Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու և 8.9 մլրդ դրամի վերաբաշխում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը։
«Նախագծով նախատեսվում է իրականացնել այն ճանապարհների միջին նորոգումը, որոնց ընդհանուր երկարությունը 176.1 կմ է։ Ամբողջ ծավալից 113.2 կմ-ը միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ են, 33.6 կմ-ը՝ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, իսկ 29.3 կմ-ը՝ մարզային նշանակության ճանապարհներ»,- ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Բոլորը միջին նորոգման են ենթարկվում»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և թվարկեց ճանապարհները։
«Մեր հիմնական կենտրոնացումը որակն է, որովհետև ճանապարհների կառուցմանը զուգահեռ մենք պետք է անընդհատ և շարունակաբար տեսնենք որակի բարձրացում, և գիտեմ, որ նախարարությունն այս ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել։ Համապատասխան տեխնիկա ենք ձեռք բերում, որպեսզի ինքներս վստահ լինենք, որ որակի վերահսկողության պատշաճ կարողություններ ունենք»,- ասաց Փաշինյանը։
«Մենք արդեն այս տարվա ընթացքում 230 մլն դրամի սարքավորումներ ենք ձեռք բերել՝ լաբորատորիայի կարողությունները լավարկելու շրջանակում։ Սարքավորումներից մի քանիսը, որոնք կուզենայի նշել, հետևյալներն են՝ բիտումի ծերացման վառարանը, լուծելիության չափիչ սարքը, բիտումում պարաֆինի որոշման սարքը։ Սրանք հետազոտություններ են, որոնք հնարավորություն են տալիս իրականում ստուգել ասֆալտի որակը՝ նաև այլ բաղադրություններով, ինչը կապահովի ճանապարհի երկարակեցությունը»,- նշեց ՏԿԵ նախարարը։


