Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ծառուկյան Գագոն աշխարհաքաղաքական վերլուծությամբ է զբաղվել։ Լսի՛ր, դա քո ինչ խելքի բանն է։ Այս մասին այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քո կարծիքով՝ Հայաստանի ժողովուրդը մոռացե՞լ է քո իրական անունը։ Քո անվտանգությունը կկարողանա ապահովել միայն քրեակատարողական ծառայությունը։ Նույնը վերաբերում է կալուգացուն և Ռոբին և ձեր ամբողջ մաֆիային։ Այնպես որ, պատրաստվե՛ք»:
Փաշինյանը կրկին «Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» կուսակցություններն ու «Հայաստան» դաշինքն անվանել է լրտեսական ցանց, իսկ դրանց առաջնորդներին՝ «տականքներ»։
«Եռագլուխ կուսակցությունը չպետք է հաղթահարի խորհրդարան անցողիկ շեմը։ Դա Հայաստանի քաղաքացիների պատվի հարցն է»,-ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ ընդդիմությունը պետք է հիմնավորի 44-օրյա պատերազմի հետևանքով «5000 զոհի և 7000 վիրավորի մասին» իր հայտարարությունը։
«Ես թույլ չեմ տա նրանց խուսափել այդ հարցից։ Եթե նրանք մինչև քվեարկության օրը չհիմնավորեն այդ պնդումը, դա պետք է դառնա ևս մեկ փաստարկ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է հայտնվի «շեմից ներքև» և խորհրդարանում ոչ մի պատգամավոր չունենա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

