Վերջին շրջանում շինարարության ոլորտում պարբերաբար գրանցվում են դժբախտ պատահարներ՝ հիմնականում մահվան ելքով։ Վերջին դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Ավետիս Վ.-ն Կոտայքի մարզի Զովունի գյուղում շինարարական աշխատանքներ կատարելիս ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից Zarkerak.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին, որ 2019-2023 թվականներն ընկած ժամանակահատվածում ներկայացվել է շինարարություն իրականացնող կազմակերպություններում տեղի ունեցած 22 դժբախտ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն, որից 17-ը եղել է մահվան ելքով. «Դժբախտ դեպքերի հիմնական պատճառներից է բարձրության վրա աշխատանքի անվտանգության կանոնները չպահպանելը: Շինարարության ոլորտում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող աշխատանքների աճով պայմանավորված արձանագրվել է նաև դժբախտ դեպքերի թվի աճ: 2023 թվականին տեսչական մարմին է ներկայացվել մահվան ելքով 11 դժբախտ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն»:

Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով շինհրապարակներում դժբախտ դեպքերի թվի աճին՝ նշեց. «Բոլոր կառուցապատողները, կառուցապատողների շինհրապարակներում գտնվող կապալառուները, կապալառուների բանվորական անձնակազմը և այլն, բոլորը փորձում են հնարավորինս պահպանել անվտանգային կանոնները, սակայն հաճախ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, օրինակ՝ պայմանավորված եղանակային պայմաններով կամ, երբ համապատասխան սարքավորումները, որոնք նախատեսված են բարձրության վրա աշխատանքներ կատարելու , անվտանգությունն ապահովելու համար՝ չեն ծառայում ըստ նպատակի, դա էլ հասցնում է դժբախտ պատահարի: Պատահարների թվի ավելացումը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում, եթե նայում ենք վիճակագրական տվյալները, ապա 2022-23 թվականներն ամենաակտիվ ժամանակահատվածն է եղել շինհրապարակներում և քաղաքաշինական ներդրումային ծրագրերն ամենակտիվը եղել են հենց այս փուլում: Այս տրամաբանության համատեքստում, բնականաբար մեծ ծավալների մեջ նաև դեպքերի թիվն է ավելի շատ լինում»:

Գուրգեն Գրիգորյան
Գրիգորյանի խոսքով՝ անվտանգային կանոններին հետևելու պարտավորություն յուրաքանչյուրն իր հերթին պետք է ունենա՝ թե՛ կառուցապատողը, թե՛ կապալառուն. «Տվյալ դեպքում, քանի որ կառուցապատողը հանդես է գալիս որպես պատվիրատու, պատվիրում է կապալառուին կատարել աշխատանքները, կապալառուն է պարտավոր իր անձնակազմի համար ապահովել անվտանգային հարցերը: Քանի որ այսօր ունենք հսկողություն և վերահսկողություն իրականացնող լավ օղակներ, որոնք արդյունավետորեն աշխատում են, այդ դեպքում թերությունները հայտնաբերվում են և թերությունների վերացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տարվում են:
Ես ականատես եղել եմ, թե ինչպես են շինհրապարակներում հայտնաբերվում թերություններ՝ անվտանգային կանոնների նորմերի չպահպանման կամ թերի պահպանման տեսանկյունից և թերությունների վերացումները ժամկետներում տեղի են ունենում: Բնականաբար, չենք կարող բացառել այն իրավիճակները, որ ինչքան էլ փորձեն շինհրապարակում անվտանգային նորմերը պահպանել՝ մարդկանց առողջական վիճակի կամ ինքնազգացողության վատացման դեպքեր լինում են և դրանով պայմանավորված բարձրության վրա աշխատանք կատարող անձը պայմանական գլխապտույտով պայմանավորված ցած է ընկնում և առողջությանը վնաս է պատճառում»:

Գուրգեն Գրիգորյանն ընդգծեց, որ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինները խստագույնս հսկողություն են իրականացնում՝ շինհրապարակների անվտանգության նորմերի պահպանման ապահովման նպատակով. «Ցավոք սրտի, այսօր կան շինհրապարակներ, որոնք՝ մեղմ ասած այնքան էլ չեն բավարարում անվտանգային կանոնների պայմաններին և շատ ողջունելի է, որ պետական մարմիններն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք են իրականացնում հնարավոր թերացումները, դժբախտ պատահարները կանխելու նպատակով»:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ են հայտնում, որ շինարարություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվում են տեսչական մարմնի տարեկան ծրագրով հաստատված թեմատիկ ստուգումներ. «Հարուցված վարչական վարույթների և իրականացրած ստուգումների արդյունքում տրվում են խախտումները և թերությունները վերացնելու վերաբերյալ կարգադրագրերը, կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ»:

Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ նախագահն էլ իր հերթին նշեց, որ կառուցապատողներն իրենք էլ շահագրգռված են, որ իրենց շինհրապարակում դժբախտ պատահարներ չլինեն. «Առաջին հերթին շահագրգիռ սուբյեկտը հենց կառուցապատողն է, որ ստիպում է կապալառուին ապահովել շինհրապարակում բանվորական իր աշխատակազմի անվտանգային նորմերի խստագույնս պահպանումը: Եթե անգամ նմանատիպ դեպք է տեղի ունենում, բնականաբար դա բացասական հետևանքներ է թողնում տվյալ քաղաքաշինական ծրագիր իրականացնող կառուցապատողի վրա և այդ տրամաբանության համատեքստում որևէ կառուցապատողի շահերից չի բխում, որ իր շինհրապարակի շուրջ աղմուկ բարձրանա: Կառուցապատողների մեծ մասն առաջնորդվում է այն տրամաբնությամբ, որ հնարավորինս հետևողական լինեն, որ իրենց կապալառուներն ապահովեն ստանձնած պայմանագրային պարտավորությունները»:

Գրիգորյանի խոսքով՝ շինհրապարակներում կան նաև տեխնիկներ, որոնք հետևում են անվտանգության կանոնների պահպանմանը. «Շինհրապարակներում կան համապատասխան մասնագետներ՝ տեխնիկներ, որոնք հետևում են հենց անվտանգային նորմերի պահպանմանը ու համապատասխան խնդրի հայտնաբերման դեպքում արագ արձագանքում են և դրանց տալիս են լուծումներ: Նշեմ, որ մեր անդամ կառուցապատողների շրջանում վերջին երեք տարվա ընթացքում որևէ դեպք չի արձանագրվել»:

Գուրգեն Գրիգորյանի կարծիքով՝ պետք է նախատեսել կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտ, որպեսզի հնարավոր լինի հնարավոր ռիսկերն ապահովագրել:
Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ նշեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե շինղեկավարն ինչպես է կազմակերպում իր աշխատանքը: Կան շինարարական շատ լավ կազմակերպություններ, որտեղ անվտանգության նորմերը պահպանվում են, այդ ամենը խոսում է այն մասին, որ լուրջ աշխատանք է տարվում և ամեն մեկը մտահոգվում է իր աշխատողների առողջական վիճակով: Ամեն կազմակերպություն պետք է մտահոգված լինի առաջին հերթին իր աշխատողների համար: Թափթփվածությունը և աշխատանքին մատների արանքով նայելը բերում է ցավալի հետևանքների, ցավոք՝ դեռ շարունակում են նմանատիպ դեպքեր լինել»:

Մկրտիչ Մինասյան
Ճարտարապետի խոսքով՝ բոլոր կազմակերպությունները պետք է ձգտեն, որ իրենց մոտ նմանատիպ դեպքեր չգրանցվեն. «Ի վերջո, դա վատ ցուցանիշ է և ազդում է նրանց անվան վրա: Պետք է կասեցնել այդ ամենը, որովհետև, եթե դու միանգամից արձագանք չես տալիս կամ չես նկատում քո շինհրապարակում առկա սխալը, դա հետո ձնագնդի պես մեծանում է և հանգեցնում է դժբախտ պատահարների, իսկ, եթե հսկողություն լինի և անվտանգության նորմերը պահպանվեն, իհարկե, դեպքերը կքչանան: Սա շղթայական գործընթաց է, եթե մի կողմը թերանում է, ապա դա ազդում է ամբողջ աշխատանքի վրա»:

Մկրտչյանը նշեց, որ շատ կարևոր է նաև շինհրապարակներում անվտանգության մասնագետների ներկայությունը. «Այդ մասնագետները պետք է հսկեն, տեսնեն, թե մեխանիզմներն ինչ վիճակում են գտնվում, ինչքանով են հագեցած, ինչքանով է վթարված այս կամ այն մեխանիզմը: Եթե այս ամենին հետևես, դա էլ կնպաստի, որ նման դեպքերը նվազեն»:

Մկրտիչ Մինասյանն ընդգծեց նաև վերահսկողության կարևորությունը, սակայն՝ նշելով, որ միայն վերահսկությունն էլ լիարժեք արդյունավետ չի կարող լինել. «Վերահսկողությունն իր տեղն ունի, բայց առաջին հերթին այդտեղ շինկազմակերպության ղեկավարի և յուրաքանչյուր տեղում աշխղեկի խնդիրն է, որ ինչքան նրանք կազմակերպված և գրագետ կատարեն իրենց աշխատանքը։ Այստեղ մարդկային գործոն էլ կա, որովհետև, եթե դու ցավում ես քո աշխատողի համար, պետք է ստեղծես այնպիսի պայմաններ, որ որևէ պատահականություն չլինի: Կազմակերպության ղեկավարը չպետք է սպասի, որ գան վերահսկեն, նոր պահպանի այդ նորմերը: Վերահսկող մարմինը գրանցում է դեպքը, որն արդեն եղել է, սակայն առաջին հերթին կազմակերպություններն իրենք պետք է շահագրգռված լինեն, որ նման դեպքեր չգրանցվեն: Միայն վերահսկելով և պատժելով շատ հարցեր չեն լուծվի»:

Zarkerak.am-ը թեմայի շուրջ զրուցեց նաև փաստաբան Քրիստինե Ավագյանի հետ՝ հասկանալու համար, թե այս դեպքում որքանով են պաշտպանված աշխատողների իրավունքները և որքանով են նման դեպքերի մեղավորները պատժվում. «Եթե դատական պրակտիկան ուսումնասիրենք, կտեսնենք, որ մինչ այս բոլորը, ովքեր այդ գործերով մեղադրյալ են եղել, արդարացվել են: Նրանք հիմնականում արդարացվել են այն պատճառով, որ աշխատանքի անվտանգության ուսուցման կազմակերպման միջազգային ստանդարտների հայերեն թարգմանությունները չկային, առկա էին միայն ռուսերեն տարբերակները․ դա չէր կարող համարվել օրենք, քանի որ իրավական որոշակիության սկզբունքին չէր համապատասխանում։ Հասցեատերը հնարավորություն չունենալով հայերեն տարբերակին ծանոթանալու և գիտակցելու տվյալ ստանդարտներում նշված իր իրավունքների, ազատությունների իրացման թույլատրելիության շրջանակները, չէր կարող իր վարքագծի իրավաչափությունը գնահատել և կանխատեսել դրանից բխող իրավական հետևանքները: Հիմա մոտ մեկ ամիս է՝ այդ ստանդարտների հայերեն տարբերակները հրապարակված կան, այսինքն՝ օրենքը կա, որն այն բոլոր չափանիշներն է սահմանում, որոնք պարտադիր պետք է լինեն շինհրապարակներում աշխատանքի անվտանգության կազմակերպման համար: Սա արդեն իսկ երաշխիք է աշխատողների համար»:

Քրիստինե Ավագյան
Ավագյանն ընդգծեց, որ կարևոր դրույթ է նաև այն, որ հիմա գործատու հանդիսացող իրավաբանական անձը կարող է պատասխանատվության ենթարկվել, ընդհուպ մինչև լուծարվել. «Կարևոր է նաև այն հանգամանքը, որ պետք է հրահանգավորեն աշխատողներին, շինարարներին։ Կա լիցենզավորված մասնագետ, որը պետք է հրահանգավորի շինարարներին՝ ըստ իրենց աշխատանքային պարտականությունների, իսկ դրանից հետո ամեն օր պետք է գրանցամատյաններում լրացնի: Վերջին մեկ ամսվանից հետո կարող ենք ասել, որ աշխատողն արդեն օրենքով պաշտպանված է, մինչև դա՝ իրավական բաց կար, որովհետև ոչ ոք այդ մարդկանց համար պատասխանատվություն չէր կրում, հիմա գործատուները ևս ավելի զգույշ կինեն»:

Փաստաբանի խոսքով՝ սա լրացուցիչ պաշտպանության միջոց կարող է լինել շինարարության ոլորտում աշխատողների համար. «Շինկազմակերպությունները միշտ առաջ էին մղում այն թեզը, որ չկա այնպիսի օրենք, որով մենք պետք է առաջնորդվենք․ հիմա արդեն այդ բացը լրացված է»:
Աննա Բզնունի