Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ 7136 բաժնեմասի կբաժանորդագրվի Սևծովյան առևտրի և զարգացման բանկում:
Այս մասին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց նոյեմբերի 12-ի նիստում:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ Հայաստանը 1998 թվականից բանկի հիմնադիր անդամներից է, և այս տարիների ընթացքում բանկը եղել է մեր երկրի կարևոր ֆինանսական գործընկերներից մեկը՝ մասնավոր հատվածում տրամադրելով շուրջ 400 մլն եվրոյի առևտրային և ծրագրային ֆինանսավորում:
«Այսօր բանկի գործող վարկային պորտֆելը կազմում է շուրջ 1.5 մլրդ եվրո, որից Հայաստանում հաստատված ծրագրերը շուրջ 120 մլն եվրո, իսկ փաստացի տրամադրված ֆինանսավորումը՝ շուրջ 84 մլն եվրո: Թեև բանկի կապիտալում Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 1.01 տոկոս, մեր երկրում իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ծավալը զգալիորեն գերազանցում է այդ մասնակցության հարաբերական կշիռը: Սա ցույց է տալիս, որ բանկի հետ համագործակցությունը Հայաստանի համար ունի գործնական, տնտեսական նշանակություն»,- նշեց Հովհաննիսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ 2024 թվականին բանկի կառավարիչների խորհուրդը որոշում է ընդունել կանոնադրական կապիտալի հերթական համալրման վերաբերյալ, որին Հայաստանը նույնպես կողմ է քվեարկել:
«Կապիտալի համալրումը նպատակ ունի ընդլայնելու բանկի ֆինանսական հնարավորությունները, հատկապես տնտեսության իրական հատվածի, պետություն-մասնավոր գործընկերության և տարածաշրջանային նշանակության ծրագրերի ֆինանսավորման ուղղությամբ: Հայաստանը լրացուցիչ բաժանորդագրվելու է բանկի 7136 բաժնեմասի, ընդհանուր 8 մլն 206 հազար 400 եվրո արժեքով, արդյունքում մեր երկրի ընդհանուր բաժնեմասի քանակը կհասնի 27136-ի, իսկ բաժանորդագրված կապիտալը՝ 31 մլն 206 հազար 400 եվրոյի: Միաժամանակ կպահպանվի Հայաստանի ներկայիս 1.01 տոկոս մասնակցությունը բանկի կապիտալում»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:
Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ բաժնեմասի ամբողջ գումարը միանգամից վճարելու անհրաժեշտություն չկա:
«Ընդհանուր գումարի 30 տոկոսի՝ շուրջ 2.46 մլն եվրոյի մասով, նախատեսվում է մինչև 2026 թվականի ավարտը թողարկել անտոկոս մուրհակ, որի վճարումները կիրականացվեն 8 հավասար մասերով՝ 2027-2034 թվականների ընթացքում, այսինքն՝ տարեկան վճարումը կկազմի 307 հազար 740 եվրո: Մնացած 70 տոկոսը վճարման ենթակա կլինի միայն ըստ պահանջի»,- նշեց նա:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ընդունված որոշումն ապահովում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, պահպանում բանկում Հայաստանի մասնակցության ու ձայների իրավունքի կշիռը, մյուս կողմից նպաստում համագործակցության շարունակականությանը:


