Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մեկ-մեկ մտածում եմ՝ կնոջը Տիեզերքից են բերել, ոչ մեկն աշխարհում դա չի մտածել...» ,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական, պրոֆեսոր նկարիչ Փարավոն Միրզոյանը:
Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը հնարավորություն է կնոջը, նրա էությունն ու գեղեցկությունը, սերն ու էրոսը իր կտավներում մշտապես պատկերող Փարավոն Միրզոյանի հետ զրուցելու կանանց՝ այդպես էլ առեղծված մնացող ներաշխարհի, կանանց ու տղամարդկանց՝ առանց իրար ապրելու անհնարինության և կնոջ գեղեցկության առաջ գլուխ խոնարհող տղամարդկանց ու արվեստի մասին:
-Պարո՛ն Միրզոյան, Ձեր արվեստում կինն առանցքային դեր ունի, թվում է՝ նրա մարմնի կառուցվածքից, կորություններից մինչև ներաշխարհ տարիների ընթացքում պիտի բացահայտած լինեիք: Բայց մի առիթով ասել եք՝ կինը բարդ չափանիշ է, չարժե խորանալ փորձելով մինչև վերջ հասկանալ՝ կսխալվես, ո՞վ կամ ի՞նչը ստիպեց այդ մտքին հանգել:
-«Արեգակին պետք է հեռվից նայել.».. Ես իմ կյանքում շատ կանանց եմ հանդիպել: Երբ զրուցում ես ամեն մեկի մեջ մի այնպիսի ինքնատիպ բան ես տեսնում, որ չես հասկանում՝ որ կողմից մոտենալ՝ էությունը բացահայտելու համար, և մի քիչ կարծես դառնում ես նրանց գերին: Գուցե, արվեստագետ լինելը դրան էլ ավելի է նպաստում: Կանանց նկարելիս ուզում ես մտնել ներաշխարհի մեջ, բայց միևնույն է՝ վերջում ասում ես՝ չհասկացա էլի, չկարողացա բացահայտել: Երբեմն լսում եմ, որ կնոջը կամ աստվածային էություն են վերագրում, կամ սատանայական, այս մոտեցման հետ համամիտ չեմ: Անկեղծ ասած՝ չեմ կիսում նաև կարծիքները, թե Եվան Ադամի կողոսկրից է, ես մի նկար ունեմ՝ որտեղ կինն ու տղամարդը ծնվել են հողից՝ իրար կողք-կողքի... բնությունն առանց կնոջ ու տղամարդու դատարկ կլինի:
-Ձեր կտավներում շատ հաճախ կարելի է հանդիպել կանանց՝ առանց դեմքի: Գուցե փորձում եք մարտահրավեր նետել դիտողին, որ ինքը բացահայտի կերպարը: Այնուամենայնիվ, արվեստից դուրս՝ կյանքում, կարևորու՞մ եք, որ կինն ունենա դեմք ու դիմագիծ, լինի կայացած ու ներկայանալի:
-Այո՛, վերջին տարիներին կանանց տասնյակ նկարներում չեմ նկարում աչքը, բերանը, քիթը, հարցը դրանց մեջ չէ, այլ թե ինչպես կարող ես գտնել պլաստիկան և առանց դեմքը պատկերելու էլ ստեղծել մի այնպիսի կերպար, որը շատ բնորոշ է տվյալ կնոջը: Իսկ արդեն կտավից դուրս՝ կյանքում, կինը պետք է ներկայանա այնպես, որ հաճելի լինի միջավայրին, դա է շուք տալիս: Նայում ես մի կին՝ հետաքրքիր դեմքով, մտածելակերպով, պլաստիկայով, շարժումով, հետո ուզում ես նրա հետ զրուցել, որ գտնես ներաշխարհում ինչ ունի թաքցրած: Կինը պետք է շատ խնամված լինի՝ պահելու ձևից, նստելու ձևից՝ մինչև դիմահարդարում: Ես նման կանանց շատ եմ հանդիպել և հասկացել եմ՝ կինը շատ գրավիչ կարող է լինել նաև պարզության մեջ, ստիպել, որ իրենով հիանաս. հեչ պարտադիր չէ, որ նրա հագուստը շատ թանկարժեք լինի, վրան ոսկիները շողոշողան, կամ գլխին թագ դրած լինի, տղամարդը պետք է կնոջ գլխին թագ դնի:
- Իսկ շա՞տ կանայք են Ձեր կողմից «թագադրվել», պարո՛ն Միրզոյան:
-Այնպիսին եմ եղել, որ կինը զգա՝ իր կողքը կանգնած է տղամարդ, որը կարողանում է այնպես անել, որ այդ կինն իրեն թագուհի զգա, թե չէ առանց դրա կյանքն անիմաստ է: Անկեղծ ասած, համոզված եմ՝ մեծամասնության հետ, որ շփվել եմ, նրանք իրենց լավ են զգացել և մի հուշ թողել եմ, որն անմոռանալի է դարձել: Ես նաև վստահ եմ, որ կանայք ու տղամարդիկ կարող են լավ ընկերներ լինել, ունեմ ժամանակով փորձված ընկերներ: Ուղղակի հարազատ հոգի ես գտնում, որի հետ ամեն ինչի մասին կարող ես խոսել ու չմտածել քո և իր սեռական կյանքի մասին, դրանից վեր լինել:
-Մի առիթով ասել եք՝ կյանքն ինքնին մուսան է: Բայց եթե փորձենք անձնավորել մուսաներին, եղե՞լ են կանայք, որ դարձել են Ձեր ոգեշնչման աղբյուրը, և ի՞նչ հատկանիշներ պիտի ունենա կինը՝ Ձեր կտավում հայտնվելու համար:
-Շատ նկարիչներ ունեցել են մեկ մեծ մուսա, ամբողջ կյանքում դրանով ապրելով, իմ համոզմամբ՝ դա ֆանատիզմ է, ու հիվանդություն է դառնում, երբ շրջապատը, բնությունը մեկի մեջ ես տեսնում: Իսկ ես ապրում եմ այնպես, որ օրինակ փողոցում կարող եմ տեսնել քայլող կնոջ ու նկատել, թե ինչ հրաշալի ուսեր ունի, ինչ պլաստիկա...մի կին, մի շարժում բավարար է, որ արվեստը տեսնես, դու տեսնում ես այն, ինչն ուրիշը չի տեսել և հենց դա էլ քեզ համար դառնում է մուսա: Այնպես չէ, որ ես նկարում եմ միայն սիրուն աղջիկ, դու պիտի թաքնված գեղեցկությունը տեսնես, պիտի իրենից վերցնես այն, ինչ կարող ես կտավում արտահայտել: Կինն ինքը պետք է ուզի, որ դու իրեն նկարես: Կնոջ կերպարվեստը թանկարժեք բան է: Պետք է ունիկալ տղամարդ լինես կնոջ խարիզման զգալու համար. տղամարդկանց մեծ մասը չեն հասկանում՝ ինչ բան է գեղեցկությունը, ինչ բան է սերը, ինչով պիտի ապրել: Իմ արվեստի ու զգացմունքի մեջ կինը լոկ օբյեկտ չէ, նրան պիտի տեսնես միջավայրում, բնության մեջ: Նկարիչն իր արվեստով կարող էլ ցույց է տալ, թե ոնց է տեսնում հայ կնոջը, ոնց է սիրում, ոնց է փայփայում:
-Պարոն Միրզոյան, էրոսի թեմատիկան ևս հանդիպում ենք Ձեր արվեստում: Մի վտանգավոր ճամփաբաժան կա՝ զգացմունքների, մերկության գեղեցիկ պատկերման ու գռեհկության միջև, ինչպե՞ս եք կարողանում պահել սահմանը:
-Դա հենց նկարչի վարպետությունն ., կարող է սիրել, փայփայել, բայց առանց գռեհկության, հակառակ դեպքում մարդն իր տգիտությունն է ցույց տալիս: Իսկ սերը չի բերում կեղտոտության, բերում է քնքշության, պլաստիկայի, գրկախառնության: Պիտի այնպես նկարես, որ չափը չանցնես, ես այդ չափին չեմ մոտեցել, որովհետև մտածել եմ՝ արվեստ եմ ստեղծել, մշակույթ: Ու այդ իմաստով իմ այդ թեմայով ստեծագործությունները նայողները հիացել են, ասել են՝ բոլոր էրոտիկ շարժումները կարող են լինել, բայց շարժումը պետք է արվեստ լինի, չնայես, կոպիտ ասած, զզվես:
Ի դեպ, սիրո միջ կինն ավելի էմոցիոնալ է, կարծում եմ՝ դա կախված է կնոջ մարմնի կառուցվածքից. ամեն ինչ նրա ներսում է: Իսկ սերը թե՛ տղամարդու, թե՛ կնոջ վրա նույն կերպ է ազդում, պիտի կարողանաս հագենալ սիրուց և դրանով կյանքից հագենաս: Կինն առանց տղամարդու ոչինչ է, և տղամարդն առանց կնոջ նույնպես ոչինչ է, պետք է այնքան խառնված լինեն, խմորի նման, որ մեկը մյուսին տա կյանք:
-Պատասխաններից մեկում խոսեցիք հայ կանանցից, կա՞ն հատկանիշներ, որոնք հատուկ են հենց հայ կնոջը, թե աշխարհի բոլոր կանայք աշխարհի բոլոր անկյուններում նույնն են: Ի՞նչ եք կարծում, հայ կինն այսօր գնահատված է՝ ընտանիքից մինչև հանրություն:
- Տարածքը, միջավայրը կնոջ ինքնատիպության ձևավորման համար մեծ նշանակություն ունի, այս կամ այն միջավայրում ապրող կինը ուզի թե չուզի դառնում է դրա «պրոդուկտը»: Հայ կինը մի քիչ փոխվել է, ես չգիտեմ այն ժամանակ էր լավ, թե հիմա, բայց հայ կնոջ այսօրվա ակտվությունն ինձ դուր է գալիս, ներքին ակտիվություն կա ապրելաձևի, մտածելակերպի մեջ: Բայց նաև մի բան եմ նկատել, որ շատ կանայք չեն համապատասխանում իրենց աշխատանքի տեղին, մասնագիտությանը, այդպես էլ կա՝ պատահական կնոջը, պատահական աշխատանք են տալիս: Ընդհանուր առմամբ, կինն իրեն լավ է զգում հանրության մեջ, բայց նույնը չեմ կարող ասել ընտանեկան առումով: Տղամարդու դերն իջել է, ոչ բոլոր տղամարդիկ են մտածում այնպես ինչպես ես, խեղճացել են, մինչ անգամ հագուկապի, կեցվածքի մեջ է զգացվում, դա էլ սոցիալական հարցերի հետևանք է: Ընտանիքը պիտի ինչ-որ չափանիշների ենթարկվի՝ մեկ է բնությունը ստեղծել է կին և տղամարդ՝ իրենց դերերով:
-Այո՛, թվում է, թե բնությունը ի սկզբանե որոշակի սուբորդինացի է սահմանել, ոմանք դրան հակադրվում են, ոմանք՝ հոժարակամ ընդունում: Կանայք նույնքան հոժարակամ ու սիրով էլ տղամարդու կողմից քնքշությունն են ընդունում, Ձեր կյանքում կա՞ն կանայք ում հատկապես քնքշությամբ եք վերաբերվում:
-Ո՞նց կարող է չլինել, 75 տարի ապրում եմ, 30 տարի առաջ էլ, 20 տարի առաջ էլ՝ տերյանական զգացումներ եմ տածել, որ առ այսօր հիշում եմ: Քնքշությամբ ես վերաբերվում նրան, ում չես ուզում կորցնել: Ես կյանքում մեկ անգամ եմ ամուսնացել, իմ կինը հրաշալի կին էր, ազգությամբ ռուս էր, անցած տարի մահացավ, նա էլ փոխադարձար այնքան քնքուշ վերաբերմունք ցուցաբերեց իմ հանդեպ: Գտնում եմ, որ իր արժանիքներից մեկն է, որ ես այսպիսի նկարիչ եմ դարձել: Իր գնալով՝ իմ արվեստը մեծ ցավ ապրեց, վերջերս նկարեցի մի նկար, որն էլի իրեն է նվիրված, բայց լրիվ տառապանք է: Կորստի ցավը շատ մեծ է, բայց դու շարունակում ես ապրել, պիտի կարողանաս ապրել, բոլորս էլ մահկանացու ենք, դու՞ էլ սկսես տրագեդիա ապրել, սուտ է, ինչքան էլ «Ռոմեո և Ջուլիետ» խաղաս... կյանքը շարունակվում է: Ցավից հագենում ես, ցավը դառնում է հարազատական, բայց պիտի կարողանաս դրանից դուրս գալ:
-Ձեր կորստի վերքը չենք փորփրի, բայց շատ հաճախ սիրելիների մահանալուց հետո ենք հասկանում՝ ինչեր չենք ասել ու որքան ենք ուշացել, հասցրե՞լ եք ժամանակին անհրաժեշտն ասել, սիրել, հոգ տանել և, ինչու ոչ, սայթաքումներից հետո ներողություն խնդրել:
-Կինս այնքան ազնիվ էր, այնքան մաքուր էր, եթե մի սխալ եղել է, իմ կողմից է եղել, այն ժամանակ էլ հասկանում էի, կարող եմ ասել, որ հեշտ է ներել: Ես իմ էությամբ սեփականատեր եմ՝ «собственник», նաև իմ կնոջ հարցում եմ այդպիսին եղել, բայց եթե ինքը այդպիսին լիներ, իմ սահմանները նեղացներ, կհեռանայի: Հարաբերություններում նաև պատասխանատու եմ եղել, ու մի բան եմ հասկացել՝ ինչքան որ դու ես տալիս, պետք է նույնքան ստանաս, հակառակ դեպքում նա ով շատ է տալիս, շատ է տանջվում: Ինձ միասեր՝ «однолюб» էլ չեմ համարում, ու դա էլ չեմ հասկանում, երբ ասում ես՝ «однолюб» չես, բոլորը միայն դավաճանություն են հասկանում, բայց պիտի կարողանաս սիրել, ընկերություն անել, տեսնել գեղեցիկը: Բայց դե, ինչքան էլ «однолюб» եմ, «собственник» եմ, ինչ եմ, բարի եմ՝ կինս լինի, ընկերուհի, ծանոթ, մտածում եմ՝ ամեն ինչ Աստծո ձեռքում է, կյանքը քոնն է, դու պիտի այնպես անես, որ քո միջավայրին բարություն տաս:
-Պարոն Միրզոյան, դասավանդում եք Գեղարվեստի ակադեմիայում, հայրեր և որդիներ բախումը սերունդերի միջև թերևս անխուսափելի է, հե՞շտ եք կարողանում հաղթահարել սերունդների տարբերությունը, մի անգամ ասել եք՝ ժամանակից հետ չպիտի մնաս:
-Այս տարի լրանում է 50 տարին, որ Գեղարվեստի ակադեմիայում եմ: Մարդիկ կան, որ ժամանակի անցումը չեն զգում,մտածում են՝ իրենք ճիշտ են, մյուսները՝ սխալ: Սա երիտասարդների ժամանակն է, պիտի այնքան խելոք մարդ ու դասախոս լինես, որ կարողանաս իրենց հասկանալ: Ինքը քեզ չի հասկանում, որովհետև դեռ երիտասարդ է, իրեն թվում է իր «թուրը կտրում է», ինքը ամենալավ նկարիչն է, բայց դու պիտի իրեն չսպանես, չկոտրես, թե չէ ինքը քեզ չի հարգի: Երիտասարդներից շատ բան եմ վերցրել՝ նոր մտածելակերպը, որ խաղից դուրս չմնամ, եթե խաղից դուրս մնացիր, լինելու ես թոշակառու մարդ, բայց ես պիտի այսօրվա շնչով ապրեմ:
-Պարոն Միրզոյան, թույլ տվեք զրույցն ավարտել օրվա խորհրդին վերադառնալով, ի՞նչ եք հատկապես նախընտրում նվիրել կանանց, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում նվերներ տալիս:
-Եղել են և դեպքեր, որ նվիրել եմ իմ կտավներից... Նախ կնոջը պետք է սիրել անկախ տոներից: Նվերներ միշտ եմ արել՝ այդ թվում Մարտի 8-ին, մտածել եմ, որ սերը առաջանում է հոտից, հոտն է տղամարդուն ու կնոջը մոտիկացնում իրար, ու հիմնականում օծանելիք եմ նվիրել, հատկապես արտասահմանից գալիս, աղջիկներիս էլ՝ հագուստ: Եթե անկեղծ լինեմ, միշտ կարևորել եմ, որ բույրը առաջինը ինձ դուր գա, դե արդեն ասացի՝ ես «собственник» եմ:
Հարցազրույցը վարեց՝ Մարիամ Մկրտչյանը