Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իջևանի «Բենտոնիտ կոմբինատի» աշխատակիցները այսօր Zarkerak.am- ի հետ զրույցում պատմել են, որ իրենց անուններով և իրենց անտեղյակության պայմաններում խոշոր չափերի վարկեր են ձևակերպվել, ինչի արդյունքում այժմ հայտնվել են անելանելի իրավիճակում:
Ձևավորված վարկերից ամենաքիչը կազմում է 160 հազար դրամ, իսկ ամենաշատը 720 հազար դրամ, որոնք ձևակերպվել են տարբեր ժամանակահատվածներում:
Տուժողների անունից հանդես եկող Փայլակ Մելքումյանի խոսքով` ֆինանսական հափշտակության գործողությունները կատարել է «Բենտոնիտ կոմբինատի» գլխավոր հաշվապահ Նրա Օգանեսովայի թոռ Էրիկ Խաչատրյանը, ով նախորդ տարվա վերջերին իրականացրել էր ընկերության ծրագրային անվտանգության ապահովման գործառույթները՝ հաքերային հարձակումներից:
«Մեզ հետ աշխատելով, լավ հարաբերություններ ստեղծելով, ասել է, որ պետք է ակտիվացնել «ԱրմՄեդ» ծառայությունը: «ԱրմՄեդ» հավելվածը նույնականացում է պահանջում, դեմքի ֆիքսում: Օգտագործելով մեր տվյալները՝ վարկային կազմակերպություններից՝ «Գլոբալ Կրեդիթ»-ից և «Յունիվերսալ Կրեդիթ»-ից օնլայն վարկեր է ձևակերպել և քարտային տարբերակներով գումարներ է հանել, որից մենք անտեղյակ ենք եղել: Ես իմ անձնագիրն ու հեռախոսը տվել եմ իրեն, փետրվար ամսին արդեն կանչել էր դեմքի նույնականացում անելու համար: Առանց մեզ տեսնելու, առանց մեր ստորագրության, թե ոնց է արել, թե ինչ է արել՝ չգիտեմ»,-ասել է գործարանի աշխատակիցը:
Զրուցակցի խոսքով տուժողների թիվը 13-ն է, և բոլորը նույն գործարանի աշխատակիցներ են: Նա նշեց, որ գործի վարույթը քննչականում է, իրենք արդեն ստացել ենք տուժողի կարգավիճակ, սակայն գործի հետ կապված որևէ առաջընթաց դեռ չկա: Արդյունքում Արդարադատության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արդեն սկսել է գանձումներ կատարել, ինչի արդյունքում տուժողները հասանելիություն չունեն իրենց աշխատավարձին:
«Մեր տղաներից մեկը բանկում ոսկի ուներ, գնացել էր, որ հաներ ասել էին, որ օնլայն վարկեր ունեք նոր գործարք չէին արել, հետո մենք էլ ստուգեցինք, պարզվեց խոշոր չափերի հասնող վարկեր ունենք: Նա այս գործերը սկսել էր անել դեկտեմբերից, մեզ հետ մինչև մարտ ամիսը աշխատել է»,-ասել է գործարանի աշխատակից Մելքումյանը։
«Մենք գնացել ենք քննչական, ասել, որ մեր աշխատավարձերը սառեցրել են, ինչ անենք: Քննիչն ասում է, որ զարմանում եմ, որ քննիչի որոշումը չի անցել բանկի մոտ: Հիմնականում խնդիրը «Գլոբալ կրեդիտ»–ի հետ, մյուսի հետ այդպիսի խնդիր չկա, ծանուցումներ էլ չկան: Որովհետև երբ քննիչը տուժողի կարգավիճակ է տվել, մեր վրայից «Գլոբալ կրեդիտի» պահանջները պետք է հանվեին, այսինքն մենք անմեղ ենք ճանաչվում: Բայց բանկը չի անում»,-ասում է զրուցակիցը:
Նրա խոսքերով դիմել են նաև Հարկադիր կատարման ծառայությանը՝ սահմանափակումները կասեցնելու խնդրանքով, սակայն մերժում ստացել, քանի, որ ըստ պատճառաբանության՝ նման բան կարող է լինել միայն դատարանի որոշման հիման վրա: Բացի այս Մելքումյանի փոխանցմամբ գործադուլ էլ են արել, գլխավոր հաշվապահի հեռացումն էլ են պահանջել, սակայն ոչինչ չի փոխվել։


