Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը: Zarkerak.am-ի հետ զրույցում արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Հայաստանը հիմա գտնվում է այնպիսի փուլում, որ ցեղասպանության ճանաչման, դատապարտման հարցը բարձրացնելն իմաստ չունի. «Պարզ է, որ Հայաստանը հիմա չի կարող այդ քաղաքականությունը հետապնդել, որովհետև տեսնում ենք՝ տարածաշրջանում ինչ վիճակ է: Այստեղ պետք է նաև հետևյալ հանգամանքը հաշվի առնենք, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը բավական առաջ է գնացել աշխարհում, արդեն շուրջ 30 երկիր ճանաչել է, այսինքն՝ հիմա ճանաչման գործընթացը դժվարությամբ է գնալու, որովհետև հիմնական երկրները ճանաչել են: Կարծում եմ՝ այդ հարցը կմնա Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոցում, բայց առաջնային նշանակություն չունի, որովհետև հիմա Հայաստանը շատ ավելի պրագմատիկ խնդիրներ է լուծում»:
Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ կարևոր է, որ պետությունների մեծ մասը ճանաչի ու դատապարտի այդ ծանրագույն հանցագործությունը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ թուրքագետը նշեց. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլում ենք, որն արդեն պետք է փոխարինվի Թուրքիայի կողմից ավելի իրական քայլերով: Թուրքիան մի կողմից ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորում է հայ-ադրբեջանական գործընթացով, մյուս կողմից էլ դեռևս ռազմավարական առումով չի շտապում, որովհետև նրա համար կարևորը տարածաշրջանն է: Թուրքիան դիտարկում է հետևյալ տարբերակը, որ երբ կսկի գործարկվել Կարս-Նախիջևան երկաթգիծը, այն ժամանակ Թուրքիայի համար նոր հնարավորություններ կբացվեն, այդ ժամանակ կարծում եմ՝ վերջնականապես Թուրքիան հարաբերությունները կկարգավորի և քանի որ դա դեռ մոտ 2 տարի կտևի, այդ երկու տարվա ընթացքում Թուրքիան որոշակի իրական քայլեր կանի»:
Իսկ թե առաջիկայում հնարավոր են նմանատիպ քայլեր՝ Սաֆրաստյանը նշեց. «Այստեղ ռազմավարական ոլորտից իջնում ենք տակտիկական ոլորտ, որտեղ քաղաքական որոշումները կայացվում են Թուրքիայի ղեկավարության կողմից, շատ դեպքերում անկանխատեսելի: Չեմ կարող ասել, որ չեն լինի նման քայլեր, բայց չեմ էլ կարող ասել, որ անպայման կլինեն»:
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ արդեն երկար ժամանակ է հայ-ադրբեջաական սահմանին կրակոցներ չեն հնչում, զոհեր չկան, դա էլ նոր երևույթ է և Թուրքիան դա հաշվի է առնում, դրա մասին դրական հայտարարություններ է անում. «Խնդիրն այն է, որ եթե Թուրքիան սկզբում խոսում էր ընդհանուր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, վերջին ժամանակներում սկսել է ասել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում, քանի որ պայմանագիրը դեռ չի ստորագրվել, Թուրքիան էլ կարևոր քայլ չի անում»:


