Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Շատ կարևոր է, որ մենք ունենանք ժամանակի հետ դինամիկ փոփոխվող և դինամիկ զարգացող Ոստիկանություն: Մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում, բայց նաև, երբ Ոստիկանության ոլորտի բարեփոխումները սկսել էինք, այդ ժամանակ ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ մտածում էինք, որ Պարեկային ոստիկանություն լինի, այն ժամանակ շատ հեռու ու անհավանական էր թվում, բայց հիմա, երբ դա կայացել է, մենք պետք է մտածենք հետագա զարգացումների մասին»,- Ներքին գործերի նախարարությունում կոլեգիայի հանդիսավոր նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ որևէ բարեփոխում ընդհանրապես չի ավարտվում, հատկապես ինտերնետի դարում. «Որպեսզի մենք հևիհև չլինենք, բարեփոխումը պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքի մասը: Համազգեստը փոխվեց, մարդը չփոխվեց, այդ բարեփոխումն անիմաստ է, եթե մենք չփոխվենք, չենք կարող փոխել այն իրականությունը, որն ուզում ենք, որ դեպի լավը փոխվի: Ոստիկանությունն առաջնորդող դերակատարություն պետք է ունենա իր պատասխանատվության ոլորտում: Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող իր պատասխանատվության գոտին ունի, եթե ինքն անհատական պատասխանատվություն չի զգում տեղի ունեցողի հետ կապված, ինքն ընդամենը վիճակագիր է: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք համակարգը զարգացնել այնպես, որ յուրաքանչյուր ոք, ով աշխատում է իքս տարածքում, զգա, որ ինքն իր պատասխանատվության առաջնորդն է»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով երաշխիքներ ապահովող, որովհետև դա շատ բարդ աշխատանք է. «Հիմա ռեպուտացիայից ավելի կարևոր բան չկա, երբեմն մեդիադաշտում երկրորդական է դառնում, թե ինչ է իրականությունը, ավելի կարևոր է դառնում, թե ինչպես է դա մատուցվում, այս առումով Ոստիկանությունը պետք է նաև մեդիաառաջնորդ լինի, որպեսզի այդ հաղորդակցությունը հնարավոր լինի պատշաճ մակարդակով ապահովել: Հոյակապ է, որ ՀՀ-ում Ոստիկանության գործունեության նկատմամբ 61% վստահություն կա, բայց ով է ասել, որ մենք գոհ ենք, որ 61% է: Կարող է պարզվի՝ ինչ-որ բան այնպես չենք անում, ինչ-որ բան չենք նկատում: Մարդն իր կյանքում ո՛չ հանցագործություն է տեսնում, ո՛չ էլ առնչվում է, բայց երբ իր նյուզֆիդում կա նրա մասին, որ այստեղ կրակեցին, սպանեցին, բայց ժամանակի առանձնահատկությունն այն է, որ մարդն ասում է՝ էս ինչ է կատարվում այս երկրում: Սա է մեդիադաշտի առանձնահատկությունը և պետք է հաշվի առնենք: Եթե ոստիկանը շարքային է, չի նշանակում, որ առաջնորդ չի: Ընդհանուր առմամբ, մենք ներքին անվտանգության առումով մեծ խնդիրներ չենք ունեցել»:


