Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Չենք կարող լիարժեք ինքնիշխան զգալ մեզ, եթե ներսում՝ լիարժեք իրավակարգ հաստատելու հարցում, կաշկանդված ենք»: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ներգրավմամբ օրերս հարուցված քրեական գործերի ընթացքին, ինչպես նաև դրանց շուրջ Ռուսաստանից հնչող արձագանքներին:
Հիշեցնենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաև «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը:
Ավելի վաղ՝ օգոստոսի 24-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։
Ըստ Խալաթյանի՝ վերջերս նախկին ղեկավարների դեմ հարուցված քրեական գործերի հետագա ընթացքի հաջողությունը կնշանակի իրավակարգի հասունության թեստի բարեհաջող անցում, որը կունենա նաև շղթայական ռեակցիա, որի արդյուքնում կարող է սկսվել այսպես ասած ներքին սաբոտաժ անողների, և իրավագետի բնորոշմամբ «բռնապետական քաղաքական կլաններին հարող» քննիչների, դատախազների ու դատավորների համակարգից հեռացման և նույնիսկ քրեական պատասխանատվության գործընթաց:
Իրավագետի գնահատմամբ՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերի պարագայում իրավապահ համակարգը հասարակությանը ապացուցելու բան ունի, քանի որ նախկինում հարուցված գործերը մեծամասամբ ավարտվել էին առանց որևէ արդյունքի:
«Հասարակության պահանջը արդարություն ու արդարադատություն հաստատելն է: Այսպիսի մի բան կա, եթե դու չես պատժում ձի գողացողին, բայց պատժում ես ձու գողացողին, ապա հասարակությունը չի կարող հավատալ արդարությանն ու արդարադատությանը: Ընդհանրապես պետության համար պետք է նշանակություն չունենան ֆորմալ ու ոչ ֆորմալ կապերը, պաշտոնական ու ոչ պաշտոնական սոցիալական կարգավիճակները, տիտղոսները: Այսինքն պետությունը պետք է գտնվի այդ ամենից վեր ու իրավակարգի երաշխավորի դերում հանդես գա: Հասարակական հնչեղություն ունեցող գործերի դեպքում հասարակությունը ունի ակնկալիք, որ իրավակարգը կգործի ամենադժվար գործերի պարագայում, որովհետև դրանից հետո առավել հեշտ գործերի պարագայում ամեն ինչ կգնա ավելի հարթ ճանապարհով։ Հասարակության դժգոհությունը արդարադատությունից կայանում է նրանում, որ հաճախ գործ ունենք էլիտար արդարադատության հետ կամ էլիտար չարդարդատության հետ»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս անգամ հարուցված գործերը ժամկետի վաղեմության նախկինների նման չեն կարճվի, Խալաթյանը, ամփոփելով Գլխավոր դատախազի և ՔԿ-ի պարզաբանումները, ասաց. «Առերևույթ կարող ենք նշել, որ գործ ունենք բավականին ամուր և հիմնավորված մեղադրանքի հետ»:
Զգուշավոր լավատեսություն հայտնելով իրավագետը միևնույն ժամանակ նշեց, որ ժամանակը և դատաիրավական մարմինների գործունեությունը ցույց կտան, թե որքանով գործ ունենք պաշտպանված արդարադատության հետ:
«Իրավաբանները իհարկե կասեն, որ մարդիկ նախկին գործերի դեպքում արդարացվել էին, Սահմանադրական դատարանով մեղսագրվող քրեական օրենսգրքի հոդվածը հակասահմանադրական էր ճանաչել, իսկ վարույթը մեծ մասով հանվել էր, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք իրավաքաղաքական բնույթի գործերի հետ, այնքանով, որքանով դրանք վերաբերվում են երկրի նախկին քաղաքական ղեկավարությանը: Այստեղ քաղաքական բաղադրիչը առկա է, ոչ թե քաղաքական հետապնդման իմաստով, այլ որ մենք գործ ունենք հյուսիսից եկող աշխարհաքաղաքական համապատասխան շրջանակների գործունեության հակազդեցության հետ, որն ուղեկցվում է շահերի բախումով, ինչը բնականաբար կարող է ոչ իրավաչափ ազդեցություն ունենալ քննչական, դատախազական և դատական մարմինների վրա»,-ասաց իրավագետը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք այս անգամ գրավի դիմաց ազատ արձակման գործընթացներ նույնպես չենք տեսնի, Խալաթյանը ընդգծեց, որ պետությունն այստեղ պետք է արդյունավետ խափանման միջոցի կիրառման խնդիր դնի, որը չի փչացնի բուն մեղադրանքը, որովհետև հնարավոր է ունենալ բավականին ամուր մեղադրանք, սակայն սխալ խափանման միջոցի պատճառով մեղադրյալները կարող են ապացույցները ոչնչացնելու կամ վկաների վրա ճնշումներ գործադրելու հնարավորություն ստանալ:
«Քաղաքական ազդեցություն ունեցող ընտանիքի անդամները, այդ թվում նաև նախկին նախագահը, եթե գտնվում են ազատության մեջ, ապա ապրիորի քաղաքական ազդեցություն բանեցնելու մեծ հնարավորություն են ստանում: Հետևաբար դառնում է տարակուսելի ու աննպատակահարմար ընտրված խափանման միջոցը: Նախկին երկու նախագահների օրոք նշանակվել են բազմաթիվ դատավորներ, դատախազներ, քննիչներ, որոնք մինչ օրս ազգակցական կապերի մեջ են նախորդ բռնապետական քաղաքական ռեժիմի ընտանիքների կլանների հետ»,-ասաց իրավագետը:
Խալաթյանի գնահատմամբ շատ դեպքերում գործ ունենք նաև ձերբակալված գործիչներին քաղբանտարկյալ հռչակելու գործընթացի հետ, ինչը դա նախ և առաջ փաստաբանական մարտավարություն է հասարակության աչքին տվյալ անձին բարձրացնելու և պաշտպանելու համար, ինչպես նաև մանիպուլացիայի փորձ՝ ցույց տալով, որ ձերբակալությունը կատարվել է քաղաքական նպատակներով և խափանման միջոցը կիրառվել է ոչ իրավաչափ:
«Սակայն պետք է հիշել, որ անձը, որը նախկինում զբաղեցրել է քաղաքական պաշտոններ չի նշանակում, որ նրա նկատմամբ երբևէ մեղադրանքներ չպետք է առաջադրվեն: Կամ անմեղության կանխավարկածը չի կարող քաղաքական հիմնավորումներ ունենալ, որովհետև այս մանիպուլացիային հակառակ տրամաբանությամբ մոտենալու պարագայում ստացվում է, որ նախկինում քաղաքական պաշտոն զբաղեցրած անձը ունի անձեռնմխելիություն՝ երբևէ որևէ քրեաիրավական գործով անցնելուց»,-ասաց Խալաթյանը:
Անդրադառնալով Ռուսաստանից հնչող արձագանքներին ու Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձին Խալաթյանը նշեց, որ այժմ ամեն բան կատարվում է առավել անկեղծ, քանի որ «արդեն դիմակները հանված են»:
«Հատկանշական է, որ երբ Քոչարյանի իշխանության շրջանում խոսվում էր կոմպլեմնետարիզմի՝ այսինքն բազմավեկտոր դիվանագիտության հայեցակարգի ներդրման ու գործածության մասին, սակայն այնպես է ստացվում, որ քոչարյանական կլանի պաշտպանության կամ քաջալերման կոչերով հանդես են գալիս միայն ռուսները: Կարծում եմ սա համաձայնեցված է Քոչարյանի հետ, թեև Ռուսաստանի նախագահը սովորություն ունի պարբերաբար նման առիթներով շնորհավորել Քոչարյանին»,-ասաց իրավագետը:


