Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն «համաշխարհային նախազգուշացում» է հրապարակել իր քաղաքացիների համար՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի և «անսպասելի սրման հնարավորության» ֆոնին։ Այս մասին նշվում է Պետքարտուղարության հյուպատոսական բյուրոյի սոցիալական ցանցերում տեղադրված հաղորդագրությունում։
«Մերձավոր Արևելքում ներկայում գտնվող ամերիկացիները պետք է զգույշ լինեն և բարձրացնեն իրենց զգոնությունը, ինչպես նաև պատրաստ լինեն չվերթերի հնարավոր չեղարկումների, օդային տարածքի պարբերաբար փակման և ճանապարհորդության հնարավոր խափանումների։ Խնդրում ենք հետևել դեսպանատների և հյուպատոսությունների անվտանգության ահազանգերին, տեղական իշխանություններին և նորություններին վերջին զարգացումների վերաբերյալ։ Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիները պետք է վերանայեն դեպի տարածաշրջան և տարածաշրջանով ճանապարհորդելու իրենց որոշումը», - նշված է հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ թիրախավորվել են ԱՄՆ դիվանագիտական հաստատությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս։
«Իրանը և Իրանին աջակցող խմբավորումները կարող են թիրախավորել ԱՄՆ-ի այլ շահերն արտասահմանում կամ Միացյալ Նահանգների և ամերիկացիների հետ կապված վայրերում ամբողջ աշխարհում», - ասվում է հաղորդագրության մեջ։

