ՀՀ կառավարությունը նախորդ տարվա փետրվարին հաստատեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Առողջության պարտադիր ապահովագրության ներդրման նախագիծն արդեն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ եզրակացության համար, որից հետո խորհրդարանում կդրվի քննարկման։ Ապահովագրական համակարգը ներդրվելու է փուլային ձևաչափով՝ 3 տարիների ընթացքում։
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը բերելու է առողջապահական համակարգի զարգացմանը։ Այն միանշանակ նպաստելու է ոչ միայն բնակչության առողջապահական խնդիրների վաղ հայտնաբերմանն ու ժամանակին անհրաժեշտ բուժօգնության տրամադրմանը, այլ նաև ուղղված է լինելու քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը։ Բացի այդ՝ համակարգը նոր ազդակ կհաղորդի առողջապահության ոլորտում նոր և ավելի խոշոր ներդրումների ներգրավմանը ինչը կմեծացնի այդ համակարգի մրցունակությունը։ Բացի այդ համակարգը կնպաստի նաև առողջապահական տուրիզմի ներհոսքի ավելացմանը։
Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հարցն արդեն արդեն մի քանի տարի բուռն քննարկում են Հայաստանում, սակայն պետք է արձանագրել, որ որքան ձգձգվում է այդ համակարգի ներդրումը, այդքան դանդաղում է առողջապահական համակարգի զարգացումը։
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն 100 տարի շարժվում է այդ ճանապարհով։ Հայաստանում քաղաքացիների մեծ մասը շատ հաճախ առողջապահական ծառայություններից չի օգտվում բացառապես ֆինանսական պատճառներով և դիմում է միայն այդ ծառայությունների օգնությանը, երբ հիվանդությունն արդեն խորացել և ավելի է բարդացել, դիմելու դեպքում էլ ստանում է իր գրպանին համապատասխան ծառայություն, որը հաճախ լիարժեք բուժում չի երաշխավորում։ Այս համակարգով քաղաքացին ավելի պաշտպանված կլինի։ Համակարգի ներդրումից հետո ապահովագրական ընկերությունը կլինի միջնորդ քաղաքացու և բուժհիմնարկի միջև և հանդես կգա քաղաքացու շահերից՝ վերահսկելով մատուցած ծառայության որակը։
Ապահովագրության համակարգը նաև սոցիալական արդարության սկզբունքների կարևոր բաղադրիչներից մեկն է դառնալու։ Սոցիալական արդարության սկզբունքները առողջապահական բնագավառում ապահովագրության միջոցով ներդնելը կբերի նրան, որ հարուստները կվճարեն աղքատների համար, առողջը՝ հիվանդի համար, երիտասարդը՝ տարեցի համար։
Մկրտիչ Իսրայելյան