Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների առնչությամբ «Զարկերակ» լրատվականը խոսել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության ղեկավար Անուշ Ասլանյանի հետ։
Տիկին Ասլանյան, ինչպես ե՞ք գնահատում Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վիճակը։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վիճակը, եթե համեմատենք մոտ 10 տարվա վիճակի հետ, ապա համեմատաբար դեպի դրականը փոփոխություններ են եղել: Օրինակ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի ընդունումը, որով վերջնականապես ունեցանք իրավունքահեն օրենք, ի տարբերություն նախորդ տեսակի, որը հիմնված էր ավելի շատ բժշկական մոդելի վրա։ Կարող եմ նաև նշել, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, ինչը ևս գնահատում ենք շատ բարձր: Մշակվել են նաև մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնց համաձայն, ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի, մշակվել են որոշ բարեփոխումներ՝ անձնական օգնականի տրամադրման կարգը, հաշմանդամության ֆունկցիոնալության գնահատումը և այլն: Այստեղ որպես խնդիր կարձանագրեմ այն, որ օրենքում ամեն ինչ լավ է գրված, սակայն, երբ արդեն գալիս ենք գործնական դաշտ, ապա նկատում ենք որոշ խնդիրներ և, այս առումով, շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը մասնակցեն այդ խնդիրների լուծմանը:
Ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու համար։
Եթե ուզում ենք ավելի բարենպաստ դարձնել միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար, ապա շատ կարևոր է, որպեսզի որևէ ենթաօրենսդրական ակտ կամ ծրագիր մշակելիս, բարեփոխում կատարելիս անպայման հաշվի առնվեն հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպությունների կարծիքը: Իհարկե, որոշակի թափանցիկություն կիրառվում է, քննարկում տեղի է ունենում, սակայն, երբ արդեն տեսնում ենք վերջնական պրոդուկտը՝ նկատում ենք, որ քննակումից հետո, առանց մեր կարծիքը հաշվի առնելու, փոփոխություններ են տեղի ունեցել վերջնական տարբերակում: Արդյունքում, ստացվում է, որ եղել է քննարկում, մեր կարծիքը հարցրել են, բայց պրոդուկտը վերջնականացնելիս այն փոփոխել են: Ցանկանում եմ նաև նշել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում ահռելի ծավալներով շինարարական աշխատանքներ: Այստեղ շատ կարևոր է մատչելիության ապահովումը ոչ միայն ֆիզիկական տեսանկյունից խնդիրներ ունեցող անձանց, այլ նաև տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Դա կլինեն մայթերը, որոնք, այո, ունեն թեքահարթակներ, սակայն մեր կազմակերպությունը Վանաձոր քաղաքում դիտարկում է արել և արձանագրել խախտումներ: Շատ կարևոր է նաև ուղորդող սալիկների առկայությունը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, փողոցներում ձայնային լուսացույցների առկայության անհրաժեշտությունը: Նաև շատ կարևոր է, երբ իրականացվում է որևէ հանրային տարածքի մատչելության գնահատում հրավիրեն նաև հաշմանդամություն ունեցող անձի՝ տեղում փորձարկում իրականացնելու նպատակով:
Հետևելով ոլորտում Ձեր ակտիվ գործունեությանը, նկատում ենք որ հաճախ եք մասնակցում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպվող միջոցառումներին, այդ թվում՝ խորհրդի նիստերին, մարզերում տեղի ունեցող քննարկումներին։ Կխնդրենք, ներկայացնել այդ քննարկումների կարևորությունը, որքանով են նպաստում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանմանը, միգուցե դրանց լուծմանը։
Մեր կազմակերպությունը պարբերաբար և ակտիվ մասնակցում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպվող ցանկացած քննարկման: Սա շատ կարևոր է, քանի որ կարող ենք ասել, որ նավարկում ենք միասին և առկա խնդիրները երկուսիս էլ հուզում են, երկուսիս էլ հետաքրքրում: Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի հետ համագործակցությունը մեզ համար առաջնային է:
Ընդհանրապես, ինչպես կգնահատեք Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այդ ոլորտում։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հայաստանում կգնահատենք բարձր և թափանցիկ, որովհետև որևէ խնդրի անդրադառնալիս իրենք անպայման համագործակցություն են ցուցաբերում: Այլ հարց է, թե արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները ամբողջությամբ բավարարում են, որպեսզի խնդիրը ոչ միայն բարձրացվի, այլ նաև իրականացվի, ապա այս տեսանկյունից դեռևս փոքրիկ խնդիրներ ունենք:
Օրերս Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի նախանիստին և ներկայացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության վերաբերյալ ՄԻՊ այլընտրանքային զեկույցը, ծանո՞թ եք այդ զեկույցին։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի վերաբերյալ այլընտրանքային զեկույց մշակելիս մշտապես հանդիպումներ է իրականացրել հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ մեզ հետ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների կարծիքը ևս լսի: Դա շատ կարևոր է և բարձր ենք գնահատում, որովհետև մենք պետք է խոսենք մեկ լեզվով և մեր խոսքը ներկայացվի արդեն հիմնավորված և բազմակողմանի ներգրավվածության արդյունքում:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև հրապարակել է տարեկան հաղորդում, որում Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին նվիրված է բաժին։ Արդյո՞ք այն պատշաճ է ներկայացնում ոլորտում առկա խնդիրները: Այդ խնդիրների հավաքագրմանը արդյո՞ք մասնակցել են քաղհասարակությունը, այդ թվում՝ նաև Դուք։
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդմանը, ապա նշեմ, որ տարիներ առաջ մեր կազմակերպությունը բարձրաձայնել էր 2020 թվականին Վանաձորի Շառլ Ազնավուրի մշակույթի պալատի առջև գտնվող թեքահարթակի ապամոնտաժման հարցը և ներգրավվել ենք այդ պրոցեսում նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպեսզի այդ հարցը բարձաձայնվի: Տեղյակ ենք նաև, որ այդ հարցը ներառվել է նաև տարեկան հաղորդման մեջ, ինչը չափազանց կարևոր է իրազեկման տեսանկյունից: Դեռևս այդ խնդիրի ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում, բայց այն, որ համագործակցություն եղել է՝ շատ բարձր ենք գնահատում:
Շարունակելով թեման, արդյո՞ք տարեկան հաղորդման մեջ ներկայացված առաջարկությունները գործնականում հնարավոր է կիրառել, և ինչ կտա դա ոլորտում խնդիրների լուծման տեսանկյունից։
Այստեղ պետք է կրկնվեմ՝օրինակ բերելով Շառլ Ազնավուրի մշակույթի պալատը: Այս հարցում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մեր համակիրն է և աջակցում է մեզ խնդիրն ավելի բարձր մակարդակով բարձրաձայնելու տեսանկյունից: Իհարկե, դեռևս կան աշխատանքներ, սակայն համագործակցությունը շարունակվում է: Վերջերս կրկին մենք այս հարցը բարձրաձայնել ենք, քանի որ տեղեկացել ենք, որ վերանորոգման աշխատանքներ են ընթանալու այդ մշակույթի օջախում և գրությամբ դիմել ենք տարբեր մարմինների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն, ԿԳՄՍ նախարարություն, Լոռու մարզպետարան, Վանաձորի համայնքապետարան: Հուսանք, խնդիրը վերջնականապես կլուծվի։