Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի կառավարությունը կրթության, առողջապահության զբաղվածության ուղղություններով շարունակական աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։
Աջակցության ծրագրերը՝ ստորև.
Սոցիալական աջակցություն
1. Ղարաբաղից տեղահանված 38,745 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն։

2. Ղարաբաղից տեղահանված 28,232 անձ ստանում է կենսաթոշակ և նպաստ։

3. Ղարաբաղից տեղահանված 1,000-ից ավել բուժաշխատողների ներգրավվել են ՀՀ առողջապահության համակարգում։

4. Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրի շրջանակում մայիսի 18-ի դրությամբ https://www.e-work.am/ հարթակում կա 201 հաստատված շահառու, որից 152 շահառուն ընդգրկված է բիզնես դասընթացներում:

5. Ղարաբաղից տեղահանված 182 անձ 2026 թվականի մայիսի 15-ի դրությամբ մասնակցել է կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրին։

6. Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի կեցության և այլ ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի շրջանակում 2026թ. ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել է 45,492 անձ, որոնց յուրաքանչյուր անձի համար վճարվել է 30,000 դրամ։

7. Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի 2026թ. ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել է 8,263 ընտանիք։ Ծրագրի պայմաններին համապատասխանող ընտանիքի համար աջակցության չափը 40,000 դրամ է։ Ընտանիքի երկրորդ անդամից սկսած ամեն անդամի հաշվով տրամադրվում է լրացուցիչ 10,000 դրամ։

Կրթական ոլորտ
8. 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ ուղեգրվել են Ղարաբաղից բռնի տեղահանված 435 ուսուցիչ։

Ուսման վարձավճարի փոխհատուցում, կրթաթոշակ
9. Լեռնային Ղարաբաղից տեղահանված և ՀՀ-ում արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստացող 3,054 ուսանող ստացել է կրթաթոշակ։

10. Ղարաբաղից տեղահանված մոտ 5,500 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1250951


