Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության համաշխարհային օրվա առթիվ:
«Հարգելի՛ գիտնականներ, գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, սիրելի՛ հետազոտողներ, ուսանողներ և գործընկերներ, գիտությունը պետության զարգացման, մրցունակության և դիմակայունության հիմնասյուներից է։ Այն ոչ միայն ստեղծում է նոր գիտելիք, այլև նպաստում է տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին, հասարակության կյանքի որակի բարելավմանը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
ՀՀ Կառավարության համար գիտության զարգացումը ռազմավարական առաջնահերթություն է։ 2018 թվականից ի վեր այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումների նպատակն է ձևավորել ժամանակակից, մրցունակ և միջազգային գիտական միջավայրին ինտեգրված համակարգ՝ արժևորելով գիտնականի աշխատանքը և ընդլայնելով հետազոտական հնարավորությունները։
Այս տարիներին գիտության պետական ֆինանսավորումը 14,3 միլիարդ դրամից հասել է շուրջ 40 միլիարդ դրամի՝ գրեթե եռապատկվելով։ Միաժամանակ, վերանայվել է գիտաշխատողների վարձատրության համակարգը. 2021–2025 թվականներին իրականացված բարեփոխումների արդյունքում գիտական տարբեր պաշտոնների երաշխավորված նվազագույն դրույքաչափերն աճել են 105–300 տոկոսով։ Այս քաղաքականության դրական արդյունքներից է նաև գիտական համայնքի երիտասարդացումը․ 2021 թվականից ի վեր գիտության ոլորտ է ներգրավվել ավելի քան 600 գիտաշխատող, որոնց մեծ մասը մինչև 35 տարեկան երիտասարդ հետազոտողներ են։
Մեր առաջնահերթություններից է նաև ժամանակակից հետազոտական միջավայրի ձևավորումը. 2021-2025 թվականներին գիտական ենթակառուցվածքների արդիականացման և սարքավորումների ձեռքբերման նպատակով հատկացվել է շուրջ 20 միլիարդ դրամ։ Արդյունքում՝ ավելի քան 34 պետական բուհեր և գիտական կազմակերպություններ ձեռք են բերել 415 ժամանակակից գիտական սարք և սարքավորում։
Ընդլայնվել են նաև գիտության մրցակցային ֆինանսավորման հնարավորությունները։ Այսօր Հայաստանում գործում են գիտական կարիերայի տարբեր փուլերին համապատասխան ավելի քան 20 դրամաշնորհային ծրագրեր, որոնք աջակցում են հիմնարար և կիրառական հետազոտություններին, երիտասարդ գիտնականներին, նոր հետազոտական խմբերի ձևավորմանն ու գիտության և տնտեսության միջև կապերի ամրապնդմանը։
Առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի գիտական համակարգի միջազգային մրցունակության բարձրացումը։ ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրման դրամաշնորհային ծրագրերը նպաստում են միջազգային առաջատար գիտական ներուժի ներգրավմանը, միջազգային փորձի փոխանցմանը և Հայաստանում նոր հետազոտական ուղղությունների զարգացմանը։ Միաժամանակ, պետական աջակցությամբ 125 հայաստանյան հետազոտող վերապատրաստվել է աշխարհի ավելի քան 20 երկրների առաջատար գիտական կենտրոններում։
Միջազգային համագործակցության կարևոր արդյունքներից է նաև Հայաստանի մասնակցությունը Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին։ 2026 թվականի սեպտեմբերի դրությամբ հայաստանյան կազմակերպությունների մասնակցությամբ կնքվել է ֆինանսավորման 31 պայմանագիր՝ շուրջ 10,7 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով։ Սա ավելի քան կրկնակի գերազանցում է «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում ներգրավված ֆինանսավորման ընդհանուր ծավալը։
Աճում է նաև հայաստանյան գիտական արդյունքի միջազգային տեսանելիությունը։ Web of Science գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված հայաստանյան գիտական հրապարակումների թիվը 2018 թվականի 1287-ից 2025 թվականին հասել է շուրջ 1950-ի։
Միաժամանակ, կարևորում ենք գիտության բոլոր ուղղությունների զարգացումը՝ ներառյալ բնագիտական, տեխնիկական, հասարակական և հումանիտար գիտությունները, ինչպես նաև հայագիտության և հայալեզու գիտական պարբերականների միջազգային առաջխաղացումը։
Մեր նպատակն է, որ գիտական ներուժն առավել արդյունավետ ծառայի նաև պետության և տնտեսության կարիքներին՝ նպաստելով գիտելիքահեն որոշումների կայացմանը, նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և տնտեսության տարբեր ճյուղերի արդիականացմանը։
Հարգելի՛ գործընկերներ, գիտության զարգացումը երկարաժամկետ ներդրում է Հայաստանի ապագայի, մարդկային կապիտալի և մեր երկրի առաջընթացի համար։ Մեր խնդիրն է ձևավորել այնպիսի գիտական համակարգ, որը կլինի բաց և մրցունակ միջազգային համագործակցության տիրույթում, գրավիչ երիտասարդների համար և ունակ՝ արձագանքելու Հայաստանի զարգացման առաջնահերթություններին։ Այս ճանապարհին մեր ամենամեծ արժեքը մարդիկ են՝ գիտնականները, հետազոտողները, դասախոսներն ու երիտասարդները, որոնք իրենց գիտելիքով, նվիրումով և ամենօրյա աշխատանքով կերտում են Հայաստանի գիտական ապագան։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գիտական համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց մասնագիտական պատասխանատվության, հետևողական աշխատանքի և Հայաստանի գիտական ներուժի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Կառավարության հանձնառությունն է շարունակել գիտության ոլորտի բարեփոխումները՝ ապահովելով արժանապատիվ աշխատանքային պայմաններ, նոր հնարավորություններ և գիտական ձեռքբերումների գործնական կիրառման միջավայր։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտության համաշխարհային օրվա առթիվ։ Մաղթում եմ նոր գաղափարներ, համարձակ հետազոտական նախաձեռնություններ, միջազգային գործընկերություններ և նշանակալի գիտական ձեռքբերումներ»,- ասված է ուղերձում։


