Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նրանք մեզ նման ուղիղ եթերում դուրս չեն գալիս ժողովրդի հետ շփումների: Իրենց խնդիրն ընդամենն օրակարգ ունենալն է, որովհետև հիմա փակուղու մեջ են»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության նախաձեռնած ակցիային՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Հակոբյանի կարծիքով՝ ինչպես կարող է ընդդիմությունը նոր Սահմանադրության մասին կարծիք ունենալ, եթե Սահմանադրության տեքստին դեռևս ծանոթ չի. «Գնալ սահմանադրական հանրաքվեի՝ նշանակում է ևս մեկ անգամ պարտվել, չգնալ հանրաքվեի՝ նշանակում է գնալ արտահերթ ընտրությունների, որի ժամանակ իրենք ամենալավը գիտեն, որ իրենց վարկանիշն այնքան է ընկել, որ անհնար է նույն քանակով վերարտադրվեն: Մենք բացատրել ենք ժողովրդին, թե ինչու ենք Սահմանադրություն ուզում փոխել, երկար ժամանակ պատրաստակամություն ենք հայտնել քննարկել նախագիծը, որն առաջիկայում կհրապարակվի և ներառել բոլորի մտահոգությունները, կարծիքները, առաջարկները, նոր գնալ հանրաքվեի: Ընդդիմությունը մի բան է առաջ քաշում՝ եթե չկա նախաբանի հղումը Սահմանադրության մեջ, ուրեմն դեմ են: Սա անլուրջ է, որովհետև մենք ասում ենք, որ «Անկախության հռչակագիրը» պատմական փաստ է, թե ինչու չպետք է ներառել նախաբանում՝ շատ պարզ է, որովհետև «Անկախության հռչակագրում» կա նպատակ՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման, ինչը որևէ քաղաքական ուժի նպատակներում չկա: Այս դեպքում ինչու սա մեր նախաբանում ներառել, որն ուղիղ տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ և որը երաշխիք է պատերազմի շարունակության ու խաղաղության չեղարկման»:
Ըստ Հասմիկ Հակոբյանի՝ եթե ընդդիմության բառապաշարից Ալիև և Ադրբեջան բառերը հանենք՝ որևէ քննադատություն չկա. «Նրանք կարծում են, որ ժողովրդից խելացի են և իրենք են վետո դնողը, որ ժողովուրդն իր կարծիքը չասի: Խորհրդարանն ընդամենը թույլ է տալիս հանրաքվե իրականացնել, ԱԺ-ի փոքրամասնությունն ասում է, որ թույլ չի տալիս, որ ժողովուրդը որոշի, կողմ չի քվեարկի, սա էլ գնահատականի արժանի արարք է: Վստահ եմ, որ նրանց ակցիաները հակառակ էֆեկտն են տալու, նրանք սրանով աջակցում են մեր օրակարգին, որովհետև փորձը ցույց է տվել, որ երբ ընդդիմությունը նման բուռն կերպով մի բան քարոզում է, ժողովուրդը գնում ու դրա հակառակն է անում»:
Անդրադառնալով ընդդիմության միավորմանը՝ պատգամավորը նշեց. «Ինչքան թեմա եղել է, բոլորով հավաքվել են մի տեղ ու ասել՝ մենք միավորվում ենք: Նրանք բոլորը նույն մարմնի տարբեր գլուխներ են: Վստահ եմ, որ ընտրություններին, եթե հաղթանակ ունենային՝ վարչապետի միասնական մեկ թեկնածու էին ունենալու և դա ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանն էր: Իրենց ցույց տված համախմբումը բացարձակ չի անհանգստացնում ՔՊ-ին, մեզ միայն ուրախացնում է, մենք այդքան երկար ժամանակ, որ ասում էինք՝ նրանք նույնն են, իրենք գալիս բեղ-մորուք էին կպցնում՝ իբր նույնը չեն, հիմա տեսնում ենք, որ մեր ասածն ապացուցում են»:
Խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին՝ Հակոբյանն ասաց. «Արտահերթ ընտրություններ մեր օրակարգում չկան, մենք նոր ենք ընտրությունները հաղթել և մեր խոստացած հնգամյա ծրագիրն ենք իրականացնում: Արտահերթ ընտրությունները հնարավոր սցենարներից մեկն է, եթե Սահմանադրության նախագիծը խորհրդարանում չստանա ընդդիմության թույլտվությունը՝ գնալու հանրաքվեի, սա ճանապարհներից մեկն է, բայց սա մեր նպատակը չէ»:


