Սեզոնային գրիպը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել. արդյո՞ք այդ պատվաստանյութն ունի հակացուցումներ Zarkerak - Սեզոնային գրիպը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել. արդյո՞ք այդ պատվաստանյութն ունի հակացուցումներ
Zarkerak Zarkerak - Սեզոնային գրիպը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել. արդյո՞ք այդ պատվաստանյութն ունի հակացուցումներ
Սեզոնային գրիպը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել. արդյո՞ք այդ պատվաստանյութն ունի հակացուցումներ

Սեզոնային գրիպը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել. արդյո՞ք այդ պատվաստանյութն ունի հակացուցումներ

Գրիպի սեզոնային ակտիվության շրջանում պաշտպանված լինելու համար մասնագետներն հորդորում են պատվաստվել: Առողջապահության նախարարությունից այսօր տեղեկացրել էին նաև, որ գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակում, և մարդիկ, անկախ կցագրման փաստից կարող եք պատվաստվել։ Պատվաստանյութը հասանելի է նաև շարժական պատվաստումային կետում: 

Zarkerak.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանն ասում է՝ չնայած, որ պատվաստանյութերի վերաբերյալ ազգաբնակչության հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունն այնքան էլ մեծ չէ, այդուամենայնիվ, դրական տեղաշարժ կա: Շարժը նկատելի է, օրինակ՝ ռիսկի խումբ հանդիսացող առաջին օղակի բժիշկների շրջանում:

Արման Բադալյանի խոսքով՝ այժմ կիրառվում է քառավալենտ Վաքսիգրիպ պատվաստանյութը.

«Ծանր դեպքերի կանխարգելման տեսանկյունից այս պատվաստանյութը 60-70 տոկոս արդյունավետություն ունի: Եթե հաշվի առնենք, որ մեծահասակների 5-10 տոկոսն է հիվանդանում, իսկ երեխաների 25 տոկոսը, ապա 60-70 տոկոս ծանր դեպքերի կանխարգելումը բավական մեծ էֆեկտիվություն է համարվում»,- ասում է համաճարակաբանը:

Հարցին, արդյոք պատվաստանյութը չունի հակացուցումներ կամ նախապես չի պահանջում որոշակի հետազոտություններ, համաճարակաբանն ասում է, որ գրիպի դեմ կիրառվող պատվաստանյութերը, բավական հեշտ «տարվող» են՝ հետպատվաստումային ընթացքում:

«Հակացուցումներից է նախորդ պատվաստումից տարած ծանր ալերգիկ ռեակցիան, որը սակայն այնքան էլ կիրառելի չէ. պատվաստանյութը տարին մեկ փոփոխվում է: Այդ դեպքում չի ստանա այդ պատվաստանյութը, կստանա այլ պատվաստանյութ»,- նշում է մասնագետն ու հավելում, որ,այդուամենայնիվ, օրգանիզմի անհատական ռեակցիան է, որը նախապես իմանալ ոչ մեկ չի կարող:

Ինչ վերաբերում է հնարավոր ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար նախապես արվող ստուգումների կիրառմանը, համաճարակաբանն ասում է, որ չկա նման չափանիշ:

«Նախապես ստուգում չկա, դրա համար մենք միշտ բժիշկներին խորհուրդ ենք տալիս, որ ավելի լավ է շատ հազվադեպ հանդիպող ռեակցիաները, որոնք հնարավոր է ի հայտ գան մարդու օրգանիզմում՝ արագ ախտորոշել, նման դեպքում  հիվանդին շատ արագ կարելի է հանել այդ վիճակից: Իսկ առանձին, ինչ-որ ստուգումներ, լաբորատոր քննություններ աշխարհի պրակտիկայում չկա»,-նշում է նա:

Հակացուցումների մասին խոսելիս համաճարակաբան Արման Բադալյանն ասում է, որ եթե նախկինում եղել են ինչ-որ դեպքեր, երբ պատվաստումից ռեակցիա է սկսվել, ապա դա պետք է բժշկին ներկայացվի, որպեսզի անհատական մոտեցում ցուցաբերի:

Ըստ Բադալյանի, որպես ընդհանուր հակացուցում ՝ համարվում  են այն դեպքերը, երբ ուղեկցող հիվանդություններ կան, և որոնց սրացման շրջանն է.

«Այդ դեպքում պատվաստումը կարող է հետաձգվել մինչև վիճակի բարելավում: Նմանատիպ՝ ընդհանուր մոտեցումներ են և որևէ անհատական մոտեցում չկա: Հակառակը՝ այս պատվաստանյութը հենց հղիներին է ցուցված, 65-ից բարձր տարիքային խմբին, որոնք ունեն շնչառական համակարգի, սիրտանոթային համակարգի, միզարտադրողական համակարգի և այլ խնդիրներ: Տարեկան, տարբեր տվյալների համաձայն, գրիպից 290-650 հազար մահացու դեպքեր են լինում աշխարհում: Այսինքն, գրիպի վիրուսն ինքնին կարող է բերել ինչ-որ բարդություն, իսկ եթե կան ուղեկցող հիվանդություններ, այդ բարդ ընթացքն անգամներ ծանրացնում են»,- շեշտում է համաճարակաբանը: Նրա խոսքով, այդ բարդացումները կարող են հանգեցնել նույնիսկ մահվան:  

Արման Բադալյանն ասում է, 65-ից բարձր, ուղեկցող հիվանդություններով՝ տարբեր օրգան համակարգերի խրոնիկ հիվանդություններով մարդիկ առաջնահերթ են: Թե, երբ է տարվա ընթացքում լավագույն շրջանը պատվաստվելու համար, համաճարակաբանի խոսքով՝ սեզոնի տեսանկյունից հիմա ամենաբարենպաստ շրջանն է.

«Հոկտեմբեր-նոյեմբերը, քանի որ հիմա նոր-նոր է սկսվում ալիքը, իսկ պատվաստումից հետո 2-3 շաբաթ պետք է անցնի, որպեսզի հակամարմիները ձևավորվեն»,-ընդգծում է նա:

Գրիպի դեմ պատվաստումը տարին մեկ անգամ ու մեկ չափաբաժնով է իրականացվում՝ միջմկանային ներարկման տեսքով.

«Տարին մեկ անգամ է, որովհետև շտամերն անընդմեջ փոխվում են և պատվաստանյութը ևս անընդմեջ փոփոխության է ենթարկվում: Տարին մեկ անգամ վիրուսի «ստրուկտուրայում» փոփոխություններ են տեղի ունենում, և ինքը հենց փոխվեց՝ մարդը դառնում է զգայուն այդ նորի նկատմամբ՝ հնի նկատմամբ անցնում է հետպատվաստումային իմունիտետը»,- ընդգծեց նա:

Եվս մեկ անգամ հիշեցնելով, որ փոքրիկներին՝ 6 ամսականից սկսած մինչև 5-6 տարեկանը և 65 տարեկանից բարձր անձանց, որոնք ռիսկի խմբում են՝ պատվաստելը խրախուսվում է, համաճարակաբանը հորդորում է նաև բոլորին պատվաստվել և խուսափել հնարավոր բարդացումներից: 

Նշենք, որ ներկայում, Երևանի բոլոր պոլիկլինիկաները, իսկ հաջորդ շաբաթվանից՝ նաև մարզային, արդեն ապահովված կլինեն 2022-2023 թթ. սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պատվաստվել, կարող են դիմել պոլիկլինիկա կամ շարժական պատվաստումային կետ և պատվաստվել:

 

Արաքսյա Փաշոյան

17 Հոկտեմբեր, 2022 19:29
Վեր