Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ։
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և կրթական ոլորտի ներկայացուցիչներ,
սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է՝ նոր ուսումնական տարվա մեկնարկը և ևս մեկ առիթ՝ արժևորելու կրթության ու գիտելիքի դերը մեր երկրի զարգացման գործում։
Ուժեղ և արդյունավետ պետության հիմքում կրթված, մտածող և պատասխանատու քաղաքացին է։ Կրթությունը, գիտելիքից բացի, նաև մասնագիտական կարողություն, նոր արժեք ստեղծելու հնարավորություն և երկրի զարգացմանը սեփական ներդրումն ունենալու հիմք է։ Կրթությունը և գիտելիքի կուտակումը հարատև գործընթացներ են, որոնց մեջ գտնվելը և որոնցով ապրելը թույլ են տալիս ինքդ քեզ և շրջապատող աշխարհը խորությամբ ճանաչել, ինքդ քեզ հավերժ գերազանցել, պարբերաբար ծնել աշխարհը վերափոխելու և բոլորի համար ցանկալի երջանկության հասնելու ստեղծարար գաղափարներ։
ՊԵԿ-ում մենք ամեն օր տեսնում ենք, թե որքան կարևոր են մասնագիտական գիտելիքը, շարունակական զարգացումը և նոր մոտեցումներ կիրառելու պատրաստակամությունը։ Ժամանակակից պետական համակարգի հիմքում պետք է լինեն մասնագետներ, որոնք պատրաստ են սովորել, զարգանալ և իրենց գիտելիքն ու կարողությունները ծառայեցնել հանրային շահին։
Վերջին տարիներին ՊԵԿ-ն այդ ուղղությամբ շոշափելի քայլեր է կատարել։ Մասնավորապես, համակարգի բոլոր ծառայողներն անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնց թեմաները պարբերաբար թարմացվում են՝ ներառելով արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, թվային հմտություններ, բարեվարքություն, օտար լեզուներ և այլ արդիական ուղղություններ։ 2025-2026 թվականներին ՊԵԿ ծառայողների պատրաստման դասընթացներին մասնակցել է 3 111 դիմորդ, իսկ գործող աշխատակիցների համար կազմակերպված դասընթացներին՝ 7 102 մասնակից։ ՊԵԿ-ի կողմից կազմակերպված դասընթացներին նույն ժամանակահատվածում մասնակցել է 3 625 հարկ վճարող։
ՊԵԿ-ը նաև հետևողականորեն ամրապնդում է գիտելիքի և շարունակական կրթության մշակույթը՝ Հայաստանի տարբեր համալսարանների հետ համագործակցության միջոցով։ Չորս համալսարանի հետ կնքված համագործակցության հուշագրերի շրջանակում ՊԵԿ-ը ներկայացնում է ոլորտային արդիական թեմաներ և գործնական խնդիրներ, իսկ ուսանողները կատարում են հետազոտություններ և առաջարկում լուծումներ, որոնք կարող են ունենալ գործնական կիրառություն։
Նախորդ տարի ՊԵԿ-ը մեկնարկեց «Ընթերցանության ակումբ» նախաձեռնությունը, որի նպատակն է ձևավորել և զարգացնել այնպիսի մշակույթ, որտեղ ընթերցանությունից ստացված գիտելիքն ու իմաստությունը դառնում են ընդհանուր արժեք, խթանում մասնագիտական և անձնական զարգացումը, ինչպես նաև նպաստում փորձի և գաղափարների փոխանակմանը։
ՊԵԿ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդների շրջանում հարկ վճարելու մշակույթի և հարկային գրագիտության ձևավորմանն ու տարածմանը։ Արդեն մեկնարկել է հանրային իրազեկումների շարք տարբեր դպրոցներում՝ գիտակցելով, որ պատասխանատու հարկ վճարողի ձևավորումը սկսվում է վաղ տարիքից։
Հատկապես կարևոր է, որ մեր երիտասարդները հնարավորություն ունենան իրենց գիտելիքն ու կարողությունները կիրառելու Հայաստանում՝ ստեղծելով նոր արժեք և նպաստելով երկրի զարգացմանը։ Այս առումով հատկանշական է, որ վերջին երկու տարիներին ՊԵԿ-ն անընդմեջ ընդգրկվել է Հայաստանի լավագույն գործատուների հնգյակում, իսկ համակարգում արձանագրվել է երիտասարդ մասնագետների զգալի ներհոսք։
2024 թվականին թափուր հաստիքների համալրման նպատակով ՊԵԿ-ում հարցազրույցների համար ներկայացվել է 1 252 դիմում, իսկ 2025 թվականին՝ արդեն 12 801 դիմում։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դիմումների թիվը տասնապատկվել է։ 2024 թվականի օգոստոսից մինչ օրս ՊԵԿ-ում մասնագիտական և ուսումնաարտադրական պրակտիկա է անցել 376 ուսանող, իսկ նույն ժամանակահատվածում համակարգը համալրվել է 20-35 տարեկան 455 աշխատակցով։
Այս արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են գիտելիքի, կրթության և մասնագիտական զարգացման կարևորությունը։
Սրտանց շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին Գիտելիքի օրվա առթիվ։
Մաղթում եմ նոր գիտելիքներ, նպատակասլացություն, մասնագիտական առաջընթաց և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Թող նոր ուսումնական տարին լինի նոր հնարավորությունների և ձեռքբերումների տարի»,– ասվում է ուղերձում։


