Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում Երևանում մայիսի 5-ին կնքած փոխըմբռնման հուշագիրը երկու երկրներին հնարավորություն կընձեռի խորացնել արդեն եռամյա պատմություն ունեցող համագործակցությունը հատկապես անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և քվանտային հաշվարկների ոլորտներում:
Այս մասին « X»-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ տեղեկացրել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն:
«Ուրախ եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար: Այն պաշտոնական բնույթ է հաղորդում նրա ղեկավարած նախարարության և Զինված ուժերի նախարարության Պաշտպանական նորարարությունների գործակալության միջև համագործակցությանը։ Այս համաձայնագիրը թույլ կտա խորացնել մեր երկու երկրների միջև 2023 թվականին սկսված համագործակցությունը հետազոտությունների և նորարարությունների ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և քվանտային հաշվարկների բնագավառներում»,-նշել է նա։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին ստորագրվել են բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր փաստաթղթեր։ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը։


