Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հիմա թվային տեխնոլոգիաներով պայմանավորված ամուսնալուծությունների թիվն ավելի շատ է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է «Ժեստ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է ամուսնալուծության 4279 դեպք, 2023-ին նույն ամիսներին՝ 4165: 2024-ի նշված ամիսներին ամուսնությունները կազմել են 14315, մինչևդեռ 2023-ին հունվար-նոյեմբերին՝ 15130:
Համեմատության համար նշենք, որ օրինակ 2004-ին ամուսնալուծությունների թիվը կազմել է 1968 (ամուսնությունները՝ 16975), և աստիճանաբար աճելով արդեն 2024-ին հատել 4 հազարի շեմը(ամուսնությունները՝ 18912):
Մեր զրուցակիցը նկատում է, որ ժամանակի ընթացքում փոխվել են ամուսնալուծությունների հիմնական պատճառները, թվային ժամանակները «թելադրում են» իրենց կանոնները.«Մեր դիտարկման համաձայն՝ եթե պատճառականությունը որպես շղթա ենք սարքում, 1990-ականներից մինչև 2000-ականներ սոցիալ-տնտեսական պատճառը՝ հացի խնդիրն առաջին տեղում էր, կամ նախկինում կհանդիպեինք, որ իրար ավելի քիչ են ճանաչել, շատ բան ընթացքում է բացահայտվել, անգամ՝ որոշ հիվանդություններ են բաժանության պատճառ դարձել: Բայց այսօր թվարկված պատճառները հետ են մղվել: Առաջին տեղում թվային տեխնոլոգիաներով պայմանավորված պատճառները կարող են լինել, այսօր մարդիկ կարողանում են այդ հացը ստեղծել, բայց արդեն հեռախոսներից չեն կարողանում դուրս գալ»:
Ըստ նրա հաճախ ծանոթությունները կարող են լինել սոցիալական կայքերում, կամ սոցիալական կայքերում զույգից մեկը կապվում է այլ անձի հետ կամ էլ համացանցում տիրող իրավիճակը բերում է ընտանիք.«Շատ մասնագիտությունների մեջ թվային տեխնոլոգիաներով հագեցվածությունը կարող է բերել ամուսնալուծությունների՝ իրար հետ ժամանակ չանցկացնելը, մշտապես գաջեթների մեջ լինելը: Ու ստացվում է, որ այդ ամենը դաստիարակության և ընդհանուր ընտանիքի ոճի վրա էլ է անդրադառնում»:

Հոգեբանն ընդգծում է, որ բաժանությունների աճող վիճակագրության վրա կարող է ազդել կախվածությունների պատճառականությունը.«Նախկինում, թերևս, զույգն ավելի համբերատար էր լինում ալկոհոլիկի, թմրամոլի հանդեպ, այսօր արդեն ավելի արագ կբաժանվեն, որովհետև մեծերից, նաև բժիշկներից լսում են, որ շատ բաներ անշտկելի են: Մի տարածված միտք էլ կա, որ եթե չի շտկվում, կյանքը չպետք է դնել զոհասեղանին, ասում են՝ դա նրա ընտրությունն է: Թերևս դրա մեջ նաև որոշակի թերապևտիկ միտք կա, որ եթե ինչ-որ բան դժվար շտկելի է, լավ կլինի դա ժամանակին դադարեցնել»:

«Իրար չհասկացանք» բաժանվող զույգերից նման արտահայտություն հաճախ կարելի է լսել, ստացվում է, որ աշխարհին նայելու տարբեր տեսնակյուններն էլ կարող են ի վերջո հանգեցնել բաժանման.«Անգամ նույն ընտանիքում ապրող քույրն ու եղբայրը չեն կարող միանման լինել և նայել նույն ուղղությամբ, ուր մնաց, որ տարբեր ընտանիքներից զույգ կազմող մարդիկ նայեն միևնույն ուղղությամբ»,- ընդգծում է մասնագետը:
Ասում է՝ այստեղ մի շատ զգայուն կետ էլ կա՝ օրինակ ՔԿԱԳ-ն հեշտորեն ընդունում է ամուսնալուծության դիմումը, չնայած որ տրվում է երեք ամիս, այսպես ասած, մտածելու ժամանակ, բայց փոխարենը՝ ավելի քիչ ջանք է գործադրվում կանխարգելման տեսանկյունից.«Այստեղ պետք է ընտանեկան համատեղելիության գործիքակազմը մտնի իր իրավունքի մեջ»:

Ըստ Մարիամ Մեհրաբյանի, հաճախ ընտանիքի անդամներն էլ կարող են ոչ բարենպաստ ազդեցություն ունենալ զույգի կյանքում ու անգամ ամենաբարի խորհուրդը անկանխատեսելի հետևանք կարող է ունենալ.«Եթե երորրդ անձը լինի մասնագետ՝ ընտանեկան բժիշկ, ընտանեկան հոգեբան, ապա դա միայն կօգնի: Բայց եթե երրորդ անձը տղայի, աղջկա ծնողներն են, ընտանիքի անդամներ, ապա սուբյեկտիվ էմոցիոնալ դաշտը լինելու է առաջնային և օգուտը շատ չի լինելու»:
«Կարող է որոշ զույգերի հաջողվել է ծնողների խորհրդով ընտանիքը պահել, բայց կարելի է երկար բանավիճել այդ պահած ընտանիքը առհասարակ գտա՞վ իր համատեղելիությունը, առաջ շարժվե՞ց, թե սպոնտան ապրում է, որովհետև մայրիկն է խորհուրդ է տվել, չէ՞ որ բոլորի տանն էլ խնդիրներ կան»:
Վերջերս լսում ենք, որ երիտասարդ զույգերին զուգահեռ բաժանվում են տասնյակ տարիների ամուսինները, Մարիամ Մեհրաբյանը երևույթն այսպես է բացատրում.«Անտեսանելի պայմանագիր կա, երբ երեխաները փոքր են լինում կամ զույգն ունենում է ընդհանուր համատեղ լուծելու խնդիրներ, կարողանում է մինչև 30 տարի էլ համատեղ ապրել: Բայց երբ այդ բոլոր խնդիրները չկան, արդեն զույգն անելիք չունի, կարող է որոշ ապրել իր համար, այդ իր «համարի» մեջ չի մտնում այդ ամուսնական կտորը»:
«Մարդիկ նաև կարող են վախենալ հարաբերությոնւներ կառուցելուց, երկար հարաբերությունները շփոթեն ամուր ընտանիքի հետ, մինչդեռ երկար հարաբերություններ դեռ չի նշանակում ամուր ընտանիք»:
Իսկ ի՞նչ խորհուրդ են տալիս մասնագետներն այն զույգին, որը համատեղ կյանքի սցենարն այլևս չի դիտարկում.«Մեր ամենաիմաստուն խորհրդատուն ժամանակն է: Բայց ժամանակի մեջ էլ մարդը պետք է կարողանա ճիշտ մտածել և ճիշտ գործիքակազմ ընտրել: Հաճախ մարդիկ իրականում սպոնտան են գնում ամուսնալուծության, իսկ հաճախ էլ շատ երկար համբերելուց հետո: Այդ երկու խոշոր խմբերը հաշվի առնելով պետք է ասել, որ եթե պայքարում են ընտանիքը պահելու համար պետք է անպայման շեշտենք ընտանեկան համատեղելիության ձեռքբերումը: Իսկ դրա համար ամեն օր պետք է հարաբերությունների վրա աշխատել և հարաբերությունների զարգացման համար ներդրում անել»:
_1738235262.webp)



