Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Zarkerak.am-ն Ամանորի խորհրդի, տոնը նշելու, ամենասպասված նվերի, ֆինանսական ձեռքբերումների և այլնի մասին զրուցել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ:
-Որքանո՞վ է նախարար Վահե Հովհաննիսյանը հասցնում մասնակցել ամանորյա պատրաստություններին (առևտուր, տոնածառ զարդարել, նվեր գնել):
-Սովորաբար Ամանորին նվերներ չեմ գնում, իսկ երեխաների նվերները գնում է կինս: «Ամանորի առևտուր» հասկացությունն ինձ խորթ է, քանի որ ամանորյա «ավանդական» խնջույքներ չենք ունենում:
-Արդյոք ունե՞ք ավանդական ուտեստ կամ խմիչք, որը պարտադիր է Ձեր Ամանորի սեղանին։
-Ամանորը մեզ համար շփվելու, միասին ժամանակ անցկացնելու հնարավորություն է, բայց կա մի ուտեստ, որին ամեն տարի սպասում են բոլոր թոռնիկները` տատիկի պատրաստած բլինչիկները:
-Ինչպիսի՞նն է Ամանորի խորհուրդը Ձեզ համար, ավելի շատ որտե՞ղ եք սիրում նշել և ո՞ւմ հետ:
-Սովորաբար ընտանիքով հավաքվում ենք, երգում, տարբեր խաղեր խաղում, իսկ հետո պարզապես ընթրում, բնականաբար՝ տատիկի բլինչիկներով: Ամանորի խորհուրդն առավելապես հոգևոր է. այն քչախոսության, քիչ ուտելու, քիչ խմելու և Սուրբ Ծնունդին նախապատրաստվելու ժամանակ է:
-Ի՞նչ եք պատասխանել հարցին՝ ի՞նչ եք ուզում դառնալ, երբ մեծանաք:
-Հիմա չեմ հիշում` փոքր տարիքում ինչ եմ պատասխանել այդ հարցին, բայց կար ժամանակ, երբ ուզում էի թղթակից դառնալ արևելյան երկրներում: Իհարկե, հետագայում այլ ճանապարհ ընտրեցի:
-Ամենահիշվող նվերը, որը ստացել եք Ձմեռ պապից, ամանորյա ամենատպավորիչ հիշողությունը:
-Դժվարանում եմ պատասխանել, բայց երևի թե ամենահիշված նվերը ռելսերով ընթացող գնացքն էր:
-Ի՞նչ նամակ այսօր կգրեիք Ձմեռ պապին և ի՞նչ կցանկանայիք:
-Կցանկանայի, որ խաղաղությունը, որն այսօր հաստատված է, լինի հարատև և կայուն:
-Նպատակներ, որոնք դրել եք Ձեր առջև 2026 թվականին ընդառաջ:
-Պահպանել Հայաստանի ֆինանսական կայունությունը` դարձնելով այն տեսանելի աշխարհի համար, որպեսզի Հայաստանը դառնա ներդրումներ կատարելու և ապրելու գրավիչ վայր:
-Ո՞րն է այն բանաձևը, որ Նոր տարի մուտք գործելիս Ձեզ ուժ է տալիս շարունակելու աշխատանքը:
-Հայաստանում ապրում են հրաշալի մարդիկ, որոնք ոգևորում և ուժ են տալիս՝ անելու առավելագույնը մեր երկրի զարգացման համար:
-2025 թվականին Ձեր ոլորտում արված 3 բան, որով կարելի է հպարտանալ:
-Առաջինը երևի թե գնումների համակարգի ամբողջական փոփոխությունն է, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականից: Երկրորդը՝ Կառավարության տեղեկատվական համակարգի ձեռքբերումն է, որի ներդրումը կսկսվի 2026 թվականից: Իսկ երրորդը՝ այս տարի Կառավարության ֆինանսական ծրագրի ամբողջական իրականացումն է: Դեռ որոշ ուղղություններով անգամ ավելին ենք արել:
-Եթե կարողանայիք սառեցնել մեկ ֆինանսական խնդիր Ամանորի գիշերը, ո՞րը կլիներ:
-Ֆինանսական խնդիրները լուծվում են ոչ թե սառեցնելով, այլ հետևողական և մանրակրկիտ աշխատանքի միջոցով, վստահ եմ, որ չունենք այնպիսի խնդիր, որը չենք կարող լուծել:
-Ի՞նչ ֆինանսական մաղթանք ունեք քաղաքացիներին և 2026 թվականի բյուջեին:
-Մաղթում եմ, որ մեր քաղաքացիները շատ փող ունենալու մասին երազելու փոխարեն սիրելի աշխատանք ունենալու մասին երազեն:
- 3 խորհուրդ ֆինանսների նախարարից՝ գումարը ճիշտ տնօրինելու և բիզնեսը զարգացնելու համար:
-Առաջին խորհուրդը` մի՛ խնայեք աննպատակ, այսինքն՝ մի՛ խնայեք խնայելու համար, այլ ունեցե՛ք հստակ նպատակ: Երկրորդը` ներդրումները սիրով արե՛ք, ներդրում արե՛ք այն գործի մեջ, որով ցանկանում եք զբաղվել: Ոչ միշտ են հաշվարկները ճիշտ լինում, և բիզնեսով զբաղվելիս պետք է շատ հաճախ սրտին լսել: Եվ երրորդը` փողից բաժանվելիս միշտ երջանի՛կ եղեք:


