Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ղրղզստանի իրավապահ մարմիններն ավելի քան 15 հաղորդագրություն են ստացել պետական մարմինների շենքերում իբր ռումբերի տեղադրված լինելու մասին, անցկացվում են ստուգումներ, հայտնել է Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Ականապատման մասին առաջին սպառնալիքը վերաբերել է «Մանաս» օդանավակայանին, որտեղից տարհանվել են աշխատակիցներն ու ուղևորները: Ավելի ուշ տարհանում է սկսվել ԱԳՆ շենքում և խորհրդարանում։ Ռումբի առկայության մասին ահազանգեր են ստացվել նաև պետական գույքի կառավարման գործակալությունում, «Ուչկուն» տպարանում, պետական հիփոթեքային ընկերության գլխամասային գրասենյակում և «Գոսստրախում»:
«Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են տարածքները, կազմակերպվել է աշխատակիցների, այցելուների և քաղաքացիների տարհանում։ Իրականացվում են ստուգման աշխատանքներ տվյալ օբյեկտներում և հարակից տարածքներում»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
Նշված վայրերի մեծ մասում ստուգումներն ավարտվել են։ Պայթուցիկ սարքերի առկայությունը չի հաստատվել։ Մնացած վայրերում ստուգումները շարունակվում են։

