Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Ծխող կինը վնասում է ոչ միայն սեփական, այլև` ապագա երեխայի առողջությունը:
Հղիության ցանկացած ժամանակահատվածում ծխախոտը խիստ բացասաբար է ազդում պտղի զարգացման վրա` առաջ բերելով պտղի առողջական թեթև շեղումներից մինչև օրգան-համակարգերի տարբեր ֆունկցիոնալ և օրգանական ախտահարումների, ընդհուպ` պտղի ներարգանդային մահվան բարձր ռիսկ:
Ծխող հղի կնոջ մոտ շատ ավելի բարձր է վաղաժամ ծննդաբերելու, ցածր քաշով երեխա ունենալու ռիսկը:
Հղիության ընթացքում ծխելը կարող է վնասել պտղի զարգացող թոքերն ու ուղեղը:
Ներարգանդային կյանքում պարբերաբար իր վրա կրելով ծխելու բացասական հետևանքները` ծնվելուց հետո երեխայի մոտ ի հայտ է գալիս առողջական հետևյալ խնդիրների առաջացման ռիսկը։
Մանկական ուղեղային կաթված (ՄՈւԿ)
Զարգացման հապաղումներ
Լսողության կամ տեսողության խնդիրներ
Բրոնխիտներ
Թոքաբորբեր
Բրոնխօբստրուկտիվ համախտանիշ
Բնածին արատներ` նապաստակի շրթունք, գայլի երախ:
Մանկական հանկարծամահության համախտանիշի ռիսկը ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնց մայրերը հղիության ընթացքում ծխել են, ինչպես նաև այն երեխաների շրջանում, որոնք մինչև մեկ տարեկանը պարբերաբար ենթարկվել են երկրորդային ծխի:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներարգանդային փուլում ծխախոտի ծխի ազդեցությանը ենթարկված երեխաները, կյանքի որոշակի փուլում ծխել սկսելու ավելի մեծ հակվածություն ունեն, քան նրանք, որոնք մանկուց զերծ են եղել ծխախոտի ծխի ազդեցությունից:
Ծխախոտի օգտագործումը բացասաբար է անդրադառնում նաև վերարտադրողական առողջության վրա։
Ծխելը կարող է հանգեցնել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության:
Այն կարող է բացասաբար անդրադառնալ նաև հղիանալուն` մեծացնելով երբևէ չհղիանալու ռիսկը։
Ծխախոտը ոչ պակաս բացասաբար է անդրադառնում նաև տղամարդկանց վերարտադրողականության վրա` վնասելով սերմնաբջիջները։
Նիկոտինը կարող է հանգեցնել նաև իմպոտենցիայի (էրեկտիլ դիսֆունկցիայի)։


