Զարհուրելի պատկեր է մեր աչքի առաջ բացվում, երբ ծանոթանում ենք ծրագրավորված հեղաշրջման մանրամասներին ու նյութերին։ Սա ոչ միայն ահաբեկչություն էր լինելու, այլև ոճիր՝ սեփական պետության և ժողովրդի հանդեպ։
Հարցն այն չէ, թե ովքեր են իշխանության ղեկին, կամ որքանով է հանրությունը ընդունում, կամ չընդունում այդ իշխանությանը։ Հարցն այն է, որ ինչ-որ պատեհապաշտների խումբ որոշել է, որ միայն սահմռկեցուցիչ ոճիրով պետք է զավթել իշխանությունը։
Հայատանի պատմության վերջին 30 տարիների ընթացքում քիչ չեն եղել արյունալի իրադարձությունները։ Քաղաքական տասնյակ սպանություններ, քաղաքացիական ընդվզումների բռնի ճնշումներ, պետության ղեկավարների սպանություններ՝ այս ամենը Հայաստանի 30 տարվա պատմության անբաժանելի մասն են եղել։ Սակայն, այն ինչ պլանավորել էին այպես կոչված «Սրբազան» շարժման առաջնորդներն ու մասնակիցները ինչ-որ առումով աննախադեպ ոճիր կարող էր լինել, որովհետև թիրախը ոչ միայն իշխանության ներկայացուցիչներն էին, այլև սովորական քաղաքացիները։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը 30 տարի շարունակ գտնվել է հարձակման տակ և հարձակվող կողմի նպատակը ոչ միայն իշխանափոխությունը, կամ առանձին գործիչների վերացումն է, այլ պետականության կործանումը։ Ընդ որում, ուշագրավ է, որ այդ հարձակումների գլխավոր ուժը միշտ գործել է Հայաստանի ներսում, այլ կերպ ասած՝ դրսի հրամանով Հայաստանին հարվածել են ներսից, թիկունքից։
Եվս մեկ ուշագրավ փաստ՝ վերջին 30 տարիների ընթացքում՝ Հայաստանի իշխանության առաջնորդների, քաղաքական դեմքերի և ընդհանուր պետականության դեմ հարձակումների ժամանակ միշտ ակտիվ դերակատարում են ունեցել դաշնակցականները։ Եթե ուսումնասիրենք վերջին տարիների բոլոր ողբերգական իրադարձությունները, ապա կտեսնենք, որ դրանցում ներգավված մարդիկ կամ գործող, կամ նախկին դաշնակցականներ են։ Փաստորեն այնպես է ստացվել, որ «Նեմեսիս» գործողություններով հպարտացողները՝ Հայաստանի պատմության վերջին 30 տարիների ընթացքում «Նեմեսիս» են արել միայն Հայաստանի ներսում և Հայաստանի պետականության դեմ։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։