Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ֆեյսբուքյան օգտատեր Արփինե Հակոբյանը գրառում է կատարել. «Փետրվարյան մի ցուրտ օր ոտք դնելով «Մուրացան» մանկական կլինիկա՝ անցնում եմ սպիտակ խալաթ հագած հրեշտակների «բանակի» միջով, որի կազմում գտնվող Հիպոկրատի երդվյալները կյանքի համար մղվող գոյամարտում պայքարում են հանուն նորածին էակների։
Ինձ ընդառաջ է գալիս այդ հումանիտար կազմի ընտրյալներից մեկը՝ բժշկուհի Թերեզա Աթյանը, որի ափերի մեջ է դրված վաղահաս ծնված որդուս՝ Անդրանիկի փրկությունը։
Ներաշխարհս հուզախռով է, տագնապներն հաջորդում են իրար, սակայն բժշկուհու աչքերում նշմարում եմ բոլոր խոսքերից վեր գտնվող հավատ ու ապագայի խոստումներ. նրա շնորհիվ է տղաս իր հաջորդ լուսաբացը դիմավորելու։
Նրա հրաշագործ ձեռքերը քա՜նի, քա՜նի փոքրիկների են կյանք վերադարձրել, քա՜նիսն են առաջինը լսել նրա մեղեդային ձայնն ու հաղորդակցվել նրա հետ։ Նրա անունն էլ պատահական չէ, իսկ անվան մեջ ճակատագրի ու հոգեբանության մասնիկ կա. գթության քույր սուրբ Մայր Թերեզայի անվանակիցն է։
Շուտով առաջնեկս ճանաչված մասնագետի հոգատար խնամքի ներքո կազդուրվեց ու արդեն ճիչով ազդարարեց իր գալուստը՝ կամոք Աստծո և մարդկային գոյության համար մարտնչող Աթյանի գիտելիքների ու մայրական գորովանքի նվիրմամբ, նրա առաքելությամբ։
Այդ օրը փետրվարի քսանն է՝ զավակիս ծննդյան օրը, որին գրկելը այսօր ինձ համար գերագույն վայելք է։ Շնորհակալ ենք Ձեզ հայրենանվեր հայուհի, որ բժշկի աշխատանքը դարձրել եք կենսակերպ և բազում կանանց պարգևել մայրանալու երջանկություն, գոհունակ ժպիտ, իսկ անմեղ , անաղարտ բալիկներին՝ կյանք՝ լցված զուլալ աղբյուրի կարկաչի նմանվող ծիծաղով։ Թող Ձեր հոգում ամփոփվի հարատև երջանկություն։
Մեծ ջանքերի շնորհիվ, նաև Ձեր կոլեկտիվի համատեղ աշխատանքի արդյունքում այն օրերի լռությունը այսօր փոխարինվել է երջանկությամբ։ Թող լուսավոր լինեն բոլոր օրերը, ինչպես Ձեր ժպիտն է, նվիրումը, որի արդյունքում մեր տանը շողշողուն տառերով գրեցինք «Բարի գալուստ Անդրանիկ» ու դրեցինք նոր սկիզբ»: