Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անդադար կապի մեջ եմ, նրանց համար իրոք դժվար է, բայց բոլորը դիմանում են, քանի որ Իսրայելի քաղաքացիներ են, նրանք պատերազմի ամբողջ ցավն իրենք էլ զգում են»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը՝ անդրադառնալով Իսրայելի հայ համայնքում ստեղծված իրավիճակին:
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին։ Գործողության հայտարարված նպատակն էր խափանել Թեհրանի աշխատանքը միջուկային ծրագրի վրա։ Ի պատասխան՝ իրանական կողմը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին:
Նա նշեց, որ հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, հրթիռակոծության հետևանքով հայկական հաստատություններ չեն տուժել: Սակայն իրավիճակը բնորոշեց որպես շատ ծանր.«Սարսափելի է, երբ գիշերը միանում են տագնապի ազդանշանները, մարդիկ ստիպված են լինում թաքնվել, ով ապաստարան ունի այնտեղ է թաքնվում, մյուսները նկուղ են իջնում կամ աստիճանների տակ պատսպարվում»:
Ըստ նրա, մայրաքաղաք Թել Ավիվից բացի հայաշատ այլ քաղաքներ էլ կան, որոնք հարվածների թիրախ են դարձել՝ Հայֆա, Պետախ Տիկվա, Բաթ Յամ և այլն, այնտեղ էլ իրավիճակը նույնն է, ինչ երկրի կենտրոնում:
«Հիմա Իսրայելի օդային տարածքը փակ է, օդանավակայանները փակ են, ոչ կարող են երկրից գնալ, ոչ էլ մուտք գործել»,- ասաց մեր զրուցակիցը: Ըստ նրա, օդային հաղորդակցությունը վերականգնման դեպքում հայ համանքից կլինեն մարդիկ, ովքեր ժամանակավորապես կցանկանան տեղափոխվել Հայաստան:
«Մարդիկ արդեն համակերպվում են իրավիճակին՝ դրա բոլոր սարսափներով հանդերձ: Անգամ ՝ հնարավորության դեպքում գնում են աշխատանքի»,- ասաց Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը:
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից էլ Zarkerak.am-ին հայտնեցին, որ Իսրայելից ու Իրանից ՀՀ տեղափոխվելու հետ կապված հայտեր չեն ստացել, երկու երկրներում էլ հայերի շրջանում տուժածներ չկան։


