Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ինչպես տեսանք՝ ստորագրվեց համատեղ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փաստաթուղթ և ասուլիսի ժամանակ էլ կողմերն ասացին, որ որոշակի առումով որոշել են կենտրոնանցնել իրենց աշխատանքն այն հատվածներում, որտեղ համընկնում են մոտեցումները և ավելի քիչ ուշադրություն դարձնել այն խնդիրներին, որոնք կան երկու երկրների փոխհարաբերություններում: Ակնհայտ է, որ այստեղ նաև Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու հետ կապված անհանգստություն կա, և Լավրովը դա չէր թաքցնում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցին՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Անդրադառնալով ՀՀ և ՌԴ արտգործնախարարների ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին՝ Ղևոնդյանը նշեց. «Արարատ Միրզոյանը ոչ մի դեպքում, եթե Հայաստանին էր վերաբերում հարցը, թույլ չտվեց, որպեսզի Լավրովի շահարկումներն անարձագանք մնան, Միրզոյանը հստակորեն պատասխանեց բոլոր այն շահարկումներին, որոնք Լավրովը փորձում էր հրամցնել հայ հասարակությանը: Ես չեմ հիշում Հայաստանի անկախության պատմության ընթացքում որևէ ՀՀ արտգործնախարարի, որ այսքան համարձակ արձագանքեր ՌԴ նույնիսկ ավելի ցածր աստիճանի պաշտոնյաների հայտարարություններին»:
Քաղաքագետի խոսքով՝ Լավրովը հիմնականում խոսում էր երկու բանի մասին. «Առաջինը՝ հայ-ռուսական հարաբերություններն էին, երկրորդը՝ Ռուսաստան-Արևմուտք հակասությունը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Նա ակնհայտորեն հնչեցնում էր շահարկումներով լեցուն, իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարություններ՝ կապված ինչ-որ ֆաշիզմի, Ուկրաինայում ռուսերենն արգելելու և այլնի մասին: Այլ հարց է, որ Հայաստանի հետ կապված հարցերում բավականին զգույշ էր, շատ կոշտ և կոպիտ հայտարարություններ չէր անում, մեկ անգամ էթիկայից դուրս հայտարարություն արեց, որ Հայաստանը պետք է մտածի, թե ումից զենք գնի, ՀՀ-ն մտածել և որոշել է՝ ումից է զենք գնում: Մնացած դեպքերում հիմնականում հավասարակշռված էր՝ հաշվի առնելով, որ նա Երևանում էր, Մոսկվայում մի փոքր ավելին է իրեն թույլ տալիս»:
Անդրադառնալով 2022 թվականին Ջերմուկի դեպքերի ժամանակ ՌԴ-ի արձագանքի վերաբերյալ Լավրովի պատասխանին՝ Ղևոնդյանն ասաց. «Լավրովն ակնհայտորեն խուսափեց բուն հարցին պատասխանելուց, հարցը ՀԱՊԿ-ին չէր վերաբերում, հարցը ՌԴ-ի արձագանքին էր վերաբերում, Լավրովը գնաց այն դաշտ, որտեղ ավելի հեշտ էր շահարկումներ կատարել: Լավրովը երկրորդ անգամ էլ խուսափեց ուղիղ պատասխանել հարցին, թե ինչու Ռուսաստանն իր պարտավորությունները չկատարեց»:
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ մեղադրանք հնչեց նաև ՀՀ-ի հասցեին. «Մեղադրանք եղավ այն մասով, որ հայկական կողմը մերժել է ռուսական առաջարկները կամ ավելի կոնկրետ Լավրովի պլանը, բայց դրան շատ լավ պատասխանեց ՀՀ արտգործնախարարը՝ նշելով, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո «Խովաևի պլան»-ն էլ իրականություն չդարձավ, երբ ՌԴ-ն այլ տարբերակ էր առաջարկում, ՀՀ-ն համաձայնեց, Ադրբեջանը դրան չհամաձայնեց: Ինչու է Ռուսաստանը Հայաստանին մեղադրում, երբ Ադրբեջանը չի համաձայնել դրան: Այն, ինչի մասին խոսում էր Լավրովը՝ նորից շահարկում անելով և չներկայացնելով ամբողջությամբ, վերաբերում էր ոչ մի բանի դիմաց տարածքներ տալուն և հետագայում հնարավոր խաղաղության պայմաններում բանակցությունները շարունակելուն, ինչը որևէ երաշխիք չուներ: Եթե ՀՀ-ն դրան համաձայներ, ապա պատերազմը գուցե ավարտվեր տասը օր հետո և Արցախի ամբողջ հայաթափմամբ՝ գուցե Սյունիքն էլ հետը»:
Խոսելով ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ քաղաքագետն ընդգծեց. «Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ավելի տարանջատման են գնում, անվտանգության ոլորտում արդեն շատ մեծ տարանջատում գոյություն ունի, շատ հարցերում ընդհանրապես փոխըմբռնում չկա, օրինակ՝ Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման հարցում տեսանք, որ Լավրովը շատ անհանգստացած է, կան իհարկե ոլորտներ, որտեղ համագործակցությունը դեռևս շարունակվում է, նույնիսկ խորանում ՝ օրինակ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցում: Եթե, ընդհանուր առմամբ, գնահատենք, ապա կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի տարանջատում է տեղի ունենում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը խզում է կապերը Ռուսաստանի հետ, դա նշանակում է, որ նախկին ազդեցությունը, որն ունեցել է Ռուսաստանը և դեռևս ունի, որոշակիորեն նվազել է և շարունակում է նվազել»: