Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քնի խանգարումներով դիմողների թիվը վերջին տարիներին միանշանակ մեծացել է, հիմնական պատճառների ցանկում է գերծանրաբեռնված առօրյան»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հերացի համալսարանական հիվանդանոցի Նյարդաբանական ծառայության նյարդաբան Հասմիկ Մանուչարյանը:
Մարտի 18-ը նշվում է որպես քնի համաշխարհային օր:
Վերջին տարիների համաշխարհային հետազոտություններից մեկի համաձայն` աշխարհում շուրջ 260 միլիոն մարդ տառապում է անքնությամբ, քնի խանգարումներով:
Նյարդաբան Հասմիկ Մանուչարյանի խոսքով, թեև քնի խանգարման տարբեր տեսակներ կան, բայց ամենատարածվածներից է հենց անքնությունը ու եթե ժամանակին խնդրի «մենաշնորհը» մեծահասակներինն էր, հիմա երիտասարդների շրջանում էլ նկատելի է.«Քնի խանգարումը, անքնությունը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ, շուտ արթնացում, մեկն օրինակ շուտ քնում է, բայց 4 ժամ հետո արթնանում է, մյուսը չի կարողանում քուն մտնել,ու արդյունքում քնի ժամանակահատվածում անձը չի կարողանում լիարժեք վերականգնել աշխատունակությունը, ուժերը և անմիջականորեն վատանում է կյանքի որակը»:
«Ժամանակի հետ երիտասարդների մոտ էլ է այդ խնդիրը բավականին արդիական դարձել՝ կապված է հերթափոխով աշխատանքի, համակարգչի առաջ երկարատև աշխատանքի, հեռախոսով մշտապես զբաղվելու հետ, հատկապես քնելուց առաջ հեռախոսի կապույտ լույսն անմիջականորեն ազդում է քնի որակի վրա»:
Իսկ արդեն մեծահասակների դեպքում գլուխ են բարձրացնում սոմատիկ խնդիրները.«Քնի խանգարումը շատ հաճախ ասոցացվում է օրգանական ախտահարումների հետ: Կարող է լինել գլխուղեղի ախտահարումների, տարած կաթվածների, Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդության, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, էնդոկրին խանգարումների, վահանաձև գեղձի դիսֆունկցիայի, շաքարային դիաբետի և այլ տարատեսակ հիվանդությունների հետևանքով, տարբեր հիվանդությունների դեպքում նշանակվող միզամուղ դեղամիջոցները ևս կարող են քնի խանգարման պատճառ դառնալ՝ անընդհատ արթնացման հանգեցնելով»,- պարզաբանեց մասնագետը և հիշեցրեց, որ ասթմայի դեպքում առաջացող շնչահեղձությունը, վիտամին D-ի պակասը, որը շատ դեպքերում մասնակցում է մելատոնինի՝ քնի հորմոնի արտադրմանը, ևս կարող են դառնալ քնի խանգարումների պատճառ:
Մասնագետն առաջարկեց չանտեսել նաև հոգեկան վիճակի և քնի միջև անմիջական կապը.«Շատ դեպքերում քնի խանգարումների պատճառը պսիխոէմոցիոնալ վիճակն է՝ սթրեսը, դեպրեսիան, վատ մտքերով են քնում, ընկճվածությամբ, գերլարված, որը ոչ միայն ազդում է քնի որակի վրա, այլ հանգեցնում է մղձավանջային երազների: Այս դեպքում արդեն նյարդաբանի աշխատանքի կարիք է զգացվում»:
Նյարդաբանը մտահոգվեց, որ մեր հանրության շրջանում չի պահպանվում քնի հիգիենա ասվածը, որի անմիջական հետևանքն էլ հոգնածության զգացումն է, դյուրագրգիռ վիճակը, քնից հագեցած չլինելը:
Ահա քնի հիգիենայի պահպանման մի քանի կարևոր կանոններ՝
- Փորձել մշակել նույն ժամերին քնելու և արթնանալու ռեժիմ,
- Անկողինը ասոցացնել քնելու հետ, անկողնում չսնվել, գաջեթներից չօգտվել արթուն վիճակում անկողնում երկար ժամանակ չանցկացնել,
- Ակտիվ ֆիզիկական աշխատանք և մարզանք կատարել միայն օրվա առաջին կեսին, իսկ զբոսանքը քնելու ժամերին մոտ կարող է նպաստել քնի որակի բարելավմանը,
- Երեկոյան ժամերին մեծ քանակով սնունդ ընդունելուց, խուսափել նաև 17:00-ից հետո խուսափել կոֆեին պարունակող ըմպելիքներից
- Սխալ է պառկել քնելու զայրացած, նեղացած, դյուրագրգիռ վիճակում,
- Վերացնել աղմուկի աղբյուրները,
- Խուսափել ցերեկային ժամերին քնելուց:
Նյարդաբանի խոսքով, ցերեկվա քունը միանշանակ չի փոխարինում գիշերվա քնին, անգամ եթե գիշերը 4 ժամ քնելու փոխարեն ցերեկը 10-ը ժամ քնեն, քանի որ գիշերն է արտադրվում քնի հորմոնը՝ մելատոնինը.«Շատ դեպքերում կարող է մարդը քնի 7-8 ժամ, բայց ցերեկային քնկոտություն էլ ունենա, դա էլ կարող է երկրորդային ինչ-որ խնդրի հետևանք լինել, կամ կարող է 7-8 ժամից ավելի քնել, եթե նման կարիք է ունենում միգուցե դա ևս առողջական կամ հոգեբանական խնդիրների հետևանք է»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ լավագույն տարբերակն է քնել մինչև 24:00-ն: Թեև նկատում է, որ վերջին տարիներին անգամ երեխաների քնի ռեժիմն է փոխվել, եթե սովորաբար քնում էին 21:00-22:00-ն, ապա հիմա ավելի ուշ, ինչը մասնագետը ևս կապում է գաջեթներ օգտագործելու հետ:
Մասնագետը նկատեց, որ ցերեկային քնի ցանկություն հատկապես առաջանում է ցերեկվա ճաշից հետո. արյան շրջանառությունը կենտրոնանում է աղեստամոքսային տրակտի վրա, և գլխուղեղի աշխատանքը փոքր-ինչ վատանում է:
«Որակապես լավ քունը ունի հակածերացնող, հակաքաղցկեղածին և հակասթրեսածին, միտքը պայծառացնող հատկություն»,- եզրափակեց նյարդաբան Հասմիկ Մանուչարյանը: