Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ հերթական նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարց է ուղղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ անդրադառնալով մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որում նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում էր որպես աղվանական:
Գրիգորյանը խնդրել է, որ որպես խորհրդարանական երկրի ԱԺ նախագահ՝ Ռուբինյանը հայտնի իր դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ, և հետաքրքրվել՝ որքանով են այս քայլերը մոտեցնում խաղաղությանը:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասել է, որ բազմիցս նշվել է՝ նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի։
«Շատ կարևոր է զգայունություն ձեռք բերել տարբեր հարցերի վերաբերյալ: Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում՝ բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են: Բայց մյուս կողմից լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- հայտարարել է ԱԺ նախագահը:
Ռուբինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր դիրքորոշումը հստակ է. վերոնշյալ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության խնամքի համատեքստում:


