Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լոռու մարզի դատախազության միջնորդագրի արդյունքում՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը, և 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Ս.Ա.-ն, 1993-2017 թվականներին զբաղեցնելով Լոռու մարզի Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը, 2007 թվականի հունիսի 26-ին անձամբ մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 4 հա մակերեսով վարելահողի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում։
Միաժամանակ, Ս.Ա.-ն հանդիսացել էր մրցույթի կազմակերպիչ և մրցութային հանձնաժողովի նախագահ, որպիսի պայմաններում մրցույթին իր մասնակցությունը հակասել էր «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված արգելքին։
Քրեական վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 14-ին Ս.Ա.-ի նկատմամբ կայացվել էր քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Լոռու մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։
Ուսումնասիրության արդյունքում Լոռու մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Գյուլագարակ համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ։
Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։
2026 թվականի սեպտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում Գյուլագարակ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս՝ 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով։


