Փաստացի մի խումբ մոսկվաբնակ հայերը և Նիկոլ Փաշինյանն այն մարդիկ են, որոնք կարողանում են Ռուսաստանը մի քանի ժամով դարձնել ժողովրդավարական երկիր։ Հիշեցնեմ, Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ նույնիսկ եթե մեկ հոգի դատարկ ցուցապաստառը պարզած կանգնի փողոցում՝ բառացիորեն մեկ րոպե անց այդ երկրի ուժայինները կհայտնվեն ու այդ պաստառով նրա բերանը կփակեն և կտանեն անհայտ ուղղությամբ։ Նման դեպքերը բազմաթիվ են։
Սակայն, երբ Մոսկվայի այսպես ասած ռազմահայրենասեր հայերն են մի քանի տասնյակով հավաքվում, հսկա պաստառներ պարզում, նույնիսկ նկարներ այրում, գոռում աղաղակում վանկարկում զարմանալիորեն նրանց հետ ոչինչ տեղի չի ունենում, իսկ տեղի չի ունենում, որովհետև Փաշինյանն է Մոսկվայում։ Այո, Ռուսաստանի համեմատ անչափ ժողովրդավար երկրի ղեկավարը հենց ոտքը դնում է Մոսկվա՝ այդ երկիրը միանգամից փոխակերպվում է։ Տեղի հայերը դառնում են ժողովրդավարության խիզախ մարտիկներ։ Եվ սա ոչ թե սարկազմ է, այլ իրականություն։
Փաշինյանի ցանկացած այց Մոսկվա ուղեկցվում է տեղացի որոշ հայերի բողոքի ակցիաներով։ Այն հայերի, որոնք 2020 թվականի պատերազմի օրերին և դրանից հետո երբեք չեն համարձակվել բողոքի ակցիաներ կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան մոտ, չեն համարձակվել Ռուսական իշխանություններին մի թթու խոսք ասել, երբ ռուսական խաղաղապահների համաձայնությամբ և նրանց աչքի առաջ Արցախը ենթարկվեց ռազմական ագրեսիայի և հայաթափվեց, երբ Հայաստանի տարածքի որոշ մասը օկուպացվեց, իսկ մեր այսպես ասած դաշնակից Ռուսաստանը չտեսնելու տվեց։
Այդ օրերին նրանք չկային։ Ռուսերենը մայրենի լեզու դարձրած, Ռուսաստանն առաջին հայրենիք համարող և Մոսկվայի «արբատնեից» Արարատ սարը հետ բերող մեր հայրենակիցներն ուղղակի անհետանում են, երբ կարելի էր թեկուզ մեկ քննադատական խոսք ասել Ռուսաստան-ի իշխանություններին՝ իրենց «դաշնակցային» պարտավորությունները չկատարելու համար։ Բայց ահա, երբ Փաշինյանն է գալիս Մոսկվա՝ հանկարծ այդ «քաջությունը» նրանց մոտ հայտնվում է։
Սա կոչվում է ընտրովի համարձակություն։ Ավելի ճիշտ՝ անվտանգ համարձակություն։ Բողոքել այնտեղ, որտեղ դա թույլատրված է։ Գոռալ այն պահին, երբ դա ոչ մի ռիսկ չի պահանջում։ Թիրախավորել նրան, ում կարելի է թիրախավորել՝ առանց հետևանքների։
Եվ այստեղ ամենահետաքրքիրը հենց Ռուսաստանի վարքն է։ Մի երկիր, որը սեփական քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է կոշտ, երբեմն դաժան ճնշում, հանկարծ դառնում է «լիբերալ» հենց այն պահին, երբ բողոքի ակցիան ուղղված է Հայաստանի ղեկավարի դեմ։
Սա արդեն ոչ թե ժողովրդավարություն է, այլ՝ քաղաքական վարքագիծ։
Եվ այդ «թույլատրված բողոքների» առաջին շարքերում կանգնած են հենց նրանք, ովքեր ամենաշատն են սիրում խոսել հայրենասիրությունից։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հայրենասիրությունը չի պահանջում ռիսկ, պատասխանատվություն կամ իրական դիմադրություն։ Որովհետև նրանց օտարները թույլատրում են հայրենասեր խաղալ։ Հայրենասեր խաղալ օտար լեզվով, օտար մայրաքաղաքներում։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։


