Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների պնդումները, թե «Հայաստանի գործող իշխանությունը պարտավորություններ է ստանձնել Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ»։
Լրագրողի դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Հայաստանի գործող իշխանությունը Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ պարտավորություն է ստանձնել, և եթե չկա նման բան, թող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասի՝ սուտ է, վարչապետն արձագանքեց՝ սուտ է։
Հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու, Փաշինյանը պատասխանեց. «Տալիս եմ երաշխիքներ, այո՛։ Երաշխավորում եմ, և դա կապված է այն բանի հետ, որ ասում եմ՝ Ղարաբաղի հարցը փակված է, Ղարաբաղի հարցը չի շարունակվելու, Ղարաբաղ վերադարձի թեմա չի լինելու, վերադարձի թեմա Նախիջևան չի լինելու, վերադարձի թեմա Բաքու չի լինելու, վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու, վերադարձի թեմա Կիրովաբադ չի լինելու, վերադարձի թեմա Եվլախ չի լինելու և այլն և այդպես շարունակ։
Այո՛, երաշխավորում եմ, դա անհեթեթ թեմա է, դա կոնֆլիկտի թեմա է, դա խաղաղության թեմա չէ, և դա այնքան ակնհայտ է։
Կրկին՝ սուտ է, և, այո՛, երաշխավորում եմ»։


