Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, թե Հայաստանի Հանրապետություն է ներկրվել վարակված խոզերի մեծ խմբաքանակ, որը հապճեպ ենթարկվել է սպանդի և վաճառվել տեղական շուկայում՝ վտանգելով թե՛ տեղական արտադրողին, թե՛ սպառողի առողջությունը, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՍԱՏՄ-ն:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սահմանային պատշաճ վերահսկողություն՝ պահպանելով ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերը։
Կենդանիներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից տեղափոխող իրավաբանական և ֆիզիկական անձինք նախապես տեսչական մարմնի հետ համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների բեռնաթափման վայրը: Լիազոր մարմինը ներմուծող կազմակերպությանը համաձայնություն չի տալիս, եթե բեռնաթափման վայրը չի համապատասխանում սանիտարական նորմերին, հետևաբար կենդանիների ներմուծումը կամ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն չի թույլատրվում։
Ներմուծման գործընթացը, ներմուծվող ապրանքատեսակների որակը և անվտանգությունը գտնվում են լիազոր մարմնի անմիջական վերահսկողության ներքո, իսկ շուկայում տիրող գնային քաղաքականության համար տեսչական մարմինը պատասխանատվություն չի կրում։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակներում ապահովում է և՛ ներմուծող, և՛ արտադրող տնտեսվարողների բնականոն գործունեությունը՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները»,- ասվում է հաղորդագրությունում:

