Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե ԹՐԻՓՓ-ի տնտեսական բաղադրիչը թույլ աշխատի, շատ բան չի կարողանա տալ Հայաստանին»,-այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի տնտեսական բաղադրիչին:
Ըստ տնտեսագետի որքան շատ երկրներ օգտվեն ԹՐԻՓՓ-ից, այնքան այդ երկրները շահագրգռված կլինեն Հայաստանի հետ պահել իրենց բարեկամական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 16-ի հերթական նիստին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ սկսում են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՀՀ ՍԴ և ՍԴ-ի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի Սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմեն ԱԺ:
«Եթե ԹՐԻՓՓ-ը միայն Ադրբեջանով, Նախիջևանով ու Թուրքիայով պետք է սահմանափակվի, ապա Երևանի ունեցած ակնկալիքի 10 տոկոսն էլ չի արդարացվի, և երբեք չի դառնա անվտանգության ուժեղ երաշխիք, էլ չեմ ասում տնտեսական մասով, որ այնքան քիչ են լինելու բեռները, որ դրանց տրանզիտի օգուտները կարող է կազմեն մի քանի միլիոն դոլար: Բայց հիմա նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ներքաշել նաև Կենտրոնական Ասիայի երկրներին ու շահագրգռել համագործակցության համար։ Եթե հաջողվի Չինաստանի հետ հարաբերությունները լավացնել և մտափոխել Պեկինին, կամ գոնե զուգորդել «Նոր մետաքսի ճանապարհ»-ի հետ, ապա այս դեպքում ԹՐԻՓՓ-ի տնտեսական նշանակությունը կուժեղանա, բայց այն ավելի շատ քաղաքական նշանակություն կունենա»,-ասաց տնտեսագետը:
Մակարյանը բացատրեց, որ եթե Կենտրոնական Ասիայի երկրնեը իրենց արտաքին առևտրի 5-7 տոկոսը կատարեն ԹՐԻՓՓ-ի միջոցով, ապա այդ շարժի ծավալները կհասնեն մոտավորապես 8 մլրդ դոլարի, այսինքն հավանականություն կա, որ այս դեպքում Հայաստանով տարածքով 8 մլրդ դոլարին համարժեք բեռներ կտեղափոխվեն, իսկ տարանցիկ տոկոսները արտաքին առևտրի 5 տոկոսի դեպքում մոտավոր կկազմի 400 մլն, իսկ 10-ի դեպքում արդեն մեկ մլրդի դոլար:
Տնտեսագետի խոսքերով վիճակը էականորեն կարող է փոխվել Չինաստանի ներգրավումը: «Եթե Չինաստանի արտաքին առևտրի 5-7 տոկոսը վերցնենք, ապա այդ թիվը դառնում է շատ հետաքրքիր թիվ՝ 220 մլրդ դոլարի չափով: Սա արդեն այնպիսի մի թիվ է, որի արդեն տրանզիտի մեկ տոկոսը 2.2 մլրդ է, որը կարող է մնալ Հայաստանին»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ Հայաստանը չի կարող միայնակ համոզել Չինաստանին:
Այստեղ, ըստ Մակարյանի շատ կարևոր է ԱՄՆ-ի դիրքորոշումը , որովհետև եթե Վաշինգտոնը շարունակի Պեկինին հետ մաքսատուրքերի սահմանման, տրատեսակ պահանջներով ճնշումներ գործադրելու քաղաքականությունը, ապա դա ոչինչ չի տա:
«Այստեղ Հայաստանը պետք է գիտակցի այս ամենի կարևորությունը և փորձի միջնորդ լինել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև՝ որովհետև փոքր երկիր լինելով ԹՐԻՓՓ-ը իրեն է պատկանում, ուստի պետք է ստանձնի նաև քաղաքական դերակատարում: Չպետք է պասիվ վիճակով նստել և մտածել, որ եթե 76 տոկոսը ԱՄՆ-ինն է, ապա իրենք էլ պետք է անեն դա, մենք որպես պետություն մեր խոսքը պետք է ասենք»,-ասաց տնտեսագետը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանից ու Թուրքիայից շարունակվող ներկրումների ֆոնին Հայաստանից որևէ բան չարտահանելը ԹՐԻՓՓ նախագիծը ավելի շահավետ չի դարձնում Բաքվի և Անկարայի համար, բանախոսը ասաց. «Ըստ էության նախագծի առաջին շահառուները լինելու են այն երկրները, որոնք ունեն պատրաստված տնտեսություն: Համեմատած Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի արտաքին առևտուրը պատրաստված վիճակում չէ: Թուրքիայից մենք ներմուծում ենք շուրջ 320 մլն-ի ապրանք, այնտեղ վաճառում ենք ընդամենը 1-2 միլիոնից մինչև 7 մլն -ի հասնող ապրանք: Նույնը գրեթե Ադրբեջանի պարագայում է, արդեն մոտավորապես 14 մլն-ի ապրանք է ներկրվել այնտեղից, մինչդեռ մեր արտահանումը զրոյական է»:
Տտեսագետը բացատրեց, որ Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, մեծացրել է արտահանման ծավալները: Ըստ նրա Հայաստանի պարագայում այն անկում է ապրել և դեռ կշարունակի նվազել, որը գլխավորապես կապված է Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության և դեպի Եվրոպա գնալու դժվարությունների հետ:
«Սրա լուծումը արդյունաբերական տնտեսության ծավալների զարգացումն է: Ոչ միայն տուրիզմի, այլ հենց արդյունաբերության, որովհետև այն կկարողանա բերել դիվերսիֆիկացիայի, հետո կարող է բերել մեծ քանակի ապրանքների արտադրության և նաև մեծացնի արդյունաբերական ու շինարարական ծառայությունների աճը, որոնց տեղափոխման համար կարող ենք օգտագործել երկաթուղին, որովհետև այն նավերից հետո երկրորդ տրանսպորտային միջոցն է, որը ունակ է հսկայական քանակով բեռներ տեղափոխել»,-ասաց Մակարյան և հավելեց, որ սա Երևանը պետք է կարողանա ներկայացնել Չինաստանին և մյուս շահագրգիռ կողմերին:
Տնտեսագետի գնահատմամբ հայկական մարքեթինգը պետք է կարողանա հստակ գնահատել, թե ինչ կարող է հայկական կողմը առաջարկել Թուրքիային կամ Ադրբեջանին:
Այս համատեքստում Մակարյանը բացատրեց, որ Թուրքիան մեծ քանակի մետաղի ջարդոն է ներկրում Ռուսաստանից, ինչը նշանակում է, որ երկիրը ունի մետաղի կարիք: Ըստ բանախոսի սա կարող է ապահովել նաև Հայաստանը, քանի որ ունի բավականին մեծ քանակով մետաղի ջարդոն, սակայն այս դեպքում եթե մետաղի ջարդոնը ապրանքի վերածած չէ, ապա չի կարող վաճառվել, քանի որ նման արգելք դրված է կառավարության կողմից:
Մակարյանը չթաքցրեց, որ մետաղի արտահանման դեպքում այն կարող է նաև ուղղորդվել թուրքական ռազմարդյունաբերությանը, սակայն նշեց, որ մեծ ծավալներ կարող են գնալ նաև արդյունաբերական ու շինարարական ձեռնարկություններ, որոնց հետ աշխատանքի հնարավորությունն էլ պետք է գնահատի հայկական մարքեթինգը:
«Թուրքիայի պարագայում, նույնիսկ կարող ենք ծովմթերք մատակարարել, թվում է թե ծովերով շրջապատված այդ երկիրը ձկնեղենի կարիք չունի, սակայն մաքրության ու անվտանգության նկատառումներով այն այնքան էլ այդպես չէ, այստեղ մենք մեր մաքուր ձկնաբուծարաններից կկարողանանք որոշակի մատակարարումներ անել: Կարող ենք կրկին գինիներ արտահանել, խաղաղ արտահանել անմշակ, մսամթերք նաև, առավել ևս ոչխարի միս, որը նախընտրում է մուսուլմանական աշխարհը, և որի բավարարվածությունը մեր մոտ 110 տոկոսի կարգի է, ինչու ոչ նաև տավարի միս»,-նշեց տնտեսագետը:
Ադրբեջանին հետ աշխատանքի մասով էլ Մակարյանը օրինակ բերեց այդ երկրի ցեմենտի պահանջարկը, որը վերջինը այժմ գնում է Վրաստանից: Նրա խոսքերով այս երկրի համար այնքան կարևոր այդ ապրանքը կարող է մատակարարել նաև Հայաստանը, առավել ևս երբ կան երկաթգծային ենթակառուցվածքներ համ Նախիջևանի, համ էլ Ադրբեջանի հետ:
Միևնույն ժամանակ տնտեսագետը բացատրեց, որ հնարավոր է, որ ԹՐԻՓՓ-ի կառուցման դեպքում Ադրբեջանը ցեմենտի գնումներ կատարի նաև Թուրքիայից, որը աշխարհում ցեմենտ արտադրող երկրների շարքում առաջին հնգյակի մեջ է, և տարեկան արտադրում է 78 մլն տոննա ցեմենտ: Ըստ բանախոսի Թուրքիայից առաջ աշխարհագրական առումով Հայաստանն է և կարող է մատակարարումներ կատարել Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ օրինակ «Արարատ ցեմենտի» գործարանը ավելի մոտ է՝ թե՛ կոմունիկացիոն ենթակառուցվածքներին և թե՛ Նախիջևանին:
Բացի այս Մակարյանի գնահատմամբ Հայաստանը Ադրբեջանին կարող է մատակարարել քարեր, շինարարական տարբեր նյութեր, արտադրանքներ, քանի որ Ադրբեջանի տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ և այն հիմնված է նավթարդյունաբերության վրա:
Տնտեսագետը նաև նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների պարագայում պետք է առավել աչալուրջ լինել:
«Միևնույն ժամանակ մենք չպետք է Թուրքիային դիտենք որպես ներդրող: Նման հարցում Հայաստանը պետք է ձեռնպահ մնա: Շատ վտանգավոր է Թուրքիայի տնտեսության մեջ մտնելը: Ապրանքներով առևտուրը դա ամբողջովին այլ բան է, որը տնտեսություն չէ, տնտեսական համագործակցությունը՝ այլ, որը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանում ընկերություններ գրանցեն, նախագծեր տենդերներով շահեն, բանկեր գնեն, անշարժ գույքեր ձեռք բերեն կամ շինարարություններ կատարեն ևայլն: Նման տնտեսական մոդելը մեր համար վտանգավոր է: Այստեղ է, որ միանգամից կարող են տակ տալ: Այսինքն վերածվել Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի «պոլիգոնի»,-ասաց բանախոսը:
Նա բացատրեց, որ եթե Թուրքիային թույլ տրվի Հայաստանում պետական ռեգիստրով ընկերություններ գրանցել, ապա դրանք կդառնան Հայաստանի ռեզիդենտ ընկերություններ, որի դեպքում կօգտվեն բոլոր այն արտոնություններից, ինչից օգտվում են հայկական ընկերությունները:
Տնտեսագետը բացատրեց, որ նման պարագայում տնտեսական «էքսպանսիան» անխուսափելի կլինի: Թուրքական ընկերությունները կկարողանան բանկերում հեշտությամբ բաժնետոմսեր գնել, շինարարական ոլորտում գերակայության հասնել լավ շինարարական տեխնիկայի ու էժան աշխատուժի միջոցով, կկարողանան հյուրանոցներ ու այլ տուրիստական ենթակառուցվածքներ ձեռք բերել՝ վերահսկողություն հաստատելով այս ոլորտի վրա, տարբեր արտադրական ձեռնարկություններ բացել մասնավորապես թեթև արդյուանաբերության ոլորտում, որոնց հետ չեն կարողանա մրցակցել հայկական ընկերությունները և այլն:
Մակարյանը բացատրեց որ Հայաստանում չկա որևէ օրենք որը կկարողանա կանխել նման տնտեսական «էքսպանսիան»:


