Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և վճարված հարկերը եկեղեցուն վերադարձնելու մոտեցումը՝ նրա ծրագրերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար։
Այս մասին BOON TV-ի հետ հարցազրույցում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ հարցը քննարկվում է Ազգային ժողովի գործընկերների հետ, սակայն կարգավորման մանրամասները դեռ պետք է հստակեցվեն։
«Եկեղեցին պետք է հարկեր վճարի այնպես, ինչպես բոլորը»,– ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ են առանձին կարգավորումներ՝ վճարված հարկերը եկեղեցուն վերադարձնելու համար։
Նրա խոսքով՝ նպատակը եկեղեցու հարկման միջոցով բյուջեի եկամուտներն ավելացնելը չէ։ Վճարված գումարները նախատեսվում է վերադարձնել եկեղեցուն՝ նրա միջոցառումներն ու ծրագրերն իրականացնելու համար։
Հովհաննիսյանը չի բացառել, որ եկեղեցին կարող է վճարված հարկերից ավելի մեծ ֆինանսավորում ստանալ, եթե իրականացնի պետության և հանրության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր։
Հարկման շրջանակի մասին հարցին պատասխանելիս նախարարը հիշատակել է ծիսական պարագաներն ու այլ ձեռնարկատիրական գործունեությունը։ Նա նշել է, որ ընդհանուր քաղաքական նպատակը ձևակերպված է, սակայն այն իրականացնելու ճիշտ ձևը դեռ պետք է գտնել։
Հովհաննիսյանը փոփոխությունների ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետ չի նշել։ Նրա խոսքով՝ դրանք կիրականացվեն հարկային օրենսգրքի փոփոխությունների համար նախատեսված ընթացակարգերի շրջանակում։
Նախարարի ներկայացմամբ՝ հարկային պայմանները վատթարացնող փոփոխությունները պետք է ընդունվեն ուժի մեջ մտնելուց վեց ամիս առաջ, սակայն հարկային արտոնության վերացման դեպքում այդ պահանջը չի գործում։
Հաղորդավարի հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ փոփոխությունը տեսականորեն կարող է կիրառվել արդեն հաջորդ ամսվանից, Հովհաննիսյանը պատասխանել է․ «Դժվար մյուս ամսվանից, որովհետև, այնուամենայնիվ, որոշակի հանրային քննարկման կարիք կլինի»։
2007-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով հարկումից ազատ են եկեղեցու ստացած նվիրատվություններն ու ընծաները, ինչպես նաև ծիսական պարագաների արտադրությունն ու իրացումը։ Հարկային օրենսգիրքն էլ ԱԱՀ-ից ազատում է կրոնական ծիսակատարությունների ծառայություններն ու կրոնական պարագաների վաճառքը։ Այս արտոնությունները չեն նշանակում բոլոր հարկերից ազատում։


