Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում հուլիսի 24-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
Նիստին մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ինչպես նաև կառույցի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին տեսչական մարմնի լիազորությունների շրջանակին վերաբերող մի շարք առանցքային հարցեր՝ նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, վերահսկողական գործառույթների իրականացումը և ընթացիկ այլ խնդիրներ։
Քննարկումների առանցքում եղել են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքների որակի, տեխնիկական հսկողության և սահմանված ժամկետների պահպանման հարցերը։
Օրակարգային մյուս կարևոր թեման վերաբերել է տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների լիցենզավորման գործընթացին և այդ ոլորտում իրականացվող վերահսկողությանը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խոշոր արտադրական և հասարակական նշանակության օբյեկտների, ինչպես նաև ավտոգազալիցքավորման և բենզալցակայանների նկատմամբ իրականացված ընթացիկ ստուգումների արդյունքներին։ Ընդգծվել է, որ այս ոլորտներում իրականացվող աշխատանքները մշտապես գտնվում են տեսչական մարմնի անմիջական ուշադրության կենտրոնում։
Ամփոփելով նիստը՝ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը կարևորել է կառույցի գործունեության արդյունավետության, պատասխանատվության և վերահսկողության մակարդակի հետևողական բարձրացումը և կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվել մի շարք կոնկրետ հանձնարարականներ։


