Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Անգամ մեկ տարի առաջ փոխնակ մայրության վարձատրությունը շատ ավելի ցածր էր, քան այսօր: Նախկինում կազմում էր մինչև 15 հազար դոլար, որից 12 հազար դոլարը վճարվում էր ծննդաբերությունից հետո, իսկ երեխայի սրտի զարկերը լսելուց հետո ամեն ամիս փոխնակ մորը վճարվում էր 150 հազար դրամ՝ առօրյա ծախսերի համար: Հիմա փոխնակ մայրության միջին գումարը 20-25 հազար դոլար է, բացառիկ դեպքերում՝ 30 հազար դոլար»,- Zarkerak.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ-ում փոխնակ մայրության պահանջարկին ասաց Պտղաբերության կենտրոնի վարչական բաժնի ղեկավար Իլոնա Բադալյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին տարիներին փոխնակ մոր ծառայություններից օգտվելու դեպքերը մոտ 70 տոկոսով աճել են: Համացանցում փոխնակ մայր փնտրելու տարատեսակ հայտարարություններ կան, քիչ չեն նաև փոխնակ մոր ծառայություններ առաջարկողները՝ հայտարարություններում կարմիր թելով անցնում է գաղտնիությունը պահելու սկզբունքը:
Իլոնա Բադալյանի դիտարկմամբ, եթե օրինակ այս թեման տասը տարի առաջ շատ ավելի փակ էր, հիմա նկատվում է մտածելակերպի փոփոխություն՝ թե ծառայությանը դիմողների, թե փոխնակ մայր դառնալ ցանկացողների շրջանում.«Ցանկացած փոխնակ մոր համար սա դժվար որոշում է, բայց ինչպես փորձն է ցույց տալիս, դիմելու տենդենցն աճում է, այստեղ բժիշկն էլ դեր ունի՝ խոսել այնպես, որ փոխնակ մայրության համար դիմողն իրեն թեթևացած զգա, զրույցում շեշտում ենք՝ երեխա ունենալ ցանկացող զույգը ձեզ է օգնելու լուծել ֆինանսական խնդիրները, դուք՝ զույգին հրաշք եք պարգևելու»:
«Հիմա մեծամասնությունը դիմում է ֆինանսական խնդիրներից ելնելով, երբ ուրիշ ելք չունեն, օրինակ՝ տունն է գրավի տակ, գումար է պետք, կամ տուն են ուզում գնել՝ սա դիտում են որպես առաջնային ներդրում: Բայց մոտ 20 տոկոս դեպքերում էլ դիմում են զուտ որպես լավ գործ, հատկապես զինվորների ծնողների դեպքում կան կանայք, որ ուզում են նրանց կրկին երեխա պարգևել»:
Անկախ դիմելու հանգամանքերից, փոխնակ մայրը պետք է պարտադիր համապատասխանի որոշակի պահանջների. նման իրավունք ունեն 20-ից 38 տարեկան կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և ունեն առնվազն մեկ երեխա։ Եթե փոխնակ մայրն ամուսնացած է, ապա ծրագրին անհրաժեշտ է ամուսնու համաձայնությունը: Կինը չի կարող փոխնակ մայր լինել ավելի քան երկու անգամ.«Նախկինում փոխնակ մայր լինելու հնարավորություն ունեին մինչև 35 տարեկանները, տարիքային շեմի բարձրացմանը զուգընթաց դիմելիությունը ևս աճել է: Դիմում են և՛ 20-ից մինչև 30 տարեկանները, և՛ 30-ից բարձրերը այս առումով դիմելիությունը գրեթե հավասար է, դիմում են անգամ 20-22 տարեկանները: Մինչև 30 տարեկանում ավելի հեշտ են հղիանում և ծննդաբերում, 30-ից բարձրերի դեպքում երբեմն ավելի պրոբլեմատիկ է լինում՝ գալիս են միոմաներով, կիստաներով: Փոխնակ մոր վերաարտադրողականության պետք է իդեալական լինի, կարող է օրինակ ունենալ երկեղջյուր արգանդ կամ կեսարյան հատման հետևանքով սպի, բայց ինքն իր երեխային առանց խնդրի ունենա, մինչդեռ փոխնակ մայրության դեպքում այս ամենը հաշվի է առնվում: Եվ բնականաբար, շատ ավելի նախընտրելի է, որ արդեն իսկ ծննդաբերած լինի բնական ճանապարհով»:
Ամփոփելով ընթացիկ և նախորդ տարվա ցուցանիշները՝ մեր զրուցակիցը նշեց, որ զոհված զինծառայողներիի ծնողների դիմելիություն նվազել է, նրանք ավելի ակտիվ էին ներառյալ 2023 թվականը, 2024-2025-ին փոխնակ մայրությամբ այս ընտանիքներում ծնվել է 33 երեխա, պետությունը զոհվածների զինծառայողների ծնողների համար փոխնակ մայրությունը հովանավորում է: Ինչ վերաբերում է ծառայությունից օգտվել ցանկացող այլ զույգերին, պետական աջակցության ծրագրեր չկան:
«2024-2025-ին 93-ից ավելի փոխնակ մոր հետ կնքվել է նոտարի կողմից վավերացված պայմանագրեր: Անպտղությամբ զույգերի կողմից հիմա ավելի շատ է դիմելիությունը, հատկապես 2022-ից հետո անպտղության դեպքերը շատացել են, պատճառները տարբեր են՝ արգանդի հետ պրոբլեմներ, ձվարանային պաշարի բացակայություն, անգամ՝ 20 տարեկանում տարեկանում դիմում են փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար»:
![]()
Իլոնա Բադալյանը նկատեց, որ կա մեծ պահանջարկ, սակայն փոխնակ մայրերի պակաս էլ կա, հնարավոր է՝ մի քանի հարյուր հոգի դիմեն,պահանջներին մի քանի տասնյակը համապատասխանեն.«Փոխնակները քիչ են, հերթ է: Հիմա հայ կանայք Վրաստան էլ են գնում, այնտեղի վճարն ավելի բարձր է»: (Համացանցային տվյալների վերլուծությամբ՝ այս ծառայությունը հարևան երկրում կարող է հասնել և անցնել 70 հազար դոլարը):
Մեր զրուցակցի խոսքով, հազվադեպ լինում են դեպքեր, երբ զույգը ցանկանա, որ սուրոգատ մայրը տեղափոխվի արտասահման՝ հղիության հանգամանքը գաղտնի պահելու համար, լինում են նաև դեպքեր որ սուրոգատ մայրերն իրենք են ցանկանում հղիության վերջին ամիսներին առանձնանալ, որ ընտանիքի անդամներից բացի ոչ ոք չիմանա կարգավիճակի մասին:
Մեր զրուցակիցը չմտաբերեց ֆորս-մաժորային դեպքեր, երբ օրինակ սուրոգատ մայրը երեխային չի ցանկացել տալ ծնողներին կամ անբարեխիղճ է գտնվել.«Աշխատում ենք, որ փոխնակ մայրը լինի շատ պատասխանատու, գիտակցի ինչի համար է այդ քայլին դիմում: Ծննդաբերությունից հետո նաև ԴՆԹ թեստ է արվում, ապացուցվում է, որ երեխան ընդհանրապես կապ չունի սուրոգատ մայրիկի հետ, հետո միայն նրան հանձնում են ծնողներիին: Եղել են դեպքեր, որ փոխնակը հրաժարվել է հղիությունը կրելուց, այդ դեպքում փոխհատուցել է այն գումարը, որն իր վրա ծախսել է կլինիկան ու պայմանագիրը խզել ենք»,- նշեց Իլոնա Բադալյանը՝ հիշեցնելով, որ փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:
«Ծննդաբերելուց հետո երեխային սուրոգատ մորը չեն մոտեցնում, չեն թույլատրում նաև կերակրել, միանգամից երեխային տանում են, որպեսզի որևէ մայրական զգացմունք չարթնանա, արդեն իսկ ծննդաբերությունն այս կանանց համար մեծ սթրես է, դրան գումարած, եթե երեխային տեսնեն շատերն ավելի մեծ սթրես կտանեն»:




