներից, կրթական հաստատության աշխատակիցներից. ՀՀ օրենսդրությամբ երեխայի նկատմամբ ցանկացած բռնության դեպք յուրաքանչյուր ոք պարտավոր է հայտնել իրավասու մարմիններին»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց՝ այս գործում թե՛ անչափահասների, թե՛ հանրության իրավագիտակցության բարձրացման խնդիր կա:
Էդգար Պետրոսյանը նաև նշեց, որ անչափահասներից և չափահասներից կազմված խմբի կողմից 2024-ին կատարվել է հանցագործության 18 դեպք, 2023-ին 58 դեպք, 2023-ին այդ խմբերում ներառված է եղել 23 երեխա, 2024-ին՝ 15.«Հանցագործությունները հիմնականում եղել են հափշտակություններ, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր, ֆիզիկական ներգործություն, և կա նաև նոր տենդենց՝ խարդախություններ կապված թղթադրամների հետ»:
Երեխաների պաշտպանությունը՝ խնդիրների համատեքստում
«Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ունենք շատ լուրջ իրազեկվածության խնդիր, մասնավորապես՝ ծնողների և տարբեր մասնագետների շրջանակում՝ ուսուցիչներ, բժիշկներ և այլն: Վերջիններս պետք է իրազեկված լինեն երեխաների բոլոր իրավունքների մասին և իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվեն երեխաների լավագույն շահով, չկատարեն այնպիսի արարքներ կամ դրսևորեն այնպիսի վարքագիծ, որը կարող է վնասել երեխայի որևէ իրավունքը, համանման իրավիճակներ մենք պարբերաբար տեսնում ենք՝ երեխաները դառնում են գործիք չափահասների ձեռքում՝ դա կլինի թե ընտանիքի ներսում, թե դպրոցում, թե տարբեր այլ միջավայրերում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը:

Դավիթ Թումասյան
Նկատեց միտում, որ երեխաների իրավունքները միշտ ավելի խոցելի են, «դե երեխա է էլի» արտահայտությունը հաճախ արդարացում է վերջիններիս իրավունքների խախտման համար.«Երեխա ասելով նախ պետք է հասկանանք մինչև 18 տարեկան ցանկացած անձ, երեխայի իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի անխտրական եղանակով և բոլոր երեխաները պետք է ունենան արդյունավետ պաշտպանության հնարավորություն»:
Ըստ նրա, երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերը հատկապես աչք են ծակում ընտանիքներում.«Ծնողները հաճախ իրենց երեխաներին վերաբերվում են որպես սեփականության, օրինակ ասելով՝ իմ երեխան է՝ ինչ կուզենամ կանեմ, միանշանակ դա առաջնահերթ դիտվում է որպես երեխայի իրավունքների խախտում: Որքան էլ ինքն է կյանք տվողը, չի կարող իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք վնասում են երեխային, առավել ևս նրան չենք կարող երեխային վերաբերվել որպես գույք, իսկ նման դեպքեր կան և դրանք հանգեցրել են ծնողների կողմից քրեական պատասխանատվության՝ օրինակ երեխային մուրացականության մեջ ներգրավելու, շահագործման ենթարկելու և այլ դեպքերով»:

Մեր զրուցակցի խոսքով, ընտանիքում երեխան կարող է բռնության ենթարկվել ոչ միայն ծնողների, այլ տատիկ-պապիկների, ավագ քույր-եղբայրների կողմից.«Երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունն ունի ավելի բարձր լատենտայնություն, քանի որ եթե ընտանիքի անդամները նույն եղանակով են դաստիարակում երեխային ֆիզիկական, մարմնական պատիժ կիրառելը նրանց համար նորմալ երևույթ է, երեխաները չեն դժգոհում: Մենք միայն չնչին դեպքերի մասին ենք իմանում, երբ այդ բռնությունները օրինակ բերում են նրան, որ երեխան հայտնվում է հիվանդանոցում կամ երբ կա օրինակ ծնողների կոնֆլիկտ՝ իրականացված բռնությունը սկսում է դառնալ շահարկման առարկա՝ ամուսնալուծության ժամանակ երեխայի բնակության և խնամքի հարցը լուծելու համար»:
«Ըստ տարբեր մասնագիտական գնահատականների, երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքում ունենք 90-95 տոկոս լատենտայնություն, 10-20 դեպքից միայն մեկն է բարձրաձայնվում: Ունենք բռնության հինգ տեսակ՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական և անտեսումը: Երեխաների պարագայում ծայրահեղ բացասական է ազդում նաև հոգեբանական բռնությունը՝ բոլոր միջավայրերում, նրանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից պետք չէ ճնշել, պետք չէ զրկել երազելու, խաղալու հնարավորությունից և իրավունքից, անգամ երբ ծնողը թույլ չի տալիս, որ երեխան իր տարիքին համապատասխան խաղերով զբաղվի, դա հետագայում կարող է բերել լրջագույն խնդիրների»:
Սակայն մասնագետը նաև նկատեց.«Պարադոքս կա, երբ մայրն ապտակում է երեխային, վերջինս վազում է նրա հետևից, ոչ թե փախչում է այլ ձգտում է դեպի բռնարարը՝ փորձելով զգալ պաշտպանվածություն, քանի որ պաշտպանության առաջին օղակում երեխայի համար մայրն է: Հատկապես մոր կողմից բռնության ենթարկված երեխան սկսում է մեղադրել իրեն՝ փոխելով իր արժեհամակարգը: Անգամ ամենածանր դեպքերում, երբ գործը հասնում է ոստիկանությանը, խնամակալության հանձնաժողովներին, երբ փորձում են երեխային ընտանիքից վերցնել, ամենավատ, ամենադաժան պայմաններում, անգամ երեխան կառչում է ծնողից՝ անկախ նրանից վատ պայմաններում է, թերսնված է, ծեծված է ծնողի կողմից միևնույն է պաշտում է իր ծնողին»:
Խոսելով մեր արժեհամակարգում արմատացած մտքից, թե դաստիարակչական նպատակով հայրական-մայրական մեկ ապտակը բռնություն չէ, մասնագետը նշեց.«Անգամ մի ապտակը բռնություն է, չկա որևիցե բռնություն, որ թույլատրելի է, ցանկացած բռնություն արգելված է և չի կարող կիրառվել որպես դաստիարակչական մեթոդ: Այլ հարց է, որ ունենք բռնության ձևեր, որոնք քրեորեն պատժելի են և որոնք քրեորեն պատժելի չեն, օրինակ մեկ ապտակը հանցագործություն չի համարվում, երկու ապտակը համարվում է ֆիզիկական ներգործություն և հանգեցնում քրեական պատասխանատվության: Կամ մեկ գոռոցը, վիրավորական բառը քրեորեն պատժելի գործողություն չէ: Անկախ նրանից բռնությունը քրեորեն պատժելի է թե ոչ, միշտ բերում է որոշակի հետևանքների երեխայի համար՝ նրա վարքագծում, արժեհամակարգում, կյանքի հանդեպ մոտեցումներում»: