Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2025 թվականին տնտեսական ակտիվությունը բավականին բարձր էր, որի համար առանցքային խթաններ են շարունակում մնալ շինարարությունը, ծառայությունների ոլորտը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը:
Նրա խոսքով՝ տնտեսությունում տեղի է ունենում որոշակի շոկային էֆեկտների թուլացում, որը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ սկիզբ առած որոշ գործընթացներով. «Շոկային էֆեկտներն արդեն մեծապես չեզոքացել են, ինչն իր ադեցությունն է թողնում նաև տնտեսական ցուցիչների վրա և կարելի է ասել՝ տնտեսական զարգացման հետագիծը վերադառնում է իր միջին կամ ներուժային ուղեգծին՝ չնայած որոշ գնահատականներով մենք դեռևս այդ ուղեգծից բարձր ենք»:

Ըստ Քթոյանի՝ եթե հոկտեմբերի ցուցանիշը դիտարկենք, 10 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն ունենք, ինչը բավականին լավ արդյունք է, եթե դիտարկենք առաջին տասը ամիսների կտրվածքը՝ 8 տոկոսից ավելի տնտեսական ակտիվություն կա. «Շինարարությունը գերազանցում է 20 տոկոսը, ծառայությունները 10 տոկոսից ավելի են: Մյուս կողմից արդյունաբերությունը -3 տոկոս է, առևտուրը թույլ աճ է արձանագրել՝ 3.2 տոկոս: Չնայած մշակող արդյունաբերության պարագայում 6.5 տոկոս նվազում կա, բայց այստեղ պետք է հասկանալ մի հանգամանք. նախորդ տարի ունեինք հիմնական մետաղների արտադրություն, որը բազմապատիկ թռիչքային աճ էր արձանագրել և ոսկին էր հիմնական դերակատարը, ձևավորվել էր շատ բարձր բազա և այդ սխեման հիմա չի գործում ու դրանով պայմանավորված բարձր է բազայի նկատմամբ այս մի ոլորտի կտրուկ նվազումը: Եթե հիմնական մետաղների արտադրությունը հաշվի չառնենք, ապա մնացած ճյուղերի առումով մշակող արդյունաբերության մեջ առաջին տասը ամիսների ընթացքում նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ ունենք աճ»:
Անդրադառնալով գնաճային պատկերին՝ տնտեսագետը նշեց. «Գների պարագայում պետք է հաշվի առնենք հետքովիդյան ժամանակահատվածում տարածաշրջանների մեծ մասում արված քայլերը: Դրանք միաժամանակ նաև գնաճի նախադրյալներ են ձևավորել և այսօր համաշխարհային տնտեսությունն աստիճանաբար այդ բացասական ալիքից ձերբազատվում է, ինչը դեռևս արտացոլվում է աշխարհի մասշտաբով: Եթե հարցը դիտարկում ենք այս համատեքստում, Հայաստանում գնաճը կառավարելի է և գտնվում է ԿԲ-ի ազդարարած միջակայքում, մյուս կողմից, եթե գործընկեր երկների հետ ենք համեմատում, գնաճը մեզ մոտ ավելի ցածր է, քան հիմնական առևտրային և գործընկեր երկրներում»:

Խոսելով միջին աշխատավարձի և մարդկանց կյանքի որակի բարելավման մասին՝ Քթոյանը նշեց. «Մենք կարող ենք խոսել միջին աշխատավարձի աճի մասին, բայց չենք կարող խոսել այն մասին, թե այդ նույն աշխատանքի վարձատրության ավելացումն ինչպես է նպաստել կենսամակարդակի, կյանքի որակի բարձրացման վրա: Եթե աշխատավարձերի բարձրացման հիմքում չունես ախատանքի արտադրողականության աճ, այն իր հետ բերելու է գնաճային նշանակալի ճնշումների և այդ բարձր աշատավարձը, որը դու ստացել ես, արդեն օգտագործելու ես ավելի թանկ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար, հետևաբար քո իրական կենսամակարդակը կարող է նույն չափով կամ ընդհանրապես չավելանա: Եթե աշխատավարձերի բարձրացման հիմքում աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, ապա այստեղ ունենք բոլորովին այլ իրավիճակ, երբ բարձրանում է, տնտեսության ներուժային կարողություններն են աճում»:
Քթոյանի դիտարկմամբ՝ կենսամակարդակի աճ լինում է տարիների ընթացքում. «Ոչ թե պետք է ակնկալենք, որ մեկ տարվա ընաթցքում տնտեսական խնդիրներն ամբողջությամբ լուծվելու են կամ մեկ տարվա ընթացքում կենսամակարդակի այնպիսի աճ է լինելու, որ մարդիկ նաև իրենց սառնարանի պարունակության փոփոխություն կզգան, այլ պետք է հասկանանք, որ օրինակ՝ 10-15 տարվա ընթացքում ձևավորվում է մի այնպիսի տնտեսական համակարգ, որտեղ աշխատողը կարող է իրեն շատ ավելի բարձր կենսամակարդակ թույլ տալ, քան դրանից առաջ: Եթե խոսում ենք այն մասին, որ տնտեսական աճը պետք է նույնությամբ վերափոխվի կենսամակարդակի աճի, սա չափազանց կարևոր նպատակադրում է, ինչը տեղի է ունենում տնտեսության ներառականության բարձրացման հաշվին»:

Արմեն Քթոյանը նշեց, որ տնտեսական աճը շարունակում է բավականին բարձր լինել, ինչը պետության կողմից իր գործառույթների իրականացման կարևոր նախապայմանն է. «Պետությունը կարողանում է իր հանձնառությունը կատարել, օրինակ՝ կապիտալ ծախսերի գծով, ինչը հետագա բարձր տնտեսական աճի ապահովման նախապայմաններից է հանդիսանում, բայց դեռ անելիքներ շատ կան, գլխավորը՝ տնտեսության արտաքին մրցունակության բարձրացումն է, տնտեսության արդիականացումը, որը երկար ժամանակ է պահանջում: Տնտեսության մեջ հաջողվում է կառավարել այն ռիսկերը, որոնք կան, բայց դեռևս ոչ պակաս թվով նշանակալի ռիսկեր պահպանվում են: Կարող ենք հուսալ, որ այն հետագիծը, որն այսօր ընտրվել է տնտեսական քաղաքականության մեջ՝ թույլ կտա ապագայում ունենալ կենսունակ տնտեսություն, ավելի կայացած ինստիտուցիոնալ համակարգ, ինչն ավելի բարձր կենսամակարդակի, բարձր կյանքի որակի կարևոր նախապայմաններից է»:


