Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո երկրում հաստատվել էր համատարած ճգնաժամ՝ վստահության, սոցիալ-հոգեբանական և անվտանգային հարթություններում: Այս մասին Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով ինքը հրաժարական տվեց, որպեսզի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Չնայած լայն տարածում ունեցող կանխատեսումներին, թե իշխող թիմը չի կարող հաղթել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով ստացավ մեծամասնություն և ձևավորեց Կառավարություն։
Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ ընտրություններից հետո տարբեր երկրների ղեկավարներ ու միջազգային գործընկերներ տասնյակ անգամներ իրեն ուղղել են նույն հարցը՝ «Ինչպե՞ս վերապրեցիր» (How did you survive?)․ «Ես բոլորին, անկեղծ ասեմ, ինչ եմ պատասխանել․ ես ասել եմ՝ չգիտեմ... որովհետև ես գործ ունեի... պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների հետ, ես չգիտեմ նրանց աշխարհընկալումների մասին»:
Այնուամենայնիվ, անդրադառնալով անձնական գնահատականին՝ վարչապետն ընդգծել է, որ ունի այդ հարցի հստակ պատասխանը․ «Ես վերապրեցի մի պարզ պատճառով, որովհետև ես հավատում եմ Աստծուն։ Ուրիշ որևէ պատճառ չկա դրա համար։ Համենայն դեպս ես չեմ կարող, իսկապես չեմ կարող գտնել որևէ ուրիշ պատճառ և որևէ ուրիշ հիմնավորում»:
Վարչապետն իր խոսքն ավարտել է Աստծուն շնորհակալություն հայտնելով, որ ամեն առավոտ իրեն ասում է՝ «վեր կաց և քայլիր»: Նա ընթերցել է Դավթի 29-րդ Սաղմոսը («Շնորհակալության աղոթք»), որն ավարտվում է հետևյալ տողերով․ «Սուգս դարձրիր ուրախություն, հանեցիր քուրձս իմ և խնդություն հագցրիր ինձ... Տե՛ր իմ Աստված, հավիտյան գոհություն պիտի մատուցեմ քեզ»:

