Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 1-ից Երևանում դասերը սկսվելու են 8։15:
Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Գրիգորյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ այս որոշումն օգուտ է տվել, որպեսզի խցանումները նվազեն, ինչ վերաբերում է սեպտեմբերի 1-ին սպասվող խցանումներին՝ Գրիգորյանն ասաց. «Վաղը երթևեկությունը ծանրաբեռնված է լինելու՝ հիմնականում կենտրոնի հատվածում՝ Խանջյան փողոցը, Մյասնիկյան պողոտան, Կոմիտասը, Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները: ՆԳՆ գործընկերներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու սեպտեմբերի 1-ից մինչև 10 օր»:
Գրիգորյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 1-ը գծանշման աշխատանքներ են իրականացրել. «Հատկապես Կենտրոն վարչական շրջանում ամբողջ գծանշումը թարմացրել ենք, դա որոշ չափով օգնում է ճանապարհային երթևեկությանը, վարորդներն ավելի ուշադիր են լինում, դպրոցների դիմաց հետիոտնային անցումներն ամբողջությամբ թարմացրել ենք: Այս երկու ամսվա ընթացքում մի շարք խաչմերուկներում կատարել ենք երթևեկության փոփոխություններ, օրինակ՝ Սայաթ-Նովա-Նալբանդյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Թումանյան-Տերյան, Նալբանդյան-Տերյան և այլն: Քաղաքում պետք է բոլորը մայթին զուգահեռ կանգնեն, շեղ չկանգնեն, փոքր-փոքր քայլերով առաջ ենք գնում: Կանգառներ կան, որ տեղափոխություն ենք կատարել, խաչմերուկի մոտից տեղափոխել ենք մի փոքր ներքև, որպեզի տրանսպորտային միջոցի կանգնելու դեպքում երթևեկությանը չխաթարվի»:
Գրիգորյանի խոսքով՝ սկսել են լուսացույցերի գույքագրման աշխատանքներ իրականացնել. «Խելացի լուսացույցերի ուղղությամբ ենք աշխատում, որոնք պետք է փոխարինվեն, ճանապարհային նշաններն ենք գույքագրում: Լայնածավալ աշխատանքներ ենք սկսել, հատկապես Կենտրոնում: Երկար ճանապարհ ունենք անցնելու, որ վերջնական բեռնաթափում տեղի ունենա: Վարչապետի կողմից կար հանձնարարական՝ հանձնաժողովի ստեղծման, ամենօրյա գրաֆիկով աշխատում ենք մեր ՆԳՆ գործընկերների հետ: Ամիս առ ամիս արդյունքները շոշափելի կլինեն»:


