Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իրանը խոշոր տնտեսական առևտրային գործընկեր է, մոտավորապես 750 միլիոն դոլարի հասնող արտաքին առևտուր ունի մեզ հետ, որից մոտավորապես 150 միլիոն դոլարը մենք ենք արտահանում, 600 միլիոն դոլարի ներմուծում ենք»,-Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

Մակարյանի կարծիքով՝ իրանական ապրանքներն էժան են և էականորեն նպաստում են, որ գնաճ տեղի չունենա. «Իրանից բերում ենք սննդամթերքի որոշ տեսակներ, օրինակ՝ ձեթ, կենցաղային լվացող ապրանքներ, պլաստմասաներ, տարաներ, մեքենայի յուղեր, բացի դրանից ստանում ենք գազ, դրա փոխարեն էլեկտրաէներգիա ենք վաճառում, Իրանից նաև բերվում են պարարտանյութեր կամ այլ թունաքիմիկատներ, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ: Բացվելու է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը, մենք արդեն խնդիր կունենանք դիզելային վառելիքների հետ կապված, որովհետև թանկանալու են, երկրորդը՝ պարարտանյութերի կամ թունաքիմիկատների հետ դժվարություններ կունենանք: Մենք ավելի շատ արտահանում ենք սարքեր, էլեկտրատեխնիկաներ, որոշակի մթերքի տեսակներ, էլեկտրական հոսանք, մեր արտահանումը շատ սահմանափակ է»:

Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Իսրայել-Իրան պատերազմը Հայաստանի տնտեսության վրա՝ Մակարյանն ասաց. «Առաջին ռիսկն այն է, որ մատակարարումները համարյա կդադարեն և պետք է այլ երկրներ որոնենք նմանատիպ էժան ապրանքներ ներմուծելու համար, եթե չգտնենք տեղի կունենա գնաճ սննդամթերքի որոշ տեսակների, կենցաղային ապրանքների, նաև վառելիք ոլորտում: Այս պատերազմը ՀՀ-ի համար վտանգավոր է նաև ներդրումների առումով, որովհետև տարածաշրջանը լարված է, ինչքան էլ մեզ մոտ խաղաղություն է և մեզ այդ հարվածները չեն հասնում, բայց միևնույնն է օտարերկրյա ներդրողները զգուշանալու են: Մենք ավելի երկարաժամկետ հատվածում պետք է պլանավորենք Իրանի փոխարեն այլ երկրներից ապրանքներ բերելու տարբերակը»:

Մակարյանը նկատեց նաև, որ լոգիստիկ առումով էլ խնդիրներ առաջանալու են, որովհետև իրանական կողմը հաճախ հենց իր մեքենաներով է սպասարկում:
Ինչ վերաբերում է Իրանից ՀՀ հնարավոր հոսքին՝ տնտեսագետը նշեց. «Առայժմ սահմանների վիճակը ցույց է տալիս, որ իրանցիները դեռ իրենց երկրում են մնում, բայց եթե պատերազմը երկարի կամ տնտեսական ճգնաժամ լինի, մեր երկիր մուտք հնարավոր է: Մի քանի հարյուր հազար մարդու մուտքն արդեն էականորեն կփոխի մեր երկրում իրավիճակը և կառաջացնի լարվածություն»:


