Մենք ունենք ֆիզիկապես և բարոյապես մաշված բնակֆոնդ. դրանք պետք է փոխարինվեն նորերով. որքանո՞վ է խնդիրը պետության ուշադրության կենտրոնում և ի՞նչ լուծումներ են առաջարկում մասնագետները Zarkerak - Մենք ունենք ֆիզիկապես և բարոյապես մաշված բնակֆոնդ. դրանք պետք է փոխարինվեն նորերով. որքանո՞վ է խնդիրը պետության ուշադրության կենտրոնում և ի՞նչ լուծումներ են առաջարկում մասնագետները
Zarkerak Zarkerak - Մենք ունենք ֆիզիկապես և բարոյապես մաշված բնակֆոնդ. դրանք պետք է փոխարինվեն նորերով. որքանո՞վ է խնդիրը պետության ուշադրության կենտրոնում և ի՞նչ լուծումներ են առաջարկում մասնագետները
Մենք ունենք ֆիզիկապես և բարոյապես մաշված բնակֆոնդ. դրանք պետք է փոխարինվեն նորերով. որքանո՞վ է խնդիրը պետության ուշադրության կենտրոնում և ի՞նչ լուծումներ են առաջարկում մասնագետները

Մենք ունենք ֆիզիկապես և բարոյապես մաշված բնակֆոնդ. դրանք պետք է փոխարինվեն նորերով. որքանո՞վ է խնդիրը պետության ուշադրության կենտրոնում և ի՞նչ լուծումներ են առաջարկում մասնագետները

ՀՀ-ում վերջին տարիներին շինարարարական բում է, մասնավորապես Երևանում՝ մեծ թափով ընթանում է բազմաբնակարան շենքերի կառուցումը։ Պատահական չէ, որ ՀՀ-ի 9.4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի ձևավորման վրա իր մեծ դերն է ունեցել նաև շինարարության ոլորտը (14.8 տոկոս աճ):

Իհարկե, մասնագետները դրական են գնահատում կառուցապատման այս տեմպերը, սակայն, միաժամանակ նշում են ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես՝ հին բնակֆոնդն ու դրանից բխող հետևանքները: Հին բնակֆոնդի նորացումը դարձել է քաղաքաշինության ոլորտում օրվա կարևոր խնդիրներից մեկը, իսկ, թե ինչքանով է այն պետության ուշադրության կենտրոնում՝ Zarkerak.am-ը փորձեց տեղեկանալ Քաղաքաշինության կոմիտեից: Կառույցից մեզ հայտնեցին, որ Կառավարությունը 2023 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշման նպատակն է ստեղծել բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ բնակֆոնդի վիճակի մասին տվյալներ, դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի վերաբերյալ տվյալները:

Ներկայում բնակարանային ֆոնդի, այդ թվում՝ տեխնիկական վիճակի վերաբերյալ ամբողջական և արդիական տվյալներ առկա չեն․ նման տվյալներ հավաքագրվում են մարզերից և Երևանի քաղաքապետարանից հարցումների ձևաչափով: Իսկ իրականացվող քայլերն առավելապես հիմնվում են համայնքների, մարզպետարանների, քաղաքացիների ներկայացրած դիմումների, բողոքների, ահազանգերի վրա: Հետևաբար, միասնական տեղեկատվական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ գործիք՝ հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված առավել թիրախային քաղաքականության մշակման, ֆինանսական պլանավորման և համապատասխան ծրագրերի իրականացման համար:

Խնդրին և դրանից բխող հետևանքներին մեզ հետ զրույցում անդրադարձավ Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը. «Եթե խոսում ենք խորհրդային տարիներին կառուցված բնակֆոնդի մասին, շատ անմխիթար վիճակում է գտնվում, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես մաշված է: Տարիների ընթացքում անխնամ օգտագործում է եղել և ոչ պատշաճ շահագործում, տարիներն անցել են, իսկ այդ շենքերը նախատեսված են եղել 40-50 տարվա համար, խոսքն հիմնականում 50-60-ականներին կառուցված «խրուշչովկաներին» կամ պանելային այլ շենքերին է վերաբերում: Վերջին անգամ՝ ըստ իմ տեղեկությունների՝ 2012 թվականին է տեղի ունեցել դրանց ֆիզիկական վիճակի վերաբերյալ գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ 15 կամ 20 չորրորդ  կարգի վթարայնություն ունեցող շենքեր կան, բայց դրանից հետո անցել է 10 տարի և չի եղել որևէ փորձաքննություն, որ պարզվի, թե այս պահի դրությամբ մենք քանի նմանատիպ շենքեր ունենք, խոսքը չորրորդ կարգի վթարային շենքերի մասին է: Իհարկե, խոսքն ամբողջ Հայաստանի մասին է, բայց դրանց՝ մոտավորապես 80 տոկոսը Երևանում է:  

Սա է առկա իրավիճակը, այսինքն՝ մենք ունենք ֆիզիկապես և բարոյապես մաշված բնակֆոնդ և ամենաէականը, որ կուզեի շեշտել՝ այդ շենքերը, որոնք կառուցվել են այդ ժամանակաշրջանում, այդ ժամանակվա նորմերին են համապատասխան ՝ 7 բալ սեյսմակայունության տրամաբանությամբ, այսինքն՝ իրենց այդ մաշվածության հետ մեկտեղ նաև ունեն անվտանգային որոշակի խնդիրներ, որոնք վերաբերում են արդեն մեր ամբողջ ազգաբնակչությանը»:

Արմեն Սաքապետոյան

Սաքապետոյանի խոսքով՝ ՀՀ-ն շուրջ 80-85 միլիոն բազմաբնակարան բնակելի շենքերի ֆոնդ ունի. «Որպեսզի մենք ամբողջ ֆոնդը 100 տարվա ընթացքում թարմացնենք, այսինքն՝ գոնե տարին մեկ տոկոսի չափով ռենովացվի՝ անհրաժեշտ է, որպեսզի հանրապետությունում տեղի ունենա տարեկան նոր բնակֆոնդի շահագործման հանձնում՝ մոտավորապես 700 հազար քմ: Մեզ մոտ դրան մոտ թիվ արձանագրվել է 2007-08 թվականներին, դրանից հետո կտրուկ նվազում է տեղի ունեցել: Մենք այս վերջին երկու-երեք տարիներին հասնում ենք այդ կետին, այսինքն՝ տարեկան շահագործման է հանձնվում 600-800 հազար քմ բնակֆոնդ, դրա նախադրյալները 2016 թվականից մեկնարկած եկամտահարկի վերադարձի ծրագիրն է եղել, ինչը նշանակում է՝ մենք շատ հետ ենք թեկուզ այդ 100 տարվա իմաստով ռենովացնելուց»:

Ըստ Արմեն Սաքապետոյանի՝ պետությունը պետք է ճիշտ ռազմավարություն մշակի. «Խնդիրն առկա է, և պետությունն անհրաժեշտություն ունի քաղաքականությունը փոխելու և մշակելու այնպիսի քաղաքականություն, որ արդեն մասնավոր հատվածին հետաքրքիր լինի այդ ռենովացմանը մասնակից դառնալ կամ պետք է այդ ամենն արվի պետական միջոցների հաշվին, ինչը շատ սուղ է, և հնարավոր չէ այդ մասշտաբն ապահովել պետական միջոցներով: Հիմա, եթե խոսում ենք մասնավորին կամ ներդրումներ ներգրավվելու մասին, այդտեղ պետք է կառավարությունը միտված լինի որոշակիությանը, երկարաժամկետությանը, հստակ հաշվարկներին և ռազմավարությանը, ինչն այսօր բացակայում է: Մեր առաջարկը եղել է, որպեսզի օրինակ՝ Երևանի ինչ-որ մի հատվածում, պայմանական՝ Հալաբյան-Հասրաթյան  հատվածում վթարային շենքերից տասը շենք վերցվի, ոչ թե մի շենքի մի մուտք վերանորոգենք կամ այդ բնակիչներին տեղափոխենք, այլ մի ծրագիր իրականացվի, որը հետո կընդլայնվի և դրա լավ և վատ կողմերը հաշվի առնելով՝ կսկվի հիմնական ռենովացիայի ծրագիրը»:

Մեր այն հարցին, թե տարիների ընթացքում հին բնակֆոնդը որքանով է նորացվել՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ խորհրդի անդամն ասաց. «Հին շենքերն ընդհանրապես չեն նորացվել և դա էլ քաղաքաշինական առումով բերում է շատ խորը խնդիրների: Եթե մենք վերցնենք արդեն գոյություն ունեցող բնակելի թաղամասում ռենովացիոն ծրագիր իրականացնենք, պայմանական 10 հատ չորս հարկանի շենքերը քանդվեն, այդտեղ կառուցվեն օրինակ՝ 8 կամ 10 հատ 16 հարկանի շենքեր, որտեղ բնակիչներին կվերաբնակեցնեն, այդտեղ պետությունը կամ համայնքը չի ունենա նոր ենթակառուցվածքներ՝ դպրոց, գազատար, կոյուղիներ, ջրագծեր, լուսավորություն՝ նոր ենթակառուցվածքներ կառուցելու անհրաժեշտություն կլինի: Այս ամբողջ ռազմավարությունը, որը մեր տեսլականն է, պետք է միտված լինի նրան, որ քաղաքաշինությունը պետք է ունենա երկու սկզբունք՝ ռենովացիոն և ենթակառուցվածքային, այս երկուսը պետք է միմյանց լրացնեն, որպեսզի ունենանք լավ քաղաքաշինական միջավայր»:

Անդրադառնալով 2025 թվականից հետո Երևանում կառուցապատման ցուցանիշների հնարավոր նվազմանը՝ Սաքապետոյանը նշեց. «2025 թվականի հունվարի 1-ից ավարտվելու է եկամտային հարկի վերադարձի ծրագիրը և նախանշված այն ցուցանիշները, որ պետք է կառուցապատողները տեղափոխվեն դեպի մարզեր՝ հավաստիացնում եմ, որ տեղի չի ունենալու: Կառուցապատումը սկսվելու է իրականացվել օրինակ՝ Բագրևանդ փողոցի ոչ թե աջ մայթին, որը Երևանն է, այլ ձախ մայթին, որը Կոտայքի մարզն է, նույնը Զովունիում, Ավան-Առինջում և երևանամերձ այլ հատվածներում, ինչը բերելու է ենթակառուցվածքային խնդիրների ավելի խորացմանը, որովհետև այդ տարածքները նախատեսված չեն նմանատիպ հոծ բնակչության համար: Կառավարությանն ուղղված մեր ռենովացիայի առաջարկում նշվում է, որ եթե ծրագիրը դուք մի կողմից դադարեցնում եք, այսօր կա կառուցապատման աշխուժություն, պետք չէ այդ աշխուժությունը նվազեցնել, պետք է այդ տեմպերը պահպանել, որովհետև դա տնտեսության զարգացման հիմնական գործոններից մեկն է: Իհարկե, այդ ծրագիրը բյուջեի վրա բեռ է, բայց փոխարենը պետք է ներդնել մի այլ ծրագիր, որ ոչ թե կառուցապատողները մի շենք կառուցեն Երևանի սահմաններին՝ ավելի մեծացնելով Երևանը, այլ Երևանի մեջ արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքային միջավայրում կարողանան կառուցել»:

Անդրադառնալով այլ երկրների փորձին՝ մեր զրուցակիցն ասաց. «Մենք երկու ուսումնասիրություն արել ենք, մեկը Ղազախստանի, մյուսը Ռուսաստանի մասով: Ղազախստանում քաղաքաշինությունը տասը քայլ ավելի առաջ է, քան մեզ մոտ, որովհետև հետխորհրդային միակ պետությունն է, որը զրոյից նոր քաղաք կառուցեց 30 տարիների ընթացքում: Այդ ռենովացիայի ծրագիրը, որի մասին խոսում ենք, իրականացվել Է Ղազախստանում, Ռուսաստանում, այսինքն՝ պետությունը ստեղծում է բավարար միջոցներ ներդրողներ ներգրավվելու համար, քանդում են այն հին շենքերը, որոնք բնակչության համար այլևս պիտանի չեն և տեղը կառուցվում են նորերը: Օրինակ՝ Ղազախստանում կա քաղաքաշինության նմանատիպ ծրագրի ռազմավարություն 2020-2030 թվականների համար, ցանկացած ներդրող դա կարդում է, հասկանում է, խորհրդակցում է պետության հետ և այդ ռազմավարության  շրջանակներում իրականացնում է իր քաղաքաշինական գործունեությունը»:

Խոսելով նաև Կառավարությանը ներկայացրած իրենց առաջարկների մասին՝ Արմեն Սաքապետոյանն ասաց. «Մենք կառավարությանը երկու առաջարկ ենք արել, առաջինը՝ ռենովացիայի պիլոտային ծրագիրը սկսելն է, մենք մեր պատկերացումները ռազմավարական փաստաթղթի տեսքով ներկայացրել ենք և երկրորդը, եթե եկամտային հարկը դուրս է գալիս, պետությունը՝ ի դեմս ԿԲ-ի և Ֆինանսների նախարարության պետք է փորձի այնպիսի դրմավարկային քաղաքականություն իրականացնել, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն էապես իջնեն կամ գոնե նախանշվեն այն ռազմավարական, սոցիալական խմբերը, որոնք կունենան մատչելի հիփոթեքային վարկեր վերցնելու հնարավորություն, որովհետև անհնար է ամսական միջին 400-500 հազար դրամ եկամուտ ունեցող մարդու համար 15 կամ 13 տոկոսով վարկ վերցնել և բնակարան գնել, ինչն էլ արդեն բերում է սոցիալական հետևանքների: Սրա հետևից գալիս են մի շարք համալիր խնդիրներ, որոնք մեր պետության առաջ ծառացած են»:

Անդրադառնալով նաև կառավարության բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու որոշմանը՝ Սաքապետոյանը նշեց. «Տեսականորեն ճիշտ քայլ է, որպեսզի գույքագրվի, թե ինչ խնդիրներ ունենք, բայց դրան զուգահեռ կան ակնհայտ խնդիրներ, որոնք առանց գույքագրման էլ պարզ են: Դա, դեռևս բավարար միջոց չի մեր նշած ծրագրի մասին խոսելու կամ այն մեկնարկելու համար»:

Մեր այն հարցին, թե արդյոք ներկայիս բնակֆոնդը բավարարում է ՀՀ բնակչությանը՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ խորհրդի անդամն ասաց. «Մեր բնակֆոնդն իմ գնահատմամբ բավարարում է մեր բնակչությանը, այլ բան է դրա որակը կամ անվտանգությունը: Ես միշտ ասում եմ, որ 5-10 տարի հետո գալու է մի ժամանակ, որ քաղաքացին կունենա գումար, բայց չի կարողանա գտնել նոր կառուցված անվտանգ բնակարան, որովհետև եթե հիմա խոսում ենք 50-60-ականների շենքերի մասին, որոնց տարիքն արդեն 70 է, ես մի քիչ ավելի երկար եմ նայում, որովհետև եթե ծրագիրն այսօր սկսենք, հինգ տարի հետո նոր կունենանք դրա արդյունքը, հիմա քանի չենք սկսել, 5 տարի հետո արդեն այն 70-ականների կառուցածներն էլ են սկսելու խնդիրներ առաջացնել»:

Նշենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական Կոմիտեի տվյալների` 2022թ. վերջին Հայաստանում բնակարանային ֆոնդը կազմել է 105.7 մլն քմ:

 

Աննա Բզնունի

13 Փետրվար, 2024 15:48
Վեր