Հայաստանը աստիճանաբար հեռանում է «ֆորպոստ» լինելու ընկալումից՝ սկսելով ձևավորվել որպես ինքնուրույն և սուվերեն դերակատար տարածաշրջանում։ Եթե նախկինում երկրի արտաքին քաղաքականությունը հիմնականում սպասարկում էր մեկ բևեռի շահերը, ապա այժմ օրակարգ է գալիս ազգային շահերից ելնող, բազմակողմ և հավասարակշռված մոտեցումը։ Սա բարդ, բայց անհրաժեշտ քայլ է՝ մեր ինքնիշխանությունը վերարժևորելու և միջազգային հարաբերություններում ինքնուրույն խոսք ունենալու ճանապարհին։
Հայաստանը, լինելով փոքր պետություն Հարավային Կովկասում, կանգնած է բարդ տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերների առաջ։ Պատմականորեն աշխարհաքաղաքական բախումների խաչմերուկում գտնվելով՝ երկիրը հարկադրված է վարել բազմավեկտոր և բալանսավորված արտաքին քաղաքականություն՝ ապահովելու իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է նոր բևեռացման, ուժային կենտրոնների հակասությունների խորացման և տարածաշրջանային անկայունության առջև, բալանսավորված արտաքին քաղաքականությունն ավելի կարևոր է դառնում, քան երբևէ։
Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականությունը երկար տարիներ կառուցվել է գերազանցապես Ռուսաստանի հետ «դաշնակցային» հարաբերությունների վրա։ Այս միակողմանի կողմնորոշումը սահմանափակել է արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները։
Թեև Հայաստանի և Արևմուտքի (ԵՄ, ԱՄՆ) միջև եղել են գործընկերային հարաբերություններ, սակայն Հայաստանի նախկին իշխանությունները չկարողացան կամ գուցե չցանկացան լիարժեք օգտվել այդ հարաբերությունների քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ հնարավորություններից։
Հայաստանի տնտեսությունը մեծապես կապված է եղել ռուսական շուկայի հետ՝ ներդրումային և էներգետիկ առումներով։ Այլ ուղղությունների զարգացման վրա բավարար աշխատանք նախկինում չի արվել, ինչն էլ խոչընդոտել է քաղաքական բազմակողմ հարաբերությունների ամրապնդումը։
2020-ի պատերազմն ու տարածաշրջանային փոփոխությունները պարզ ցույց տվեցին, որ մեկ ուժային կենտրոնի վրա հույսը դնելը չափազանց վտանգավոր է, իսկ ռուսական կողմի անգործությունը՝ ԼՂ հակամարտությունում և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, հուշեց արտաքին քաղաքականության նոր մոտեցման անհրաժեշտության մասին։
Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները ներառում են հարաբերությունները ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի և արաբական տարածաշրջանի երկրների հետ։ Յուրաքանչյուր կենտրոնի հետ հարաբերությունն ունի իր դերը, իր ռիսկերն ու հնարավորությունները։
Բալանսավորված արտաքին քաղաքականության դեպքում պետությունը չի սահմանափակում իրեն մեկ դաշնակցով, այլ ձեռք է բերում ըստ իր ազգային շահերի որոշումներ կայացնելու ազատություն։ Բազմակողմ հարաբերություններն ապահովում են ներդրումների, առևտրի ու տեխնոլոգիական գործակցության լայն հնարավորություններ։
Մեկ կենտրոնից կախվածությունը երկրի ինքնիշխանության սահմանափակում է, որը մենք տեսել ենք տասնամյակներ շարունակ։
Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականությունը ոչ միայն ռազմավարական անհրաժեշտություն է, այլև ազգային անվտանգության, տնտեսական բարեկեցության և ինքնիշխանության պահպանման գրավական։ Միայն այսպիսի մոտեցումը կարող է ապահովել երկրի կայուն զարգացումը այս անհանգիստ և անկանխատեսելի աշխարհում։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


