Քննչական կոմիտեն նշում է ծառայողի օրն ու կազմավորման 12-ամյակը. hանդիսավոր նիստին մասնակցել է ՀՀ վարչապետը Zarkerak - Քննչական կոմիտեն նշում է ծառայողի օրն ու կազմավորման 12-ամյակը. hանդիսավոր նիստին մասնակցել է ՀՀ վարչապետը
Zarkerak Zarkerak - Քննչական կոմիտեն նշում է ծառայողի օրն ու կազմավորման 12-ամյակը. hանդիսավոր նիստին մասնակցել է ՀՀ վարչապետը
Քննչական կոմիտեն նշում է ծառայողի օրն ու կազմավորման 12-ամյակը. hանդիսավոր նիստին մասնակցել է ՀՀ վարչապետը

Քննչական կոմիտեն նշում է ծառայողի օրն ու կազմավորման 12-ամյակը. hանդիսավոր նիստին մասնակցել է ՀՀ վարչապետը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և ծառայողի օրվա կապակցությամբ այսօր հրավիրվել է Կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստին մասնակցել են Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, Կոլեգիայի անդամները, քննչական ստորաբաժանումների ղեկավարները, քննիչները և աշխատակազմը:

Արթուր Պողոսյանը, շնորհավորելով Քննչական կոմիտեի ծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նշել է.

«Մեծարգո՛ պարոն Վարչապետ, 

Քննչական կոմիտեի հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ և շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 12-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

Տոնական այս օրն առաջին հերթին առիթ է՝ հասարակության առջև հաշվետվությամբ հանդես գալու և ներկայացնելու առաջիկա անելիքներն ու քրեական քաղաքականության հիմնական առաջնահերթությունները։

Կարծում եմ, Քննչական կոմիտեն՝ որպես ամենամեծ նախաքննական մարմին, այս ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը: Որպես իրավապահ կառույց՝ այն մշտապես կանգնած է եղել ՀՀ քաղաքացու և պետության կողքին, պաշտպանել է տուժողի խախտված իրավունքներն ու օրինական շահերը, հանրային շահը և, վերջապես, ապահովել է օրենքի գերակայության և անշեղ կատարման օրենսդրական պահանջը։

Իհարկե, Քննչական կոմիտեում նույնպես առկա են բացթողումներ և թերացումներ, սակայն մենք կատարում ենք հետևություններ, վերլուծում դրանց պատճառները և մշտապես կատարելագործում մեր մասնագիտական հմտություններն ու կարողությունները։

Ներկայումս Քննչական կոմիտեում, ժամանակի պահանջներին համահունչ, աշխատանքներ են իրականացվում արհեստական բանականության ներդրման և կիրառման ուղղությամբ, մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից փորձնական կարգով իրականացված աշխատանքները զգալի արդյունք են տվել, որի շնորհիվ առաջիկայում գաղտնի քննչական գործողության արդյունքում ամիսներ շարունակ տեղի ունեցած խոսակցությունների բովանդակությունը հնարավոր կլինի զննության ենթարկել հաշված րոպեների ընթացքում, որը զգալիորեն կթեթևացնի քննիչների ծանրաբեռնվածությունը և կբարձրացնի քրեական վարույթների արդյունավետությունը։ Նույն գործիքակազմի կիրառմամբ հնարավոր կլինի նաև իրականացնել թարգմանություններ, որը հնարավորություն կտա տնտեսել նաև զգալի ֆինանսական միջոցներ։

2026 թվականի 9 ամիսների ընթացքում Կոմիտեում շարունակվել են կադրային բարեփոխումները: Հայտարարված մրցույթներին մասնակցելու դիմում է ներկայացրել 384 անձ: Կարծում եմ, քննիչի պաշտոնին հավակնող անձանց դիմումների շարունակական աճը վկայում է, որ զգալիորեն բարձրացել է համակարգի գրավչությունը։ Նշեմ, որ համակարգում ընդգրկված քննիչների հիմնական մասը կազմում են հենց երիտասարդները (մինչև 5 տարի մասնագիտական փորձ ունեցող քննիչները կազմում են գործող անձնակազմի գրեթե կեսը)։

Ընթացիկ տարում՝ կադրային բարեփոխումներին զուգահեռ, ակտիվ կերպով շարունակվել են նաև քննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխությունները, որոնց կապակցությամբ իմ կողմից տրվել են շուրջ 70 հրամաններ:

Մասնավորապես՝ նախաքննությունը պատշաճ կազմակերպելու, արդյունավետությունը բարձրացնելու, ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը թոթափելու նպատակով՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնից առանձնացման եղանակով ստեղծվել է Երկրորդ կայազորային քննչական բաժինը, որի իրավազորության տարածք է սահմանվել Արարատի մարզը։

Վերակազմավորվել և ստեղծվել է Միջազգային համագործակցության վարչությունը, որի արդյունքում էականորեն ընդլայնվել է Քննչական կոմիտեի և տարբեր երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը։ Հենց այդ աշխատանքների շնորհիվ այս տարվա սեպտեմբերի 10-ին Քննչական կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով երկու երկրների իրավապահ գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը բարձրացվեց որակապես նոր մակարդակի:

Բացի այդ, մի շարք ներքին իրավական ակտերով էականորեն բարելավվել է տարբեր հանցատեսակներով քննության արդյունավետությունը, կատարելագործվել են վերահսկողական մեխանիզմները, որոնք վերաբերում են անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններին, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին, որոնցով սահմանվել են լրացուցիչ չափանիշներ՝ ողջամիտ ժամկետներում քրեական վարույթների ընթացքը լուծելու վերաբերյալ։

Այսպիսով, վերը հիշատակված աշխատանքները և փոփոխությունները, ինչպես նաև կադրային շարունակական համալրումներն այս տարի նույնպես տվել են զգալի և շոշափելի արդյունքներ, որոնց շնորհիվ հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն ավելացել է դատավարական ավարտների տեսքով ավարտված քրեական վարույթների, որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը, նվազել է տևական ժամանակ քննվող քրեական վարույթների քանակը։

Ցանկանում եմ մեջբերել մի քանի վիճակագրական տվյալներ, որոնք, անշուշտ, վկայությունն են կատարված աշխատանքի և ձեռքբերումների։ Մասնավորապես՝ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում 15.492 քրեական վարույթ` 16.220 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 9.625 քրեական վարույթ` 10.335 անձի վերաբերյալ): Այսինքն, միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 5.867-ով կամ 60.9%-ով։ Ավելին, 2026 թվականի 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը 781-ով գերազանցում է 2025 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը։

Հաշվետու ժամանակահատվածում ավարտված և ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 13 մլրդ 229 մլն 177 հզր ՀՀ դրամ։

Բացի այդ, Քննչական կոմիտեում քննված մի շարք քրեական վարույթներով ձեռնարկված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում՝ 2026 թվականի ընթացքում պետությանն են վերադարձվել կամ այդ գործընթացում են գտնվում մի շարք պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքեր, որոնցից կարելի է առանձնանցել Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքին վերադարձված 341.686.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 16 միավոր՝ ընդհանուր 21.12 հա գյուղատնտեսական և այլ նշանակության հողերը, Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով ընթացքի մեջ է 6 մանկապարտեզների շենքերը վերադարձնելու գործընթացը՝ ընդհանուր՝ 89.469.889 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված արժեքով:

Ընդ որում, բազմաթիվ են դեպքերը, երբ Կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների հիման վրա կոնկրետ անձի արարքին քրեաիրավական գնահատական տալուց հետո այդ տվյալները փոխանցվում են ՀՀ դատախազություն, որի արդյունքում հայցեր են ներկայացվում դատարաններ՝ համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերը կամ գույքը պետությանը կամ համայնքին վերադարձնելու պահանջով։

Չեմ ցանկանում ելույթս ծանրաբեռնել վիճակագրությամբ, սակայն նշեմ, որ այս տարի ևս շարունակվել են նախկին տարիներին կատարված, հանրային հնչեղություն ստացած սպանությունների բացահայտման աշխատանքները։ Արդյունքում՝ բացահայտվել են ծանրացուցիչ հանգամանքներում կատարված մի շարք հնչեղ դեպքեր, մասնավորապես՝

· 27 տարի անց բացահայտվել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ փոխնախարար, ներքին զորքերի վարչության պետ Արծրուն Մարգարյանի սպանության դեպքը, ընդ որում, քրեական վարույթը դեռևս 1999 թվականի սեպտեմբերի 20-ին կարճվել էր՝ հանցագործության բացակայութ­յան հիմքով:

· Շուրջ 3 տարի անց բացահայտվել է նաև Սողոմոն Վլասյանի սպանության պատվիրատուն, որի կապակցությամբ մեղադրանք է ներկայացվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանին, ով կալանավորվել է:

·Շուրջ 4 տարի անց բացահայտվել է Ինգա Աղաջանյանի սպանության դեպքը, որը նախաձեռնվել էր ինքնասպանության հասցնելու և ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով, սակայն քննությամբ պարզվել է, որ ամուսինները, տուժողի գլխին հարվածելուց հետո, նրան պատուհանից դուրս են նետել, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

· Բացահայտվել է նաև Ա.Ե.-ի սպանության դեպքը, որը նախաձեռնվել էր հանկարծամահության փաստի առթիվ, սակայն իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Անի Եղոյանի հարազատ քույրը սննդի և ջրի մեջ ծանր մետաղներ ավելացնելու միջոցով՝ թունավորման եղանակով սպանել է նրան:

Ներկայումս Քննչական կոմիտեում ուսումնասիրության փուլում է նախկին տարիներին կատարված, հանրային հնչեղություն ունեցող, սպանության հատկանիշներով նախաձեռնված շուրջ 40 քրեական վարույթ, որոնցով կատարվում են ակտիվ քննչական գործողություններ և առաջիկայում մեր հանրությունն ականատես կլինի այդ քրեական վարույթներով հանցագործության բացահայտման գործընթացին:

Այս համատեքստում նշեմ, որ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններին առնչվող դեպքերի վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 245 քրեական վարույթ, որոնցով 162 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 34 քրեական վարույթ՝ 55 անձի վերաբերյալ:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քրեական ենթամշակույթի վերաբերյալ 7 քրեական վարույթ՝ 15 մեղադրյալի վերաբերյալ:

Ցանկանում եմ իմ շնորհակալությունը և երախտիքի խոսքն ասել իրավապահ կառույցի մեր գործընկերներին, ովքեր քրեական վարույթի ողջ ընթացքում օժանդակել են նախաքննությանը և կանգնել քննիչի կողքին: Այդ արդյունավետ փոխգործակցությունն, անշուշտ, էական նշանակություն է ունեցել քրեական վարույթի բնականոն ընթացքն ապահովելու և նախաքննության խնդիրները լուծելու համար, ուստի շնորհակալություն եմ հայտնում Դատախազությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, Ներքին գործերի նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին և Հակակոռուպցիոն կոմիտեին:

Մեծարգո՛ պարոն Վարչապետ, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ և ՀՀ Կառավարությանը՝ կառույցի հանդեպ վստահություն ցուցաբերելու և Քննչական կոմիտեի ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման, ինչպես նաև Կոմիտեի բնականոն գործունեության համար առկա կարիքներին շարունակական հոգատարությամբ վերաբերվելու համար։

Ամփոփելով խոսքս՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ գործընկերներիս մասնագիտական տոնի կապակցությամբ։ Վստահ եմ, որ ձեր ամենօրյա անմնացորդ աշխատանքով շարունակելու եք ծառայել մեր երկրին։ Քննիչի աշխատանքին մոտեցե՛ք որպես առաքելություն, քանի որ հենց ձեզ է վերապահված օրինականության պաշտպանությունն ու պետության իրավական անվտանգությունը խաթարող ցանկացած հանցավոր դրսևորման չեզոքացումը։ Համոզված եմ՝ ձեր շնորհիվ ոչ միայն կոտրվելու են տարիներով ձևավորված արատավոր կարծրատիպերը, այլև հասարակության մեջ արմատացած անարդարության զգացողությունը աստիճանաբար փոխարինվելու է արդարության և արդարադատության հանդեպ վստահությամբ։

Շնորհակալություն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։ 

Անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի խոսքում՝ Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտմանը վերաբերող հատվածին՝ վարչապետն ընդգծել է՝ դա վկայում է Քննչական կոմիտեի աշխատանքի նոր որակի և հետևողականության մասին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Քննչական կոմիտեի այն աշխատակիցներին, քննիչներին, ովքեր մասնակցել են գործին, պարոն Պողոսյան նաև Ձեզ»:

Վարչապետն իր խոսքում նշել է, որ այս ընթացքում նաև Վահրամ Խորխորունու և մի շարք գործերի սպանության հետ կապված բացահայտումներ են եղել, ընդգծել, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բացահայտումներն ավելի են դյուրացնում, սակայն վերոնշյալ դեպքերում արձանագրումը Քննչական կոմիտեի աշխատանքի շարունակական զարգացումն է. «Շնորհակալ եմ նաև, որ նկատում եք՝ Կառավարությունը ջանք չի խնայում։ Իսկապես, ես չեմ հիշում՝ Քննչական կոմիտեն ի՞նչ խնդիր է բարձրացրել Կառավարության առաջ, որ այդ խնդիրը չի լուծվել»։

Երկրի ղեկավարի խոսքով այս բացահայտումները նպաստում են նաև քաղաքացիների շրջանում արդար երկրում ապրելու զգացողության ձևավորմանը. «Արմատական խնդիրն այստեղ ոչ միայն կոնկրետ գործերն են, այլև հանրային վստահությունը պետական ինստիտուտների և պետության նկատմամբ։ Այսօր էլ, երեկ էլ մարդիկ ամենամեծ խնդիրը, որ տեսնում են և ամենամեծ պահանջը, ակնկալիքը, որ ունեն, արդարությունն է: Իսկ ինչպե՞ս մենք հասնենք մի զգացման, որ քաղաքացիներն արձանագրեն, որ իրենք ապրում են արդար երկրում և արդար միջավայրում։ Սա, իմիջիայլոց, պարզ խնդիր չէ, որովհետև այդտեղ չկան պարզ բանաձևային լուծումներ, սա խորը սոցիալ-հոգեբանական, փիլիսոփայական, բայց նաև շատ կոնկրետ գործառնական խնդիր է, և այդ խնդրի մի առնվազն զգալի հատվածը հենց քրեական գործերի քննության համատեքստում է դիտարկվում։ Հույս ունեմ, որ իսկապես այն, ինչ ասում եք, պարոն Պողոսյան, ոչ թե նշանակում է, որ ևս մի գործ կամ երկու կամ չորս բացահայտեցինք, այլ բոլորովին ուրիշ փուլ մտանք, և նախկինում մեր ունեցած խնդիրներն այլևս չեն կրկնվում»:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ թե՛ Կառավարության, թե՛ նախարարությունների, թե՛ Քննչական կոմիտեի աշխատանքը երբեք անթերի չի լինելու, սակայն, նրա խոսքով, խնդիրն անթերիության մեջ չէ, խնդիրը նրա մեջ է, թե ինչքանով ենք միտված արդարությանը։

«Մենք՝ որպես պետություն, պետք է առանձնահատուկ խնամք տանենք այն մարդկանց իրավունքների նկատմամբ, ովքեր սահմանափակումներ ունեն իրենք իրենց իրավունքները պաշտպանելու տեսակետից»,- ասել է վարչապետը և հավելել, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա պետության պաշտպանությունը, օրենքի պաշտպանությունը, իրավունքի պաշտպանությունը:

Այս համատեքստում, երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի առաջ այս առումով պատասխանատվությունը մեծ է և գնալով մեծանալու է, քանի որ մարդկանց շրջանում մեծանում է ակնկալիքի ալիքը, և 10, 15, 20 տարվա դեպքերը, որոնք մարդկանց կարծիքով անարդար ձևով չեն բացահայտվել, սկսվում է ակտիվ ակնկալիքներ ձևավորել, որ դա տեղի կունենա։

Վարչապետն իր խոսքում նաև հետևյալ արձանագրումներն է արել. «Կան իսկապես դեպքեր, որ իրենք իրենցով մտնում են փակուղի և հնարավոր չի լինում բացահայտել։ Դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում այդ խնդիրը կա։ Այստեղ է, որ մենք պետք է հոգ տանենք, որպեսզի նոր տեխնոլոգիաները, հնարավորությունները ներդրվեն, այդ թվում՝ Քննչական կոմիտեի աշխատանքում։ Համենայնդեպս՝ ես կարծում եմ և հույս ունեմ՝ տեսանելի է, որ Կառավարությունը և անձամբ ես շատ ենք գնահատում այն աշխատանքը, որն արվում է, և փորձում ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի Քննչական կոմիտեն բնականոն կերպով զարգանա, որովհետև սրանից է կախված Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետությունը։ 

Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի քննիչները, Քննչական կոմիտեի աշխատողները սոցիալական երաշխիքների հնարավորինս հուսալի համակարգ ունենան։ Եվ, իհարկե, մենք այս քաղաքականությունը շարունակելու ենք: Բայց մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ այս երկու գործընթացները շատ փոխկապակցված են իրար հետ, որովհետև մեծ հաշվով Քննչական կոմիտեի աշխատանքից է կախված նաև, թե ինչպիսին են Հայաստանի Հանրապետության և պետական բյուջեի հնարավորությունները, որովհետև ոչ միայն կոնկրետ քրեական գործերով վնասի վերականգնման ուղղությունը նկատի ունեմ, այլև տնտեսական գործունեության համար շատ կարևոր է, որ պոտենցիալ ներդրողներն իմանան՝ խնդիր լինելու դեպքում իրենք կկարողանան իրենց իրավունքները պաշտպանել, կկարողանան հավասար մրցակցության պայմաններում աշխատել իրենց մյուս մրցակիցների հետ: Իհարկե, սա թեմա է, որը բնականաբար միայն Քննչական կոմիտեին չի առնչվում, այլ մի շարք պետական գերատեսչությունների, բայց ուզում եմ այս պրոցեսների փոխկապակցվածությունն արձանագրենք և կարողանանք ամեն օր մեր աշխատանքում չմոռանալ, թե ինչ խնդիր ենք լուծում: Մենք, բոլորս, իմ կարծիքով, լուծում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու մտքում Հայաստանի Հանրապետությունում արդարությունը և արդարադատությունը՝ որպես սոցիալ հոգեբանություն ձևավորելու խնդիրը, որ մարդը մտածի, որ ապրում է արդար երկրում, մարդը մտածի, որ գնալով ավելի ու ավելի քիչ են դառնում հնարավորությունները, որ ինքը կդառնա անարդարության զոհ»։

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Պետք է արձանագրել, որ քրեական գործերի վիճակագրության ընթացքը, որը ներկայացվում է, ի վերջո, նաև սրա մասին է վկայում, որ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին։ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճ, երբեմն դա նշանակում է վստահության մեծացում, երբ մարդիկ ավելի մեծ վստահությամբ կարող են դիմել իրավապահ մարմիններին և մասնավորապես՝ Քննչական կոմիտեին»։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով՝ վարչապետը հաջողություն է մաղթել նրանց Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու պետական, բարոյական և մարդկային շատ կարևոր առաքելությունն ավելի ու ավելի բարձր որակով իրականացնելու ճանապարհին։

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ, ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, նույն գլխավոր վարչության երրորդ վարչության պետ Կարապետ Համբարձումյանը, Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, արժեքավոր նվերով՝ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Արման Նշանյանը, ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վոլոդյա Մուրադյանը, Հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ Դավիթ Ոսկանյանը:

Արթուր Պողոսյանը Կոլեգիայի հանդիսավոր նիստում ներկայացրել է Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալին՝ Վաղինակ Մարտիրոսյանին:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, գլխավոր վարչությունների և վարչության պետերը ներկայացրել են 2026 թվականի 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով Կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով, հուշանվեր ժամացույցով, շնորհվել են շնորհակալագրեր, տվյալ պաշտոնի համար նախատեսված և արտահերթ դասային աստիճաններ։ 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի, ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանի հրամանով՝ մասնագիտական և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և արդյունավետորեն կատարելու, պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ մի շարք քննիչներ պարգևատրվել են մեդալներով, հուշանվեր ժամացույցով և պատվոգրերով: 

Հանդիսավոր նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ 81 քննիչների երդման արարողությունը։  

Քննչական կոմիտեի նախագահն իր եզրափակիչ խոսքում հանդես է եկել հանձնարարականներով և նշել, որ Կոլեգիայի այս նիստի արդյունքներով կլինեն կադրային փոփոխություններ և փոխատեղումներ:

08 Հոկտեմբեր, 2026 19:41
Վեր