Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նոր այցելության մասին դեռ չեմ կարող հաստատել որևէ բան»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայերին այցելություններին:
20 օր և ավելի հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի կյանքին այս պահին փաստացի վտանգ է սպառնում՝ նրա հյուծված նկարները, օրեցօր վատացող առողջական վիճակը դրա ապացույցն է, ԿԽՄԿ-ն միակ անկախ միջազգային մարմինն է, որը նրան այցելում է, կրու՞մ է այս մարմինը որևէ պատասխանատվություն վատագույն ելքը կանխելու համար.«ԿԽՄԿ-ն ազատազրկման վայրերում հացադուլ հայտարարած մարդկանց, բնականաբար, հատուկ ուշադրություն է ցուցաբերում: Դա նշանակում է անհրաժեշտության դեպքում ավելի հաճախ տեսակցություններ: Վերջին անգամ մեր տեսակցությունը փետրվարին վերջին է եղել, մենք նրան տեսակցել ենք մեր պատվիրակ արտասահմանցի բժշկի հետ, անհրաժեշտության դեպքում նաև մեր կազմակերպության բժիշկը կարող է իր կողմից անկախ զննում իրականացնել, սակայն բուժմանը կամ առողջությանը հետևելով զբաղվում են իր համար պատասխանատու իշխանությունները, բուժօգնության առկայությունը, հասանելիությունն ապահովում են իշխանությունները»:
Ամատունուց հետաքրքրվում ենք, եթե հացադուլ հայտարարած անձանց հնարավորության դեպքում ավելի հաճախ կարող են այցելել, ապա ինչու են վերջին անգամ այցելել փետրվարի վերջին, նա նշեց, որ այցելությունները սպոնտան բնույթ չեն կարող գրել, դրանք նախապես պետք է համաձայնեցվեն պաշտոնական Բաքվի հետ:
ԿԽՄԿ-ն ներկայացուցչությունը փակելու Ադրբեջանի մտադրությունը հայաստանյան հանրության շրջանում բավական մեծ մտահոգություններ է առաջացրել, եթե ահազանգերը դուրս գան Հայաստանի սահմաններից ու միջազգային հարթակում էլ տարածվեն, հնարավո՞ր է՝ սա դառնա ճնշող գործոն և ստիպի փոխել Ադրբեջանի մտադրությունը, նման նախադեպեր եղե՞լ են. «Նման բան ինքս չեմ կարող մտաբերել, քանի որ առհասարակ կազմակերպությունն իր երկխոսությունը վարում է իշխանությունների հետ և դրա հիման վրա է աշխատում, չեմ կարծում, շատ անհավանական է, որ նման նախադեպ ունենանք»:
Իսկ թե ինչ հետևանքներ կունենա միջազգային դաշտում Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակը փակելը Ամատունին չմեկնաբանեց՝ նշելով, որ հարցն իրենց կառույցի տիրույթում չէ:


