Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Գայի պողոտա և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 41-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Առաքել Ա․-ի վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահաս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Գոռ Աբրահամյանը և Սամվել Պողոսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորները երեխաներ են։


